Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կշարունակվի Ալվինա Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նա մեղադրվում է անցյալ տարվա հունվարի 27-ին Երեւան-Սեւան ճանապարհին իր վարած «Համմեր» մակնիշի ավտոմեքենայով Նարեգ Զարգարյանին վրաերթի ենթարկելու, նրա մահվան կապակցությամբ:
Նշենք, որ Ալվինան, նստելով Նարեգի մեքենան, փակել է դռները, պատուհանները, իսկ Նարեգը «Համմեր» մեքենայի դրսի աջ կողնակից է կախված եղել: Նա ընկել է վայր, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել է:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Երեմ Սարգսյանը մեզ հետ զրույցի ժամանակ ասաց, որ բացարկ է հայտնել մարզի ավագ դատախազին՝ Դ.Զոհրաբյանին: Ըստ նրա, մենք գործ ունենք անուղղակի դիտավորությամբ կատարված սպանության հետ, այլ ոչ թե պատահարի, ինչը ըստ պաշտպանի, նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից անուշադրության է մատնվել:
Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանի՝ «Ալվինա Հարությունյանի արարքում ակնհայտորեն առկա է նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմը՝ ավտոտրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը՝ փախցնելը, առանց հափշտակման նպատակի»: Ի դեպ, այս կապակցությամբ մեղադրող կողմում ճեղքվածք է առաջացել. տուժողի իրավահաջորդի միջնորդությունը՝ մեղադրանք առաջադրել այս հոդվածով եւս, մերժվել է:
Կարդացեք նաև
Ըստ փաստաբանի՝ Ալվինա Հարությունյանի կողմից Նարեգին ուղղակի դիտավորությամբ սպանելու, նրա ավտոմեքենան նրա կամքին հակառակ փախցնելու հանգամանքները անհերքելիորեն հաստատված են հենց քրեական գործում առկա ապացույցների համակցությամբ:Մասնավորապես, շեշտվում է այն, որ Նարեգը կառչել է ավտոմեքենայից, գոռոցներով պահանջել է, որպեսզի ղեկին հայտնված Ալվինան կանգնեցնի իր ավտոմեքենան:
Հաստատված է եղել նաեւ, որ Ալվինան ղեկին եղել է ալկոլոհոլի ազդեցության տակ եւ մեքենան վարել է 100-120կմ/ժ. արագությամբ, այն էլ 2 կմ.տարածության վրա:Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ խոսքը հունվար ամսվա մասին է:
Մեղադրանքի կողմում հանդես եկող տուժողի ներկայացուցիչը, բացարկ հայտնելով մեղադրանքի կողմում հանդես եկող դատախազին, պահանջել է, որպեսզի ամբաստանյալի արարքը վերաորակվի, փոխվի, սակայն դա չի արվել:
Այն, որ Ալվինան փախցրել է մեքենան Նարեգի կամքին հակառակ, երեւում է, ըստ փաստաբանի, նրանից, որ ներսից փակել է պատուհաները, դռները:
Փաստաբանը մեղադրում է դատախազին պատշաճ վերահսկողություն չիրականացնելու համար:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ