Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջատիրությունն ու իրավատիրությունը սկսվում են ընտրելու իրավունքից

Մարտ 04,2013 12:11

Ֆեյսբուքում գործող «Իրազեկ եւ կողմնորոշված սերունդ» խումբը 2012թ ԱԺ ընտրություններից դեռ ամիսներ առաջ հանդես եկավ արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների՝ իրենց ժամանակավոր բնակության վայրերում ՀՀ Ազգային ժողովի եւ ՀՀ նախագահի ընտրություններին իր ընտրելու Սահմանադրական իրավունքը իրագործելի դարձնելու կոչով: Կոչը լայն արձագանք գտավ թե հանրապետության եւ թե միջազգային լրատվական բազմաթիվ հեղինակավոր կազմակերպությունների կողմից:

Որքան էլ հասկանալի էր իշխանությունների լռությունը այս կարեւոր հարցի կապակցությամբ, նույնքան անհասկանալի էր ընդդիմադիր դաշտում գտնվող քաղաքական ուժերի անտարբերությունը, նույնիսկ նախաձեռնությանը դեմ արտահայտվելու փորձերը: Արդյունքում ստացանք այն, ինչ ունենք՝ կեղծված ընտրություններ, խաբված ժողովուրդ, բազմամարդ միտինգներ:
Խումբն այս պահին նույնպես վերահաստատում է իր մոտեցումը իշխանությունների մեղքով Հայաստանից արտագաղթած մեր հայրենակիցների ընտրական իրավունքի վերականգնման խնդրի վերաբերյալ եւ կոչ անում արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիներին՝ հետամուտ լինել իրենց Սահմադրական իրավունքի վերականգնման օրինական պահանջին:
Կոչ ենք անում համախմբվել եւ համագործակցելով Սփյուռքում գործող հայկական կազմակերպությունների հետ ճնշումներ բանեցնել ՀՀ իշխանությունների վրա՝ խնդրին դրական հանգուցալուծում տալու նպատակով:
Կոչ ենք անում ընտրակեղծիքների դեմ այս օրերին թափ առած ժողովրդական շարժման մասնակից քաղաքական ուժերին հստակ դիրքորոշում հայտնել սոցիալական ծանր պայմանների արդյունքում արտերկրում հայտնված Հայաստանի քաղաքացիների ընտրելու իրավունքի կոպիտ ոտնահարման փաստով:
Սոցիալական ծանր պայմաններում հայտնված ու դրսում ընտանիքի հոգսը հազիվ հոգացող Հայաստանի քաղաքացին ի զորու չէ վճարել ճանապարհածախս՝ իր ընտրական իրավունքը Հայաստանում իրագործելու նպատակով: Այդ պայմանը կամ պետք է օրակարգից հանվի, կամ պետությունն ու կուսակցությունները իրենց վրա պիտի վերցնեն նրանց Հայաստան բերելու փոխադրական բոլոր ծախսերը, ինչպես, օրինակ, Իսրայելում է ընդունված: Հնարավոր տարբերակը տեղերում ընտրատեղամասեր բացելն է: Այս կապակցությամբ՝
կոչ ենք անում պահանջել իշխանություններից՝ իրագործելի դարձնել արտերկրում ժամանակավոր բնակության գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրական գործընթացը՝ տվյալ վայրում գտնվող ՀՀ դեսպանատներում կամ հյուպատոսական ծառայության կետերում բացված ընտրատեղամասերում, ինչն էլ սահմանադրորեն նախատեսված էր մինչեւ 2008 թվականը: Այդ իրավունքի վերահաստատումով կկանխվեն մասսայական ընտրակեղծիքները մեր երկրում, այդ կնպաստի ողջ հայության քաղաքական ակտիվացմանն ու խթան կհանդիսանա մեր հանրապետության բարենորոգմանը, հայության լիիրավ ու համապարփակ մասնակցությանը Հայրենիքի հզորացման վեհ գործին:

Շուշան Ղազարյան
Սոնա Արշունեցի
Արմեն Զատիկյան
Լևոն Մախսուդյան
Արմէն Նազարյան
Մելանյա Պետրոսյանց
Արշակ Իկիլիկյան
Վանիկ Փարսադանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Sona says:

    Ֆեյսբուքում գործող «ԻՐԱԶԵԿ ԵՎ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾ ՍԵՐՈՒՆԴ» խումբի “Կոչը” ժամանակավորապես սփյուռքում հայտնված ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները վերականգնելու արդար պահանջն է:
    Կարծում եմ սփյուռքահայերի “Կոչը” պետք է բարձրաձայնվի, քանզի սփյուռքահայության ձայները իշխանությունների կողմից արդեն որերրորդ անգամ օգտագործվում են և դարձել են ընտրակեղծիքի աղբյուր: Եթե հաշվենք միայն, թե քանի մարդ է դուրս եկել Հայաստանից ու նրանց ձայներն այսօր օգտագործվում է, պատկերն ամբողջական կլինի: Հենց զուտ սփյուռքահայության ձայները բավական են, որ իշխանություններն ընտրություններում հաղթեն :
    Վերականգնելով սփյուռքահայության սահմանադրությամբ ընտրելու իրավունքը, հույսով ենք, որ կփակվի ընտրություններում ընտրակեղծիքներով հաղթելու դուռը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031