Հայաստանի փաստաբանների պալատն սկսել է ավելի կարեւոր նշանակություն տալ սպորրտին եւ առաղջ ապրելակերպին:
Մոտ երկու ամիս առաջ կազմակերպվեց ֆուտզալի մրցաշար՝ փաստաբանների մասնակցությամբ: Դեռ այն ժամանակ «Ֆորում իրավունքի» կենտրոնի նախագահ, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը Aravot.am-ին ասել էր, թե ողջունում է Փաստաբանների պալատի այդ նախաձեռնությունը, քանի որ սպորտն ու առողջ ապրելակերպը շատ կարեւոր են փաստաբանների՝ մտավոր մեծ լարում պահանջող աշխատանքում եւ վստահություն հայտնել, որ կլինեն նոր նախաձեռնություններ:
Այսօր Պալատը հրավիրել էր շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, աշխարհի թիմային եւ Հայաստանի չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանին: Գրոսմայստերը միաժամանակյան խաղի սեանս պետք է անցկացներ Փաստաբանների պալատի անդամների հետ: Ողջունելով նախաձեռնությունը՝ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ Սմբատ Լպուտյանը նշեց, թե ուրախալի է այն իրողությունը, որ շախմատը մեզանում դառնում է ավելի ընդունված ու սիրելի մարզաձեւ եւ գնալով ավելի լայն ճանաչում է ստանում: «Շախմատային այսպիսի միջոցառումներ կազմակերպվում են տարբեր բնագավառներում, որովհետեւ այն ջերմություն է տարածում եւ լավ միջավայր ստեղծում: Ու, չնայած, այստեղ էլ լինում են հաղթողներ եւ պարտվողներ, բայց միեւնույն է, շահում են բոլորը՝ թե մասնակիցները եւ թե պայքարին հետեւողները: Շնորհավորում եմ կազմակերպիչներին ու մասնակիցներին, մաղթում հաճելի պայքար ու անմոռանալի օր», – ասաց գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ