Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը ցանկանում է ազատվել «հոգնած դեմքերից»

Մարտ 04,2013 12:10

ՕԵԿ պատգամավորը «տեղին» չի համարում Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը

ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հարգում է նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու որոշումը: Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում, պատասխանելով լրագրողների հարցերին, պարոն Մարգարյանն ասաց. «Սա, կարծում եմ, մեկ անգամ եւս մեզ հնարավորություն կտա, հիմք ընդունելով երկրի գլխավոր օրենքը, առաջնորդվելով այդ օրենքի պահանջներով, մեկ անգամ եւս ուսումնասիրենք, թե ինչպիսի խսախտումներ են տեղի ունեցել, որոնց մասին պարբերաբար խոսում են եւ մտահոգված են մեր ժողովուրդը, մասնավորապես, քաղաքական ուժերը եւ դրանց ղեկավարները: Կարծում եմ, ժամանակ ունենք եւ ՍԴ-ի ուսումնասիրությունները մեզ լիարժեք պատկերացում կտան, թե ինչ խախտումների մասին է խոսքը»:

ՕԵԿ-ը կողմնակից է, որպեսզի ընտրակեղծիք կատարողները բացահայտվեն եւ պատժվեն: «10 քրեական գործ արդեն հարուցված է, շուրջ 200 տեղամասի մասին խոսք է գնում. ՍԴ-ն կսկսի ուսումնասիրել այդ գործերը՝ ընթացքում ավելի մանրամասն գնահատականներ կտանք»,- ասաց Հ. Մարգարյանը՝ միաժամանակ, կարծիք հայտնելով, որ եթե անգամ 200 տեղամասերում էլ խախտումներ իսկապես եղած լինեն, հանրագումարում, դրանք չեն կարող էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա:

Ինչ մնում է Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած հրաժարականների պահանջին՝ նախագահի, վարչապետի եւ Երեւանի քաղաքապետի, Մարգարյանն ասաց. «Երկրի նախագահը՝ Սերժ Սարգսյանը, ընտրվել է: Կարեւորում եմ բոլոր այն շնորհավորանքները, որոնք հղեցին տարբեր երկրների առաջին դեմքերը՝ ընդունելով ընտրությունների արդյունքները: Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջն իր իրավունքն է, յուրաքանչյուր քաղաքական գործիչ ունի իր ռազմավարությունն ու մարտավարությունը, բայց, իրականում, տեղին չեմ համարում: Ինչպե՞ս կարելի է ընտրված նախագահից, 58 տոկոսից ավելի քվե ստացած նախագահից հրաժարական պահանջել»:

Բանախոսն ասաց, որ համակարծիք է՝ եկել է այն ժամանակը, որ կտրուկ փոփոխություններ են պետք: ՕԵԿ-ը, որպես իր բնորոշմամբ, ռեֆորմիստական ուժ, պահանջելու է այդ փոփոխությունները: «Պետք է էական փոփոխություներ, ինչպես անձերի, այնպես էլ որոշակի համակարգային փոփոխություններ տարբեր ոլորտներում»,- ասաց ՕԵԿ-ական պատգամավորը՝ խուսափելով հստակ պատասխաններ տալ լրագրողների այն հարցերին, թե հատկապես ո՞ր անձերին ՕԵԿ-ը կցանկանար փոփոխված տեսնել. «Մենք պետք է համարձակ գնանք այդ փոփոխություններին եւ պետք է հնարավորություն ընձեռենք մեր քաղաքացիներին, մեր ժողովրդին, որպեսզի նրանք կարողանան ձերբազարտվել, մեղմ ասած, այն հոգնած դեմքերից, ովքեր լճացել են իրենց գործունեության ոլորտներում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Իրականությունն այն է, որ օեկը երբեք չէր հայտնվի ազգային ժողովում, եթե չլինեին այդ խախտումներն ու կեղծիքները, բոլորը գիտեն դա, դուք էլ… Գոնե համեստաբար ու խոհեմաբար լռեք, որ քիչ ավելի պատասխանատու մարդկանց տպավորությոյու թողնեք ձեզ չճանաչողների շարքերում:

  2. Հրանտ Պապիկյան says:

    Իսկ եթե այս հոգնած ՕԵԿ-ից ենք ահավոր հոգնել, ինչպես անենք որ ազատվենք?

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031