Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաձիգն արդարացվեց, իսկ պետության կրած վնասի բռնագանձման հարցը մնաց առկախ

Մարտ 04,2013 12:56

Զինված ուժերի զորամասերից մեկում բջջային հեռախոսի ոչ ավանդական եղանակով լիցքավորումը առաջացրել էր ծանր վնաս՝ հեռախոսի հետ միասին այրվել էր ռազմական տեխնիկան և ռազմամթերքը` երկրին պատճառելով 2.658.728 ՀՀ դրամի գույքային վնաս:

Այսպես, ըստ նախաքննության մարմնի առաջադրած մեղադրանքի, N զորամասի ջոկի հրաձիգ, պայմանագրային զինծառայող, շարքային Արսեն Դանիելյանը՝ գումարտակի անձնակազմի հետ միասին որպես դիտորդ մարտական դիրքում հերթապահության գտնվելով՝ 2011թ. նոյեմբերի 1-ին, ժամը 13.35-ի սահմաններում գնացել է դիրքի հետնամասում գտնվող փոս ճանապարհ` իր անձնական օգտագործման բջջային հեռախոսի մարտկոցը լիցքավորելու համար բացել ավտոմեքենայի ցուցիչների վահանակի ապահովիչների կափարիչը, լարերի միջոցով կատարել կարճ միացում: Զինծառայողի անփութության պատճառով առաջացել է հրդեհ, որի հետևանքով ավտոմեքենայի թափքի 5 արկղերի մեջ գտնվող 60 հատ 60 միլիմետրանոց ականանետի ականները վառվել ու պայթել էին, իսկ ավտոմեքենան ամբողջությամբ այրվել:

Ամբաստանյալ Ա. Դանիելյանը նախաքննության, ինչպես նաև դատաքննության ժամանակ ՀՀ քրեական օրենսգրքի 370-րդ հոդվածով՝ ռազմական գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, իրեն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր էր ճանաչել և միջնորդել արագացված դատաքննության կարգ կիրառելու մասին, սակայն դատական վիճաբանությունների փուլում հայտարարել էր, որ իրեն մեղավոր չի ճանաչում, խնդրել էր վերսկսել դատաքննությունը և անցկացնել ընդհանուր հիմունքներով:

2012թ. օգոստոսի 17-ի դատավճռով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սերգեյ Աղաբեկյանի նախագահությամբ, ստուգման ենթարկելով ամբաստանյալ Ա. Դանիելյանի ցուցմունքները, դրանք համադրելով քրեական գործով ձեռք բերված ապացույցների հետ, հանգել էր այն եզրակացության, որ նախաքննական մարմնի՝ Ա. Դանիելյանին առաջադրած մեղադրանքը չի հաստատվել:

Ըստ Ա. Դանիելյանի դատաքննական ցուցմունքի՝ ինքը խնդրել է իր համածառայակից Ա. Գրիգորյանին լիցքավորման դնել իր հեռախոսի մարտկոցը, նա էլ համաձայնել է: Որոշ ժամանակ անց Ա. Գրիգորյանն իրեն հարցրել է, թե արդյոք հանել է իր հեռախոսի մարտկոցը լիցքավորումից, ինքն էլ ասել է, որ չի հանել: Նա գնացել է հեռախոսի մարտկոցը լիցքավորումից հանելու և տեսել, որ մեքենան արդեն վառվում է:

Հիշյալ համածառայակիցը՝ ջոկի գնդացրորդ, պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Գրիգորյանն իր ցուցմունքով հաստատել էր ամբաստանյալի ցուցմունքը և հավելել, որ մոտ երկու ժամ անց նկատել է, որ մեքենայի կողմից ծուխ է բարձրանում: Մեքենայի հրդեհվելու մասին հայտնել է դիրքի ավագ, ավագ լեյտենանտ Ա. Բեգլարյանին, ով իրենց հրահանգավորել է չմոտենալ մեքենային, վերադառնալ գետնատնակ և պաշտպանվել թաքստոցում: Տեղի ունեցածի մասին դիրքի ավագը զեկուցել է զորամասի հրամանատարին, նա ներկայացել է դեպքի վայր ու հարցրել, թե ում մեղքով է մեքենան վառվել, ըստ Ա.Գրիգորյանի ցուցմունքի, «Արսեն Դանիելյանն առաջ է անցել, ու ասել, որ կատարվածում ինքն է մեղավոր», թեև իրականում մարտկոցը ինքը՝ Ա.Գրիգորյանն է լիցքավորման դրել, բացել ավտոմեքենայի վահանակի ապահովիչի կափարիչը, լարերը միացրել իրար ու կարճ միացում կատարել: Վկան նշել է, որ ինքը չի մտածել, որ կատարվածի մեղավորը ինքն է` մտածելով, որ հեռախոսի մարտկոցն Ա. Դանիելյանինն է, ուրեմն մեքենայի վառվելու մեջ նա է մեղավոր:

Դիրքի ավագ, վկա Առնոլդ Բեգլարյանը դատարանում ցուցմունք է տվել, որ «Արսեն Դանիելյանն առաջ է անցել, ու ասել, որ կատարվածում ինքն է մեղավոր», սակայն ավելի ուշ՝ 2012թ. մարտի կեսերին վաշտի հրամանատարն իրեն հայտնել է, որ մեքենան ոչ թե Ա. Դանիելյանի մեղքով է վառվել, այլ Ա. Գրիգորյանի:

Դատական վիճաբանությունների փուլում մեղադրողը հրաժարվել էր ամբաստանյալ Արսեն Դանիելյանին առաջադրված մեղադրանքից` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով, ըստ որի «մեղադրողը դատարանում հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ՝ պարտավոր է հայտարարել ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին», ինչն էլ իր հերթին դատարանի համար քրեական գործի վարույթը կարճելու ու քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք է:

Դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով, ըստ որի մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու դեպքում դատարանը պարտավոր է դատական նիստում կայացնել արդարացման դատավճիռ, արդարացրել ու անմեղ է ճանաչել Արսեն Դանիելյանին առաջադրված մեղադրանքում, իսկ տարածքային զինդատախազության կողմից ներկայացված քաղհայցը` պետական շահերի պաշտպանության առումով Արսեն Դանիելյանից հօգուտ պետբյուջեի 2.658.728 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին թողել առանց քննության:

«Փաստինֆո»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031