Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահրամ Հարությունյանը դատապարտում է Ազնավուրի քայլը

Մարտ 04,2013 13:05

Նա հիշեցնում է, որ ժամանակին Փինկ Ֆլոյդը, Ջիմի Հենդրիքսը Վիետնամի պատերազմին դեմ երգեր էին գրում ու  չէին շնորհավորում նախագահին

Ճանաչված նկարիչ Վահրամ Հարությունյանը (Կուկ)  դատապարտում է Շարլ Ազնավուրի քայլը: Նա կարծում է, որ շանսոնյեն չպետք է շնորհավորեր Սերժ Սարգսյանին:

«Ես դատապարտում եմ Շարլ Ազնավուրի քայլը, ինքը ինչպե՞ս կարող էր շնորհավորել մի մարդու, որը չի ընտրվել,  ժողովուրդը հիմա փողոցում է, իսկ ուսանողները՝ դասադուլի մեջ: Ինչպե՞ս կարող էր շնորհավորել, երբ մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը բացահայտված չեն, մարդիկ 1000-ներով լքում են Հայաստանը: Հայաստանի պատմության մեջ անգամ ԽՍՀՄ տարիներին, չի  եղել դեպք, որ կառավարությունը կրակի իր ժողովրդի վրա, ու սպանվեն 10 հոգի: Ու այսքանից հետո Շարլը շնորհավորում է, ընդ որում դա սովորական շնորհավորանք չէ: Նախ ինքն էս պահին դիվանագետ է, 2008-ին շատ դիվանագետներ դուրս եկան կառավարությունից՝ սպանություններին ու սպանդին մասնակից չլինելու համար, Շարլը  դրանից հետո դարձավ դիվանագետ, ու հիմա էլ շնորհավորում է, երբ այս պահին ժողովուրդը դեռ ընդվզում է: Չէ՞ որ Շարլ Ազնավուրի  շնորհավորանքից նրա երգերը լսող շատ մարդիկ կարող են թեւաթափ լինել, ինչո՞ւ է ինքը ծառայություն մատուցում այն նախագահին, որին ժողովուրդը չի ընտրել»,- ասում է նկարիչը:

Ապա  հավելում է. «Այսօր կառավարության անդամները, ՀՀԿ-ականներն ասում են՝ եթե խախտումներ են եղել, բռնենք-պատժենք: Եվ ինչպե՞ս են դա անելու, երբ պատժողը` դատարանը, իրենցն է: Եթե անգամ մի 100 հոգու էլ դատեն, ոչինչ չի փոխվելու հանրագումարում: Փոփոխության միակ ճանապարհը  զանգվածային ընտրակեղծիքներով անցած ընտրությունները չեղյալ հայտարարելն է: Իշխանությունները արդեն քանի տարի չեն ցանկանում մի հասարակ կնիքի հարց լուծել, արդյունքում մարդիկ կարող են կրկնակի քվեարկել:  Կնիքների հարցը կոնկրետ պետության կողմից իրականացված ակցիա է, որի համար այս ընտրությունը կարող էին չեղյալ հայտարարվել: Ի դեպ, երբ տեղը գալիս է, այս իշխանությունները  դիտորդներ են հրավիրում դրսից, այսինքն  ժողովրդի վրա «տղա են բերում»,  իսկ եթե հանկարծ ընդդիմությունից որեւէ մեկը Եվրոպայում ներկայացնում է, որ մեր երկրում ինչ-որ բան այն չէ, իշխանություններն իրենց սպասարկող ԶԼՄ-ներով աղմուկ  են բարձրացնում՝ վա՜յ,  մեր կեղտոտ լվացքը պետք չէ դրսում ի ցույց դնել: Բայց հենց իրենք են նեղվում, դիտորդների խումբ են բերում ժողովրդի վրա, որը նախօրոք ծրագրված եզրակացություն է տալիս: Ու դեռ ՍԴ-ի վերջնական կարծիքը չհայտնած, հայտարարոմ է, որ ընտրությունները մի քայլ առաջ էին»:

Անդրադառնալով Սերժ Թանկյանի՝ Սերժ Սարգսյանին գրած նամակներին, արվեստագետը նշում է. « Երբ Սերժ Թանկյանն է չընտրված նախագահին հարցեր տալիս, կարծիքներ են հնչում, թե երգիչը պետք է երգի, իր գործով զբաղվի, բայց ինչպե՞ս կարող է երգիչը երգել,  եթե իրազեկված չէ իր հայրենիքի ցավերով ու հաջողություններով: Սովորական ծառայություն կատարող երգիչներով լիքն է Հայաստանը: Եթե երգիչը, նկարիչը, մտավորականը չի ապրում իր երկրի կյանքով, ուրեմն լավ քաղաքացի  չէ, լավ երգիչ, նկարիչ եւ մտավորական չէ: Դա նույնն է, որ որոշ ուսանողներ դասադուլից հրաժարվեն, նստեն սերտեն դասերը, ինչպես ոմանք Սովետի Ժամանակ ՍՄԿԿ պատմությունն էին անգիր անում, բայց լավ քաղաքացի չլինեն: Ի դեպ, երգիչների մասին. ժամանակին Փինկ Ֆլոյդը, Ջիմի Հենդրիքսը Վիետնամի պատերազմին դեմ երգեր էին գրում, համերգներ տալիս ու  չէին շնորհավորում նախագահին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հարազատ Մարդ,՝ Վահրամ Հարությունյան: Ես,՝ միլիոնավոր այն հայերից եմ, որը երբեք չի
    հավատում Շառլ Ազնավուրի արած այդ ստոր քայլին: Խորապես հավատում եմ, որ մի օր էկրանի վրա
    ելույթ կունենա և կասի այն՛ ինչ մինչ օրս ասել էր: Ինչպես կարող է ազգի ճակատագրով ՝այդքան մտահոգ մեծ հեղինակությունը շնորհավորի հանցագործ ռեժիմի պարագլուխին, որը մի երկու տարի
    առաջ արդպես քննադատել էր այդ ռեժիմը: Նա կասի, որ իմ ասածը ճիշտ հակառակն են ներկայացրել:
    Իսկ եթե այդ տեղի չունենա, նա ինձ համար կընդունվի ընդհամենը որպես՝ շուշան պետրոսյան:

  2. Հրանտ Պապիկյան says:

    ԿՈՒԿը դա այն ծովագնացը չէր,որին… կերան?

  3. Levon says:

    Ինչոր մի մարդ մաքսիմ անունով եւ մի նկարիչ կուկ անունով իրենց թույլ են տալիս հայրենասիրության դասեր տալ Շառլ Ազնավուրին:

  4. Մարգար Մախսուդյան says:

    Կոչ կանեմ չմտնել փոխադարձ վիրավորանքների և անհանդուրժողականության ոչ մի տեղ չտանող շրջապտույտի մեջ, պարզապես ափսոս է ժամանակը:
    Անկեղծ ասեմ՝ ինձ հասթափեցրել է ոչ այնքան մեծ հայի շնորհավորանք-նամակի բովանդակությունը, որքան անհասկանալի ջերմությունը: Միգուցե խղճի խայթ է զգացել իր նախորդ՝ շատ օբյեկտիվ և խիստ քննադատության համար և փորձել է ինչ-որ կերպ մեղմել դրա ազդեցությունը, դժվարանում եմ ասել: Ինչևէ, ինչ եղել՝ եղել է, պետք չէ ծայրահեղությունների մեջ ընկնել, այլ մխիթարվել մտքով, որ մեծերը ևս սխալվելու իրավունք ունեն, ի դեպ՝ չեմ բացառում, որ Ազնավուրը հանդես գա նոր խոսքով: Սպասենք:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031