Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խելք չհասնելիք բաներ

Մարտ 04,2013 12:22

կարուսե

Ես  որպէս  միջին  թուաբանական  հայ,  առիթ  չեմ  ունեցել  մեր  Սահմանադրութիւնը  կարդալ  ծայրից-ծայր  եւ,  բնականաբար,  չեմ  նկատել,  որ  ընտրութիւնների  արդիւնքում  կարելի  է  ունենալ  երկու  նախագահ՝  «դե յուրէ»  եւ  «դե ֆակտո»  ( փաստօրէն  բոլոր   «դե  յուրէ»ների  հետ  (Լ.ՏՊ,  Ռ.Ք.,  Ս.Ս.)  ունեցել  ենք «դե  ֆակտո»ներ  (Վ.Մ,  Կ.Դ,  Րաֆ..ՅՈՎՀ.):  Այս  վերջին  ընտրութիւններից  հասկացայ,  որ  դրանց  համար  նոյնիսկ  կան  չափանիշեր՝  առաջինի  դէպքում  ոչ պակաս  58%,   իսկ  երկրորդի  համար՝ 70%  ձայներ  հաւաքելը:  Ուրախալին  այն  է, որ  երկու  տոկոսներն  էլ  հաւաստի  են,  քանզի  ժողովուրդը  տեր  է  կանգնում  70  տոկոսին,  իսկ   մնացածները՝  58 տոկոսին:  Օտարախօս  դիտորդներն  էլ  համարում  են,  որ  ժամանակն  է  արեւմտեան  երկրներին  սովորեցնել  միանգամից  երկու  նախագահ  ընտրելու  մեր  արդար ընտրակարգը, ինչը  հրաշքներ  է գործում  իր անսովոր  թափանցիկութեան, առանց  խախտումների  ու միջադէպերի  ընթանալու  շնորհիւ:  Կարելի  է  միայն  զարմանալ  70 տոկոսանոցների  միամիտ  կասկածամտութեան  վրայ,  ովքեր  պահանջում  են  վերահաշուարկել  արկղերում  եղած  ընտրաթերթիկները: Այդ  հարցում  ինչպէ՞ս  կարող  են  սխալներ  լինել,  երբ  մարդիկ  նախօրօք  պատրաստել  են  այդ  թերթիկները,  կատարել  հարկ  եղած  նշումները  եւ  հետեւել  նրանց,  ում  տրուած  է  այդ  մաքուր  թերթիկները   լց(ո)նելու  պատիւը,  ի հարկէ  յատուկ  հսկողութեան  տակ,  որպէս զի  այդտեղ  նստած  որոշ  մարդիկ  իբր  ստուգելու  պատճառաբանութեամբ  չփորձեն խոչնդոտել  այդքան  խնամքով  մշակուած  եւ հիանալի նախապատրաստուած  ընտրութիւնները:  Ես  կարեւորութիւն  չեմ  տալիս   1-2  տեղամասերում  յայտնաբերուած  1-2  սխալ թերթիկների  փաստին,  ինչից  ակնյայտօրէն  երեւում  է, որ այդ  լաւ  կազմակերպուածութեան  մէջ  մի  քանի  հոգի  ակուրատնի  չեն  աշխատել: Հետաքրքրական  է  նաեւ  այն,  որ  թշնամիների  կողմից  կաշառուած  որոշ  չուզողներ  պահանջում  էին  անպայման տեսախցիկներով  հետեւել  ընտրութիւնների  ընթացքը  կամ՝  հրապարակել  երկրից   բացակայող  ընտրողների  ցուցակները:  Ես,  օրինակ,  չեմ  հասկանում  Կենտրոնական ընտրական  յանձնաժողովի  (ԿԸՀ)  մերժումը,  առաւել  եւս,  որ  այնքան  վստահ  էին  նախապէս  իրենց  կանխատեսած  յաղթողի  անպարտելիութեանը,  չէ՞  որ  վախենալու  բան  չկար,  մանաւանդ  եթէ  յիշենք,  որ  58 տոկոսանոցները  դեռ  ընտրութիւններից  առաջ գիտէին  իրենց  տրուած  ձայների  հաշիւը  եւ  օրէնքների  ոյժով  իրենց  սահմանած  ընտրակարգի  անխախտելիութիւնը:  Տարօրինակ  էին  նաեւ տեղեկատուական  դաշտի հաղորդումներն  այն  մասին,  թէ՝ լց(ո)նումներ  են  անում:  Եղբայր,  այդ  մաքուր  թերթիկները  պիտի  լց(ո)նեն,  բա հո  չեն թափելու,  պիտի  թափուեն  միւս  թերթիկները,  որոնք  եղել  են  (ինչպէս  նշեցին  հակա  դե-ֆակտոյականները)  70  տոկոսանոցների՝  անդրագէտների,  տգէտների  ու  համասեռականների  ձեռքում:    Կամ՝  հաղորդումները,  թէ  «կարուսել»  են  օգտագործել:  Մեր  մէջ ասած,  ես  էլ  դէմ  եմ  այդ  կարեւոր  պետական  գոծընթացի  ժամանակ  կարուսել  նստեցնելն  ու  քշելը.  հո  խաղահրապարակի  երեխայ  չեն,  (եւ  որքա՞ն  պէտք  է  վճարել  այդ  կարուսելի  տոմսի  համար,  թէեւ  փողի  մասին  աւելորդ  է,  մեր  խօսելն  էլ  ամօթ  է):  Օրինակ  արտասահմանում  ընտրութիւնների  ժամանակ  կարուսել  խաղացնող  չկայ,  իսկ  եթէ  Աստուած  չանի  մի  դժբախտ  վթար  լինէ՞ր…, :  Մի  խօսքով,  ուրախ  եմ  որ  կարուսելը  անխափան  աշխատեց  ու  անաչառ  դիտորդները  կարուսելային  վթարներ  չարձանագրեցին,  թէ  չէ  ովքե՞ր  պիտի  վթարուածների  փոխարէն  քուէարկէին:  Ասենք,  այս  հարցում  խնդիր  չի  կարող  լինել.  Մենք՝  հայերս, ի  տարբերութիւն  միւս  ժողովուրդների,  միշտ  իրար  օգնել  ենք. օրինակ՝  Ազգային  Ժողովի  պատգամաւորները  օգնում  են  բացակայող,  դրսում  զբաղուած  ընկերոջը՝  նրա  քուէարկելու  պարտականութիւնների   հարցում,  միաժամանակ  զարմանալով  Ուկրաինայի  Ռադայի  բոյկոտող պատգամաւորների  վրայ,  ովքեր  ուրիշի  կոճակ  սեղմելը  մի  մեծ  պատմութիւն  դարձրին  եւ  մէկ  ամսով  խափանեցին  փարլամենթի  աշխատանքները:

Վերջում  ուզում  եմ  մի  լուրջ  առաջարկութիւն  անել:  Հաշուի  առնելով,  որ  ցուցակային  2,5 միլիոնից  ընտրութեան  են  մասնակցել  մօտ  1,5  միլիոնը,  իսկ  մնացած  մէկ  միլիոնը  հաւանաբար  երկրից  պիտի  հեռանան,  ուստի  դրանց  համար  ցուցակներ  փակցնելու  պահանջների  փոխարէն  լաւ  կը  լինի  երկրից  հեռացածների  ունեցած  հայաստանեան  նախկին անձնագրերը  պահպանուեն  առանց  ժամկէտային  սահմանափակումների,  ինչը  թոյլ  կը  տայ  իրենց  երկրներում  մասնակցելու  երկրի  միայն նախագահական  ընտրութիւններին  ( բայց  ոչ  տեղական  մարմինների՝ քանի  որ  սփիւռքահայ  դարձածը  չի  գտնւում  (ապրում)  կոնկրետ  որեւէ  համայնքի  տարածքում):  Նկատի  ունենանք,  որ  համացանցի  եւ  համակարգիչների  դարում  երկրից  դուրս  գտնուողները  լրիւ  իրազեկուած  են  երկրի  կեանքի  ու  նախագահի  գործունէութեանն  առնչուող  հարցերում  եւ  աւելի  ճիշդ  կը  կողմնորոշուեն: Միայն  թէ  կասկածում  եմ՝  այս  հարցին   չի՞  վիճակուի  ունենալ ընտրութիւնների  արդարութեան  հարցում  լակմուսի  դեր  կատարող   տեսախցիկների  եւ  բացակայողների  ցուցակների  նկատմամբ  եղած   ԿԸՀ-ի հասկանալի  վախի  համախտանիշը (սինդրոմը):  Բայց  քանի  որ  ժողովուրդը  ասում  է՝    մի խելքը  լաւ  է,   երկուսը՝  աւելի  լաւ.  կամ՝  ձեռքը  ձեռք  է լուանում,   երկու  ձեռքը՝  երես,  ուրէմն    մեզ  մնում  է  յուսալ,  որ  ընտրուած   «դեհամանախագահները»  (մեզ  շատ  ծանօթ   բառեզր)   ձեռք-ձեռքի  տալով  կարող  են  թէ’  իրենց, եւ  թէ մեր  երեսը  պարզ  պահել: Երկուսն  էլ  ստիպուած  են  դա  անել,  վասնզի   ասուած  է՝    այն  ձեռքը,  որ չես  կարող  կտրել՝  համբուրիր:

  Նշան  ՈՐԲԵՐՅԱՆ

   23  Փետրուարի 2013

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    ” ՀՆԱՐԱՎՈՐ Է…” Րաֆֆի…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031