Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք պատճառ, թե ինչու չպիտի ոչխար պահել

Մարտ 02,2013 23:40

Որոշել էի այլևս թեմային չանդրադառնալ, համոզված, որ հետընտրական թոհուբոհում ուշադրության չի արժանանա, սակայն «Ազատություն» ռադիոկայանի եթերից Սյունիքի մարզպետի, իսկ դրանից առաջ Հայաստանում ԻԻՀ դեսպանի մամլո ասուլիսում բարձրաձայնածն այն աստիճան անակնկալի բերեց, որ վերստին ձեռքս գնաց գրչի կողմը, դարձյալ թերթեցի նախկին գրառումները, համացանցին դիմեցի` ինչ-ինչ թվեր ճշգրտելու համար:

Նախ` թե ինչ էր ասում, առաջարկում տիար դեսպանը: Նրա կարծիքով` Սյունիքի արոտավայրերը վարձակալությամբ իրանական կողմին տալու համաձայնագիրը երկուստեք ձեռնտու է: Ու ոչ միայն դա. որ Հայաստանում անասնաքանակը կարելի է ավելացնել` հասցնելով 7 միլիոնի, ինչը հնարավորություն կտա տարեկան 2-3 միլիոն գլուխ կենդանի ոչխար արտահանել Իրան: Ընդունենք, դեսպան է, իր երկրի շահերն է ներկայացնում, պարտավոր չէ մեր փոխարեն մտածել հետևանքների մասին, թեև… Իսկ մեր գիտնականների անխռով կեցվածքին ի՞նչ բացատրություն տալ: Ինչու՞ են լռում բնապահպանության նախարարությունը, Գիտությունների Ակադեմիան: Գուցե խնդիրը նրանց չի՞ հուզում, ոլորտի մասնագե՞տ չկա: Այդ դեպքում ինչի՞ համար է ուսումնական հաստատություններից ագրարային համալսարանը:

Թերևս, մտածում են` ի՞նչ կա որ, մինչև անկախանալը Հայաստանը 2,5 միլիոն ոչխար ուներ, հիմա հազիվ 590,2 հազար է, կարելի է և պետք է զարկ տալ մանր եղջերավորին: Մանավանդ, նախկին ու ներկայիս գյուղնախարարները, տարածքային կառավարման գլխավոր պատասխանատուն, ով ի պաշտոնե փոխվարչապետ է, գուրգուրում են այդ միտքը և անթաքույց հետամուտ են ճյուղը զարգացնելուն, գլխաքանակը 1,5 միլիոնի հասցնելուն: Եթե նրանք են այդ կերպ դատում, ինչ սպասել Սյունիքի մարզպետից, ով «կատարյալ» հայերենով բարբառում է. «Եթե վաղը հանկարծ պարսիկները փորձեն գալ Հայաստան, ոչխարներ առնեն ու փորձեն պահել այստեղ, սա մեծ օգուտներ կբերի համայնքներին: Կարող եմ օրինակ բերել այն, որ ժամանակին գալիս էին ու 1 միլիոնից ավելի բերում էին ոչխար ու համայնքներին վճարում էին»: Եվս մի մտքի գոհար նրա խոսքից. «Արոտավայրերը չեն փչանում, ընդհակառակը արոտավայրերը չօգտագործելուց են փչանում»: Ոչ, երկիցս, հազարիցս ոչ… Հազիվ ենք ազատվել այդ պատուհասից, բազմագլուխ հիդրայից, ավերիչ հորդայից, չկրկնենք նույն սխալը, դաս քաղենք պատմությունից:

Ոչխարաբուծությունը խորհրդային տարիներին միշտ եղել է վնասաբեր ճյուղ, խոչընդոտ տավարաբուծության ճանապարհին: Դա դեռ չարյաց փոքրագույնն էր. տասնամյակների ընթացքում այն աղետալի վնաս է պատճառել մեր լեռնաշխարհին, հազարավոր հեկտար հողատեսքեր էրոզացվել, ուժազրկվել են, էապես փոխվել է բուսածածկը, սակավացել են աղբյուրները, ցամաքել առուները, աղքատացել վայրի կենդանական աշխարհը: Մարդկությունն առաջ է ընթանում, զարգացած երկրները նույնիսկ խոշորի գլխաքանակն են կրճատում` փոխարենը բարձրացնելով մթերատվությունը, իսկ մենք մեր ձեռքով մեր երկիրը վերստին դնում ենք սահմռկեցնող վտանգի առաջ: Հիրավի, բարեբախտություն էր, որ անկախացումից հետո գյուղտնտեսության ոլորտում հանրային ունեցվածքը անհատույց սեփականաշնորհվեց, և հայ մարդը, ելնելով իր իսկ շահերից, հրաժարվեց ոչխարից, քանի որ բազմադարյա փորձից գիտեր` մի կովը տուն կկերակրի և ավելի ձեռնտու է տասը ոչխարից` անգամ ցածր կաթնատվության դեպքում:

Արմատական փոփոխության տնտեսական արդյունքն արդեն իսկ նկատելի է. եթե 1977-ին Հայաստանում արտադրվել է ընդամենը 275, արդեն 1996-ին` 431,3, ապա 2008-ին` 661,9 հազար տ կաթ, ու դա ` նույնչափ խոշորի առկայության պայմաններում, ինչը, անտարակույս, պայմանավորված է կերի պաշարների ինքնըստինքյան ավելացման, որպես անմիջական հետևանք մանրի գլխաքանակի կտրուկ անկման: Իմ համոզումն է, եթե նախկին սխալը չկրկնվի, ընդհակառակ, ուշադրություն բեևեռվի բարձր մթերատու տավարաբուծությանը, մինչևիսկ խոշորի քանակը 100 հազարով կրճատելու դեպքում Հայաստանում հնարավոր է մեկ կովի կաթնատվությունը ներկայիս 2035 կգ-ից հասցնել 4 հազարի և ստանալ մեկ միլիոն տ կաթ, ինչը ոչ միայն լիուլի կլուծի մեր յուղի, պանրի, կաթի պահանջարկը, այլև զգալի արտահանում կապահովի: Ճիշտ է, չենք հասնի, ասենք, Իսրայելին, որտեղ մեկ կովի կաթնատվությունը 8,5 հազար կգ է, Շվեդիային, Դանիային ու Ֆինլանդիային, էլի ուրիշ շատերի, բայց, գոնե, կմոտենանք Էստոնիայի ու Մոլդովայի 1989-ի միջին ցուցանիշին: Իսկ հիշյալ ու զարգացած մյուս երկրները (Ճապոնիա, ԱՄՆ, Կանադա, Հոլանդիա, Շվեյցարիա, Նորվեգիա…) այդպիսի կայուն արդյունք ապահովում են, որովհետև առկա կերապաշարները չեն վատնում մանր եղջերավոր անասուն պահելու վրա: Բալթյան պետությունները գիտե՞ք որքան մանր ունեն – երեքը միասին հազիվ կես միլիոն` ավելի քիչ, քան մենք: Կանադան մինչև վերջերս ուներ 700, Շվեդիան` 180, Բելգիան` 100, Հոլանդիան` ընդամենը 10 հազար ոչխար: ԱՄՆ-ը, ի՞նչ եք կարծում, որերո՞րդ տեղն է գրավում մանրի քանակով` 58-րդ, իսկ խոշորով` 4-րդ, սակայն ապահովում է համաշխարհային կաթի 13 տոկոսը, այն դեպքում, երբ երկրագնդի վրա առկա 2 միլիարդից ավելի ոչխար-այծի մասնաբաժինը հազիվ 1,6 տոկոս է (7,6 միլիոն տ): Ոմանք գուցե ասեն` փոխարենը միս են տալիս: Չէի ասի: Համոզիչ լինելու համար փաստեմ` 5,2 միլիոն տ, ինչը կազմում է համաշխարհային մսի ընդամենը 4,2 տոկոսը: Մեկ շնչի հաշվով 1,29 կգ միս, 1,7 կաթ – ահա այն, ինչ ստացվում է սարսափազդու քանակ կազմող ոչխար-այծից, մինչդեռ խոշորն ապահովում է մսի` 50, կաթի 90 տոկոսը:

Համոզվեցի՞ք` որքան թյուր է կարծիքը, թե մանր եղջերավոր անասնապահությամբ սոցիալական խնդիր է լուծվում: Կասեի` ճիշտ հակառակը. աղքատ են գրեթե այն բոլոր երկրները, որտեղ ոչխարի քանակին են զարկ տվել: Իսկ արդյունք (պահում են բրդի համար) ապահովում են նրանք, որոնցում, որպես պարտադիր կարգ, թե խոշորի, թե մանրի համար ընդունված է ալգելափակոցային, հերթափոխային արածեցումը, իսկ մեզ մոտ վաղ գարնանից մինչև խոր աշուն հոտն ու նախիրը նույն ճամփան ունեն`գյուղ-հանդ-գյուղ… Զարգացած երկրների փորձից ելնելով է, որ շատերը կրճատել, կրճատում են ոչխարի գլխաքանակը. Ռուսաստանում 58-ից իջել է 20, Թուրքիայում 68,2-ից` 33, Ղազախստանում 36,5-ից` 19 միլիոնի: Անգամ բրդատվությամբ առաջատար Ավստրալիան է ոչխարը կրճատել 45 միլոնով: Իսկ Իրանի (52), Եթովպիայի (45), Սուդանի (25 միլիոն) պես  ոչխարաշատ երկրներում չեն կարողանում  մեկ կովի միջին կաթնատվությունը գոնե հազար կգ-ի հասցնել, քանզի անբավարար են կերի պաշարները, եղածն էլ տնտեսական սխալ գործունեության պատճառով տարեցտարի պակասում է:

Եվս մի օրինակ, և ամփոփեմ տնտեսական շահավետության և անշահավետության թեման: Շվեյցարիայից 12,5 անգամ մեծ տարածք (504,6 հազար քառ. կմ)  և 2,2 անգամ շատ խոշոր ունեցող Իսպանիան հազիվ նրա չափ կաթ է արտադրում, 6 անգամ քիչ պանիր, պատճառն ինչի շուրջ 25 միլիոն ոչխար-այծն են, որոնք էրոզացրել են Պիրենյան թերակղզին: Մինչդեռ Հայաստանի նման լեռնային Շվեյցարիան (41,3 հազար քառ. կմ) աշխարհը գրավել է համանուն պանրով, հրապուրիչ է եղել, մնում լեռնագնացությամբ, հանգստյան տներով ու առողջարաններով, ինչն անհնար կլիներ, եթե ոչխարի քանակը 200 հազարի փոխարեն լիներ, ասենք, 13 միլիոն, ինչպես, օրինակ, Հունաստանում է: Թերևս, պատճառներից մեկն ու գուցե հիմնականը դա է, որ Իսպանիան, Հունաստանը խրվել են ճգնաժամի մեջ և համեմատաբար թույլերն են Արևմտյան Եվրոպայում:

Այժմ` ոչխար-այծի բնապահպանական առումով վնասակարության մասին: Համաձայն ՄԱԿ-ի գյուղատնտեսության և պարենի զարգացման կազմակերպության` FAO-ի զեկույցի, համաշխարհային արոտավայրերի 20 տոկոսը անդառնալի դեգրադացվել է, ընդսմին վատթարացած հողերի 70 տոկոսը գտնվում է սակավաջուր գոտում` Հյուսիսային Աֆրիկա, Միջագետք, Մեձավոր ու Միջին Արևելք… Տարածքներ, որտեղ դարեր ի վեր անասնապահության ավանդական ճյուղ է մանր եղջերավորը (Ալժիր, Սուդան, Եթովպիա, Իրաք, Իրան, Պակիստան, Բանգլադեշ, Ղազախստան, Ղրղզստան, Մոնղոլիա…): Լերկ, հողազուրկ լեռնալանջեր, խորխորատներ, փոշիացած, լավագույն դեպքում աղքատիկ բուսածածկով հարթավայրեր, ջրազուրկ, գորշ, անհրապույր ավազուտներ… Ահա համայնապատկերը:

Հեռու չգնանք: Այցելեք Հայաստանի նախալեռնային գոտու գյուղերը, աչք գցեք մերձակա հանդերին, բլուրներին ու կտեսնեք վերուվար գնացող բազմաթիվ արահետներ, փեշերը քշտած սարալանջեր, քարուտներ, որտեղ գազփշից ու խռնդատից, իշկաթնուկից զատ ոչինչ չկա, որովհետև ոչխարի ստվար հոտերը տասնամյակներ շարունակ սափրել են բուսածածկը, անձրևաջրերը լվացել-տարել արգավանդ շերտը, և մայր բնությունը մերկությունը ծածկելու, եղած բարալիկ հողաշերտը չկորցնելու համար ոչ ուտելի բույսերով է պատել մարմինը: Պատկերացրեք մարդն առանց մաշկի, նույնն է, թե` երկրակեղևն առանց բուսածածկի` անպաշտպան, ենթակա հազար ու մի վտանգի: Իսկ նման իրավիճակ կլինե՞ր, եթե 1933-ից սկսած Հայաստանում գլխաքանակի անիմաստ աճ չարձանագրվեր, որը 70-ական թվերին հասավ 2,5 միլիոնի:

Անգամ այնպիսի գիտնական, կուսակցական գործիչ, ինչպիսին Մհեր Մելքոնյանն է, ով աշխատել է կոմկուսի Կենտկոմում, եղել անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ռեկտոր, մշտապես ջատագովել ոչխարաբուծության զարգացումը, խոստովանել է, որ անասուններով չափից դուրս բեռնելը հանգեցնում է հողի վերնաշերտի մերկացմանը, ինչը հաճախ կազմում է «արոտավայրերի ընդհանուր տարածության 30 (Արագած) և նույնիսկ 60 (Զանգեզուր, Ղափան, Մեղրի) տոկոսը»: Նրա «Ոչխարաբուծության զարգացման և ինտենսիվացման ուղիները» ծանրանուն գիրքը գրվել է շուրջ 50 տարի առաջ:

Անցյալը երանությամբ մտաբերող մարզպետը թող խորամուխ լինի, թե թվերն ուր կհասնեին հիմա, եթե ազատված չլինեինք բազմահազար հոտերից: Գուցե կարծիք ստեղծվի, թե բնությունն ունակ է ինքնավերականգնման և վիճակը շտկվե՞լ է: Այդպես չե. հարյուրամյակներ են պետք ընդամենը 1 սմ հողաշերտ առաջացման համար: Ուշադրություն դարձրեք «Ինչպես փրկել երկիրը» գրքի հեղինակի նկատառմանը. «Նույնիսկ բնական բուսածածկույթի դեպքում 10 մմ հաստությամբ հողաշերտ գոյացնելու համար անհրաժեշտ է 100-400, իսկ միջին գրքի երկարությամբ հողաշերտի համար` 2000-8500 տարի»: Նույն բնապահպան գիտնականի տողերն են. «Գերարածեցումն անկախ այն բանից, որտեղ է տեղի ունենում` հարուստ, թե աղքան հողերում, կարող է ճակատագրական դառնալ»:

Այսքանից հետո մենք Սյունյաց աշխարհի հանդերը վարձակալությամբ կամենում ենք տալ իրանցիների՞ն: Ու ի՞նչ գնով` հեկտարը 25 ԱՄՆ դոլարով, ինչը 52 հազար հեկտարի պարագայում չի հասնի նույնիսկ 1 միլիոն 300 հազարի: Իսկ Գերմանիայում գիտե՞ք որչափ է 1 հա արոտավայրի վարձակալության արժեքը. տարվա համար` 800-1000 եվրո: Համեմատեք, որպեսզի մտովի գնահատել կարողանաք մեր պաշտոնատար անձանց  անգիտությունը, ասիական մտածելակերպը: Ապշել կարելի է` այդպիսիք ի՞նչ հաշվարկներից ելնելով են խրախուսում նման ձեռնարկները, ու՞մ է ձեռնտու, ովք՞եր են ստվերային հրահանգիչները: Գուցե վաղն էլ Թուրքիան ու Վրաստանը, արաբական երկրները նույնպիսի համաձայնագրեր առաջարկեն: Չէ՞ որ Թուրքիայում, մահմեդականների շրջանում` ընդհանրապես, նույնքան հարգի են ոչխարի միսը, այծի պանիրը, Վրաստանն էլ, դե գիտեք, լինելով անտառային երկիր, լրացուցիչ արոտավայրերի կարիք միշտ ունի:

Փաստենք` մի բանում, այո, ճիշտ է մարզպետը. մոտավորապես նման բան կատարվել է խորհրդային տարիներին. մինչև 1950-ի վերջերը Վրաստանի 8 և Ադրբեջանի 18 շրջաններից 1 միլիոն 350 հազարի հասնող ոչխարը  ամռանն ու աշնանը միջհանրապետական պայմանագրերով արածեցվել է Հայաստանում`Լոռի, Տավուշ, Ջերմուկ, Աշոցք, Արագած, Գեղարքունիք… Ինչպիսի~ գերխտություն: Էլ խոտի ծեղ կմնա, աղբյուր կբխի, առու կգոյանա, վայրի կենդանին թաքստոց կունենա, մեղվապահություն կզարգանա… Մեր 2,5, գառներով` շուրջ 4 միլոնի հասնող չորքոտանուն հավելեք օտարի վիթխարաքանակ հոտերը` ուղեկից հովիվներով ու նրանց բազմանդամ ընտանիքներով, որոնց մի մասը, նպաստավոր իրադրությունից  ու մերոնց պարզամտությունից օգտվելով, վարձվում էին հայաստանյան կոլխոզ-սովխոզներում, գյուղական համայնքներում, որպես հովիվ, հետո տնավորվելով` դառնում տեր ու տնօրեն` ժամանակի ընթացքում փոխելով ժողովրդագրական կազմը, և պատկերը կամբողջանա: Չթվա, չափազանցում եմ: Կարծում եք` Սասունում, Բյուրակնում, Արցախում ու այլուր, հենց նույն Զանգեզուրում քոչվորներն ինչպե՞ս հայտնվեցին, բնավորվեցին: Թերթեք «Մշակի» 1905-1907 թվականների համարներն ու կտեղեկանաք, որ հայ-թաթարական ընդհարումները մեծիմասամբ Մուղանի հարթավայրերից Արցախի լեռնագոգերը, Նախիջանից Սիսիանի, Ջերմուկի բարձրավանդակները, Բորչալուից ու Ղազախից Լոռվա աշխարհը բարձրացող քոչերի պատճառով էր, որոնք ճանապարհին ելուզակությամբ զբաղվելուց զատ հոտերն ուղղում էին ցանքսերն ու խոտհարքները, և հայ գեղջուկը հարկադրված էր ունեցվածքը պաշտպանելու համար երբեմն զենքի դիմել: Ավելին ասեմ` Արցախն Ադրբեջանին բռնակցելու գլխավոր տնտեսական փաստարկը ցածրադիր վայրերի  ազերի բնակչության ամառային արոտավայր չունենալն էր: Կարծում եմ, ըմբռնեցիք թե ժողովրդագրական ինչ վտանգով է հղի անզգույշ քայլը:

Այսքանից հետո մենք իրավունք ունե՞նք բարձրացնելու ոչխարաբուծությունը առաջնային ճյուղ դարձնելու խնդիրը, իրավունք ունե՞նք մեր հետնորդներին զրկելու պատառ հողից, որը հասել է մեզ. չէ՞ որ ունեցածներս երակարությամբ ընդամենը 360, լայնքով հազիվ 200 կմ տարածք է, Սյունիքի հատվածն էլ, հո, թզաչափ: Հանեք եղածից Սևանի ջրային մակերեսը, անտառները, հատուկ պահպանվող տարածքներն ու բնակավայրերը, այգիներն ու ցանքատարածությունները, բաց հանքերը, ի՞նչ կմնա տակը…  Ախր, սահմանված նորմաներ կան, 600 հազարի հասնող հասնող խոշորին կերով ապահովելու խնդիր կա, ախր, գերխտությունը բումերանգի նման ետհարվածի է ունակ` իր բոլոր բացասական հետևանքներով: Ախր, ինչ-որ առումով տարօրինակ, կասեի` հուսահատեցնելու աստիճան տխուր է, որ բանասիրական կրթությամբ արձակագիր-լրագրողս եմ խնդրի շուրջ աղաղակում, գյուղատնտեսության, բնապահպանության ոլորտի անձանց հեռակա ջանում հասու դարձնել վտանգին` դիմելով մինչևիսկ պարզունակ բացատրությունների, որ… կովը լեզվով է բռնում խոտը, հետևաբար չի կարող այն հիմքից կրծել, մինչդեռ ոչխարն ունակ է օրական 15-20 կմ քայլել, ունի սուր դունչ, շարժուն շրթունք և կոր կտրիչներ, ուստի սափրում է բուսածածկը, սեպանման կճղակով քանդում հողը` արմատախիլ անելով նորելուկ կանաչը, իսկ այծը մինչևիսկ քարափներն է մագլցում, երկու ոտքին կանգնելով խժռում անգամ թփուտներն ու ծառերի գետնամերձ ճյուղերը:  Երկարատև ուսումնասիրությունն ինձ բերել է այն անսասան համոզման, որ Հայաստանում մանրի առավելագույն սահմանային  քանակը 0,5 միլիոնն է, այն էլ` կենցաղին բավարարություն տալու նկատառումով (անկողնային բուրդ, մատաղացու), իսկ ահա հարևան երկրի դեսպանը հորդորում է գլխաքանակը հասցնել 7 միլիոնի, որպեսզի տարեկան կարելի լինի իրենց 2-3 միլիոն կենդանի ոչխար ապահովել… 7 միլիոն, ասել է թե` 28, գառներով` 40 միլիոն կճղակ, որոնք մի քանի տարում կբզկտեն, անուղղելի կավերակեն երկիրը:

Ավարտից առաջ Սյունյաց լեռնաշխարհը ապրողներիս կտակած Գարեգին Նժդեհին, ով մեր բաժին հողի փոքրությունը նկատի առնելով, այն ոչ թե հայրենիք էր կոչում, այլ ընդամենը հայրենի անկյուն. ականջալուր լինենք. «Զգու~յշ, մեկ էլ զգու~յշ, դարձյալ զգու~յշ, քանզի… դավադրված ես»: 16-րդ դարի անգլիացի մտածող, պառլամենտի անդամ, «Ուտոպիայի» հեղինակ Թոմաս Մորի թևավոր, ասույթի ուժ ստացած խոսքը մտապահենք` ոչխարները կերան մարդկանց: Իսկ գիտե՞ք որտեղից է գալիս արտահայտությունը. բրդի պահանջարկի մեծանալու հետ Անգլիային գնալով ավելի ու ավելի ոչխար էր անհրաժեշտ, և ֆեոդալներն սկսեցին գյուղացիներից ուղղակի խլել հողերը` դնելով արոտի տակ: Հիշենք նաև խնդիրը մեզանում առաջինը բարձրաձայնած Պայքար Գևորգյանին, ով 1979-ի «Գարունի» հունվարյան համարում «Ինչու են բերրի հողերը դառնում անապատ» հոդվածում հարց էր ուղղել ժամանակի իշխանավորներին` որտեղի՞ց ճիմ գտնենք մեր սարերը  ճիմապատելու համար: Պատասխանը նրանք չգիտեին, իսկ այսօրվա այրե՞րը, ովքեր որոշումներ կայացնողներ են, հակափաստարկ ունե՞ն…

Իմաստ ունի՞ շարունակելը, ասվածը բավարար չէ՞` մեկընդմիշտ հրաժարվելու Հայստանում ոչխարի գլխաքանակը ավելացնելու մտքից, հասկանալու, որ թե տնտեսապես, թե ժողովրդագրական ու թե բնապահպանական առումով նշյալ ուղին կործանարար է:

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Հրանուշ Խառատյան says:

    Պարոն Հովհանիսյանը երկրորդ հիանալի, փաստարկված հոդվածն է տպագրում ոչխարապահության կործանարար հետևանքների մասին: Բայց, որքան ես հասկանում եմ, Հայաստանում կառավարման համակարգի խորը ճգնաժամ է: Մասնագիտական փաստարկները տնտեսական զարգացման ծրագրերի հետ որևէ առնչություն չունենալուց զատ նաև “գլխացավանք” են: Ակնհայտ է, որ գործող կառավարության ծրագրերում կարող են քննարկվել միայն նրանք, որոնք “հենց հիմա և հենց ինձ” շահույթ պիտի բերեն: Երկրի և բնակչության ապագան որևէ առնչությւոն չունի այդ կարգի ծրագրերի հետ: Սա ապացուցվել է բազմիցս: Ինչու գյուղ.նախարարությունը որևէ կերպ չի արձագանքում այս վերլուծություններին? Թող հերքի փաստարկները, թող հիմնավորի ընթացիկ ծրագրերը: Բայց ոչ, ասելիք չունենալու պարագայում լռությունը ոսկի է. լռության ետևում են իրակացվում բոլոր դավադրությունները: Անցյալ տարի հոկտեմբեր-նոյեմբերին գյուղատնտեսության և գյուղական բնակչության համատարած աղքատացման շուրջ “Լրագրում” տպագրված իմ ութ հոդվածներում բարձրացված հարցերը նույնպես մնացին բացարձակ անպատասխան: Էլ ինչի համար են կիրառական գիտության մասին դատարկ խոսակցությունները? Մասնավոր շահից բացի իշխանության կառույցներն ինչով են առաջնորդվում տնտեսական ծրագրեր առաջադրելիս? Դեռ ինչքան պետք է բանկերը գերշահույթներ ստանան մեր բնակչությանը սնանկացնելու ճանապարհով վաշխառուական կապիտալ կուտակելով? Ինչպես, ինչ ճանապարհով հասնենք կառավարողների գիտակցությանը? Թվում էր, թե գոնե վարչապետը, ով ի տարբերություն Հյաստանում գիտական աստիճան ստացող բազմաթիվ վարչարարների, գիտական աստիճան է ստացել իսկապես գիտական հետազոտության համար, կարող էր հասկանալ գիտական վերլուծությունների օգտագործման անհրաժեշտությւոնը: Բայց ոչ, նա էլ է խրվել “մասնավոր շահի” ճահիճը: Լավ, ինչ պատասխան է տալիս նա եթե ոչ Հայաստանի բնակչությանը, գոնե ինքն իր խղճի առաջ? Կարողանում է քնել? Կարողանալու է պատասխանել Սերժ Սարգսյանի թոռնիկին, ով գուցե իսկապես հետագայում հարց կունենա, թե “էս ինչի հասցրիք մեր երկիրը”? Պարոնայք իշխանավորներ, ինչ և ինչպես անենք, որ Դուք հաշվետու լինեք Հայաստանի բնակչությանը? Ինչ և ինչպես անենք, որ Ազատության հրապարակը մի փոքր հանգստանա? Ինչ և ինչպես անենք, որ կառավարությունը կարողանա աշխատել ոչ թե մասնավորի, այլ երկրի համար? Ինչ և ինչպես անենք, որ դուք մի փոքր դուրս գաք անհատ մարդկանց մասնավոր շահի թմբիրից? Ինչ և ինչպես անենք, որ դուք կարողանաք ՏԵՍՆԵԼ:

  2. Մարատ says:

    Որքան հիշում եմ, դեռեւս 80-ականներին Հայաստանի իշխանությունները նույնիսկ հատուկ որոշում կայացրեցին ոչխարաբուծության սահմանափակման մասին, որը, Բաքվի ուղղակի ճնշման տակ, Մոսկվան վերացրեց

  3. Աննա says:

    Շնորհակալություն երկրորդ հանգամանալից հոդվածի համար, նաև որ հնարավորություն եմ ունեցել Ձեր առաջին հոդվածին հղում կատարել իմ մամլո հրապարակումներին արձագանքի մեջ: Ուզում եմ նաև շեշտել, որ այս ամբողջ պատմության մեջ կոպտորեն ոտնահարվում են ՀՀ սահմանադրությունն ու այլ օրենքներ, իսկ մենք` իշխանության կրողներս չենք էլ մասնակցել այս անհեթեթ որոշումներին:
    Արձագանքս կարող եք կարդալ այստեղ, փաստարկված տվյալների աղբյուրները կարմիր հղումներում են:
    Հարգանքով`
    https://civilnet.am/2013/02/15/121361/

  4. Արամ Հովհաննիսյան says:

    Իրավ, 1986-ի օգոստոսին ՀՀ մինխորհը որոշում ընդունեց ոչխարի քանակը կրճատելու մասին: Այն թեև թերի էր, որովհետև վերաբերվում էր Արարատյան դաշտի և մի քանի շրջանների միայն մասնավոր հատվածին, հիմնավորվում` այգեգործությունը զարգացնելու հրամայականով, սակայն իրականում մտահոգությունը էրոզիան կանխելն էր: Նոր-նոր մարդիկ տալիս-առնում էին կատարվածը, երբ Իզվեստիայում զետեղվեց հարցազրույց, որում Վանաձորից ոմն Միրոնով բողոքով դիմել էր ԽՍՀՄ գլխ. դատախազ Ռեկունկովին, իբր, որոշումը Հայաստանը կզրկի զգալի քանակությամբ մսից, կաթից, բրդից: Գլխ. դատախազը որոշումը համարում էր իրավունքների ոտնահարում և գտնում, որ այն պետք է վերանայվի: Ակնհայտ էր ինչ-որ մարդկանց հետին նպատակը, հոդվածի սարքովի լինելը: Ամենայն հավանականությամբ, այն Հայաստանում ապրող քոչվորների ձեռքի գործն էր և դիմել էին Մոսկվայի աջակցությանը:Ըստ երևույթին, դեր էր խաղացել նաև կաշառքը:Թվում էր, մերոնք կգտնեն որոշումը հիմնավորող պատճառներ և հետ չեն կանգնի քայլից, սակայն… Իզվեստիայի հոկտեմբերի 15-ի համարում ՀՀ մինխորհի նախագահ Ֆադեյ Սարգսյանը թղթակցի հեռախոսազանգին վախվորած պատասխանել էր, թե «հարցը վերանայվել է և, չսպասելով դատախազի բողոքարկմանը, նպատակահարմար է գտնվել որոշումը չեղյալ հայտարարել՚”: ՀՀ կառավարությունը, ահա, այդպես հեշտ, անկռիվ հրաժարվեց նոր-նոր ծնված որոշումից: Այնպես որ,թանձրամիտ մարդկանց այսօրվա արարքներում պիտի տեսնել նախորդների ստվերային հետնորդներին, այլ բառով` մուտանտներին : Կուժ, քեզ եմ ասում, կուլա, դու հասկացիր: Հարգանքներով` հեղինակ:

  5. Maxim says:

    Ինձ սթափեցրեց վերջին օրերին երկու Սերժերի նամակագրությունը, որից հասկացա,որ 2008թ-ի
    ազնիվ, արդար, առանց արյունահեղության ընտրված նախագահը, որը մտադիր է հաջորդ 5 տարում
    էլ իրականացնի ,,Դեպի Ապահով Հայաստան,, լոզունգը: Թեպետ ավելի ապահով քան այսօր է, մնում
    է մինչև Շվեցարիա գաղթելով գնանք դեպի մեր պապեկան հողերը:
    Իսկ Սերժ պապիկը,՝ Սերժ թոռնիկի համար Ապահով Հայաստանը կառուցել է, և մնում է ինչպես
    ասում են,՝ բարով խերով վայելեն, այսինքն խաշ ու խորովածի սեղանները՝ կենացնրով ու շալախո-
    ներով զարդարեն, իհարկե կարծում եմ՝, որ մեր շատ սիրելի և անչափ հարգելի սրբազանը կտա իր աստվածային խորաթափանց օրհնանքը այդ սեղաններին, որի օգնությամբ էլ թե՛ խաշի և թե՛ խորովածի պատրաստման համար մսի պակաս չի զգացվի: Իսկ թե Հայաստանում ոչխար կպահեն, այծ, թե՛ կով , դա Ապահով Հայաստանի հետ ոչ մի կապ չունի, եթե նույնիսկ, ողջ տարածությունները տան վարձակալության հարևաններին,՝ չի խանգարի: Բաաաաաաաաաաա…..

  6. Արամ Հովհաննիսյան says:

    Աննա, զգացված եմ թեմայի շուրջ տրամադրած լրացուցիչ տեղեկատվության համար: Հուսադրող է, որ կան մտահոգությունը կիսողներ, մութ գործարքի դեմ ընդվզողներ: «Սա ընդամենը հուշագիր է՚” արտահայտությունը, որ մեծ ու փոքր պաշտոնյաների բերանով հնչում է, ընդամենը հանրության ուշադրությունը շեղելու, բթացնելու, կամքը թուլացնելու նպատակով է. հերիք է խնդիրը մոռացության տրվի, գործի կանցնեն…

  7. Նաիրա says:

    Հարցը ոչխարի քանակին և տվյալ ճյուղի զարգացմանը չի առնչվում, այլ արոտավայրերը Իրանական Ադրբեջանին վարձակալության տալուն. ամեն հովիվ իր հետ կբերի իր ադրբեջանցի ընտանիքը. կարճ ժամանակում կտնավորվեն ու կբազմանան, իսկ հետո պիտի սպասենք թե երբ է նորՍՈՒՄԳԱԻԹ լինելու , որ դրանք թողնեն գնան. այդ ժամանակ այլ մարդիկ կլինեն իշխանության գլխում ու ոչ ոք չի տուժի, միևնույն է, բոլոր հայերը արդեն ԱՄՆ ում կլինեն: Չեմ հասկանում, սրան ենք ձգտում?

  8. Լևոն Մելքումյան says:

    Իմ շատ հարգելի տիկին Խառատյան, միթե մենք վերջիվերջո չպիտի հասկանանք, որ հանրապետական կուսակցությունը, իր առաջնորդով հանդերձ, հանցագործների մի որջ է և այլևս չդիմենք նրանց ինչ-որ հարցով, քանզի այդ ամբողջ ոհմակը (առանց բացառությունների) ամեն ինչի ընդունակ է:

  9. Գոհար Արշակյան says:

    Երևի մի շարժում էլ պետք է սկսել ոչխարային մտածողության դեմ: Ի՞նչ լեզվով պետք է մեր իշխանիկներին հասկացնել, որ չենք երազում հարևան երկրների արոտավայրի վերածվել

  10. vahan says:

    հայ մարդը չի կարող նման ստրկացնող ու ստորացնող համաձայնագիր կնքել, թեպետ կարելի է դրանց գենը հետազոտել, գուցե պարսիկի, թուրքի, արաբի գեն գտնվի, այլապես զտարյուն հայից նման բան դժվար է սպասել: Հետաքրքիր է` ո՞վ պետք է գա Սյունիքում ապրելու եւ անասուն պահելու, իհարկե առաջին հերթին այստեղից Պարսկաստան գնացած հայակեր ադրբեջանցիները: Մենք արդեն պատմությունից գիտենք, որ թուրքերը ցանկացած հողում մի սերունդ ունենալուց ասում են. Համո Սահյանը ժամանակին գրել . ”Գալիս էր հոտը , վրանն էլ հետը”: Տարիներ անց արդեն բարբառըւմ. “Սա մեր հողերն են, մեր պապերը այստեղ են ապրել” Ինչ է ստացվում, որ պետական չինովնիներից ոմանք, ՀՀ նախագահի լուռ համաձայնությամբ մի քանի կոպեկով պատրաստ են վաճառել սեփական երկիրը: Ափսոս, որ հիմա հուդաներն ու վասակներ ավելի շատ են` իրենց ապազգային եւ ստամոքսային մտածողությամբ, քան ազգի նվիրյալները:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/02/13/196239/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031