Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի արտաքին քաղաքական օրակարգը

Մարտ 04,2013 14:14

Պե՞տք է արդյոք ուշադրություն դարձնել դիտորդական առաքելությունների զեկույցներին՝ մեր ընտրությունների վերաբերյալ: Հավանաբար, պետք է. ոչ թե այն պատճառով, որ դրանք «պոլիտբյուրո» են եւ արտահայտում են վերջնական, անհերքելի ճշմարտությունը, այլ՝ որովհետեւ արտացոլում են Արեւմուտքի կամ Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի տարածաշրջանային դերի նկատմամբ: Հենց այդ տեսանկյունից էլ պետք է դիտարկել   ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի  շաբաթ օրը հրապարակված հետընտրական միջանկյալ զեկույցը:

Այդ փաստաթղթի հիմնական «բացասական կետերը» երեքն են՝

1. երեք հիմնական հեռուստաընկերությունների՝ հանրահավաքների ոչ բավարար լուսաբանումը,

2. այն փաստը, որ գլխավոր  դատախազությունը և ոստիկանությունը ընտրությունների հետ կապված 300 բողոք է ուսումնասիրել, դրանցից 10-ի առիթով քրեական գործ հարուցել,

3.  վերլուծությունը «խիստ մեծ համեմատականություն է ցույց տալիս ընտրողների բարձր մասնակցության եւ գործող նախագահ թեկնածուի ստացած ձայների միջեւ: Սա մտահոգություն է առաջացնում ընտրական գործընթացի վստահելիության նկատմամբ» (թարգմանությունը պաշտոնական չէ):

Ի դեպ, վերջին կետի վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը տվել է հետեւյալ բացատրությունը. «Իրենք արդեն նշում են, որ այն տեղամասերում, որտեղ մասնակցությունն անհավանական բարձր է եղել, այդ տեղամասերում «հաղթել է» գործող նախագահը, այսինքն, ակնհայտ է կեղծիքը եւ լցոնումների փաստը, իրենք արդեն ընդունել են դա զեկույցում»:

Դա բավականին ազատ մեկնաբանություն է՝ դիտորդները, ցավոք սրտի, չեն ընդունում  ակնհայտ կեղծիքի եւ լցոնումների փաստը: Բայց եթե նույնիսկ ընդունեին, ապա իրենց բոլոր դրական կամ բացասական գնահատականներից հետո կարեւոր կլիներ միայն մի նախադասություն՝ «մենք հորդորում ենք ԵԱՀԿ երկրներին չընդունել ընտրությունների արդյունքները» կամ դրա նման մի բան: Այդպիսի եզրակացությունների  են եկել միջազգային դիտորդները Հարավսլավիայի, Վրաստանի, Բելառուսի եւ մի շարք այլ երկրներում կայացած ընտրությունների վերաբերյալ: Հնարավո՞ր է արդյոք, որ նման գնահատական տրվի մեր դեպքում: Ոչ, դա բացառված է: Ինչո՞ւ:

Պատճառը պետք է փնտրել ոչ թե ընտրությունների արդարության կամ անարդարության մեջ, այլ արտաքին քաղաքական այն թեզերի հետ, որոնք առաջ է քաշում Րաֆֆի Հովհաննիսյանը:

1. Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը: Չքննարկենք, թե որքանով է դա ճիշտ կամ սխալ՝ չնայած կարելի էր նաեւ հարցնել ԼՂՀ ղեկավարության կարծիքը: Բայց այդպիսի ծրագիր ունենալն ուղիղ մարտահրավեր է ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրներին:

2. Հայ-թուրքական արձանագրություներից պետք է ամբողջությամբ հրաժարվել: Դարձյալ մի կողմ դնելով այդ առաջարկի իրատեսությունը, եկեք պատկերացնենք, թե ինչպես են դրան վերաբերվում այն երկրները, որոնց արտգործնախարարները Ցյուրիխում կանգնած էին Նալբանդյանի եւ Դավութօղլուի մեջքին:

3. Պարոն Հովհաննիսյանը նաեւ մշուշոտ ձեւակերպումներով ակնարկում է Նախիջեւանի, Արեւմտյան Հայաստանի եւ Ջավախքի մասին, որը նույնպես, մեղմ ասած, հակասում է այսօրվա աշխարհաքաղաքական իրողություններին: Բացի այդ, գոնե այս՝ երրորդ դեպքում, ինձ թույլ տամ նկատելու, որ նախագահի թեկնածուի խոսքը պետք է ավելի չափած-ձեւած, պակաս էմոցիոնալ լինի:

Թե ով պետք է լինի Հայաստանի նախագահը՝ պիտի որոշեն ՀՀ քաղաքացիները: Եվ այն դեպքում, եթե ընտրական այլանդակությունները չափից դուրս շատ են եւ քաղաքացիների ընդվզումը դրանց դեմ՝ չափից դուրս ուժեղ, «աշխարհաքաղաքական կենտրոնները» (ինչպես որ նրանց ընդունված է անվանել) ստիպված են լինում նահանջել իրենց նախնական սցենարներից եւ հաշտվել ոչ այնքան «հարմար» թեկնածուների հետ: Բայց սովորական իրավիճակում նրանք գերադասում են գործ ունենալ իրենց համար ավելի հասկանալի իշխանության հետ: Այնպես որ պետք չէ հայհոյել Պուտինին, Օլանդին, Օբամային եւ մնացածին: Նրանք ընդամենը անում են այն, ինչը թելադրում է իրենց երկրների շահը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Բա բերեք զանգենք Պուտինին, Օբամային, ասենք որ “հարմարը” և իրենց երկրների շահը Րաֆֆին ա… կարող ա այդ մարդիք չեն իմանում: Օլանդին ու մյուսներին էլ իրանք արդեն կզանգեն… ԴԱՎԱՅՏԵ’

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հային հանեցին ստրկությունից,իսկ ինչպե՞ս ստրկությունը հանես Հայից: ԲՈԼՈՐՆ էլ գիտեն,որ Րաֆֆին ՀԱՅԱԿԵՆՏՐՈՆ քաղաքականություն է վարել/վարելու: Եթե Հայը ԻՐ ՇԱՀԸ մեյդան չբերի,ո՞վ պիտի դա անի իր փոխարեն: 1991(1994) թ-ից սկսած սա ԴԵՌ տեղի չի ունեցել:

  3. Maxim says:

    Ինչպես պատասխաններից հասկանում եմ,՝ կամ ամեն ինչ, կամ էլ ոչինչ: Ես ավելի հայրենասեր
    երևալու համար,՝ Ռաֆֆի Հովհանիսյանից կպահանջեի, որ ծովից ծով Հայաստանի պահանջատերի
    հարցը դներ, իսկ հետևանքների համար՝ ես պատասխանատու չեմ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031