Հովհաննես Մարգարյանը չգիտի այս հարցի պատասխանը:
Ուրբաթ օրը ՕԵԿ-ը հաղորդագրություն տարածեց, որ Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ-ի ցուցակը կգլխավորի Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում, պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե այդ որոշմամբ, արդյո՞ք, առաջիկա կառավարությունում ՕԵԿ-ը այլեւս չի ակնկալում նախարարական այդ պորտֆելը՝ կուսակցական քվոտայով, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն ասաց. «Թե ինչպե՞ս կլինի, թե կոալիցիայում ինչպե՞ս կբաշխվեն պորտֆելները, դրա մասին, կարծում եմ, միայն ապրիլի 9-ից հետո կարող ենք խոսել»:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին նախագահի երդմնակալության արարողությունն է, որից հետո, ըստ Սահմանադրության, ներկայացվում է կառավարության հրաժարականը, նոր կառավարություն է ձեւավորվում:
Կարդացեք նաև
«Կոնկրետ՝ ինչպե՞ս կբաշխվի կոալիցիան, ի՞նչ տեսք կընդունի կոալիցիան՝ այս պահին նույնպես չեմ կարող ասել: Իսկ այն, որ ՕԵԿ-ի ու ՀՀԿ-ի դաշինքը կշարունակվի նաեւ ապրիլի 9-ից հետո, սա հաստատ կարող եմ երաշխավորել»,- ասաց բանախոսը:
Ի դեպ, Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ-ն այս անգամ ակնկալում է ներկայացված լինել: Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններում կուսակցությունը մի կերպ հինգ տոկոսի շեմը հաղթահարեց, պահանջվելիք յոթ տոկոսի դիմաց: Այն ժամանակ ՕԵԿ-ականներն իրենց պարտությունը պատճառաբանեցին իրենց իսկ ոչ լավ աշխատանքով քարոզարշավի ընթացքում: Այս անգամ, Մարգարյանը, զուգահեռներ անցկացնելով մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների հետ, որի ժամանակ ՕԵԿ-ը մայրաքաղաքում յոթ տոկոսից մի փոքր ավելի ձայն էր հավաքել, ասում է, որ Երեւանի հաջորդ ավագանիում ՕԵԿ-ը պետք է ներկայացված լինի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ