Ոգեւորությունն ու ակտիվությունը մարգահովիտցիներին հաղթանակ ապահովեցին
Մարզային «Art Eqspo» միջհամայնքային մշակութային 2-րդ ցուցահանդեսում հանրապետության մասշտաբով լավագույն մշակութային գյուղական համայնք է ճանաչվել Լոռու մարզի Մարգահովիտ համայնքը:
Կարդացեք նաև
Հաղթանակին հասնելու համար ողջ գյուղն է ոտքի կանգնել` փոքրից մինչեւ մեծ:
«Ոգեւորություն կա այս գյուղի բնակիչների մոտ, ձգտում, ակտիվություն, չես կարող չնկատել, գյուղի որ բնակչին միջոցառման համար ինչ հանձնարարություն էլ տայիր, սրտաբաց կատարում էր»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Արամ Ռեւազյանը:
Նա նկատում է, որ գյուղի հաղթանակը մի քանի գործոններով է պայմանավորված, որոնց մեջ նաեւ իրենց դերն է ունեցել հենց մարդկանց ակտիվ լինելու հանգամանքը:
«Մի փոքրիկ տաղավարի վրա ներկայացնել ողջ գյուղի պատմությունը իրոք դժվար է, բայց Մարգահովիտը կարողացավ այնպես ներկայացնել գյուղը, որ կենդանի շունչ էր զգացվում անգամ անկենդան տաղավարից»,-ասում է Արամ Ռեւազյանը` փաստելով, որ նման միջոցառումները օգնում են համայնքներին միմյանիցից փորձ ձեռք բերելու հարցում:
«Այս միջոցառումը համայնքների ձեւավորման 15-ամյակին էր նվիրված, սա մեծ արդյունավետություն ունի նախ համայնքներում մշակութային կյանքի ակտիվացման, աշխուժացման, մշակութային փորձի փոխանակման համար, ինչը նաեւ նպաստում է մազերում մշակույթի համաչափ զարգացմանը»,-նշում է Արամ Ռեւազյանը:
Նա նկատում է, որ Մարգահովիտին հաղթանակի հասնելու համար օգնեց նաեւ սեփական թերթ ունենալն ու խորհրդային ժամանակաշրջանի ողջ պատմամշակութային ժառանգությունը պահպանելու հանգամանքը:
«Մենք, ըստ էության, Լոռու մարզի 108 գյուղական համայնքներից միակ համայնքն ենք, որ պահպանել ենք խորհրդային ամբողջ ժառանգությունը, ավելին, մի բան էլ ավելացրել ենք, օրինակ` մեր մանկապարտեզի կողքին գործում է թանգարանը, նկարչության, պարի խմբակները, երեք մարզադպրոց, թերթը»,- մարզպետարանի աշխատակցին լրացնում է «Մարգահովիտի Զորավիգ» թերթի խմբագիր Հովհաննես Սարդարյանը, որը նաեւ հավելում է, որ թերթի ստեղծման ու հնգամյա պատմության մասին փաստավավերագրական ֆիլմ են ստեղծել:
«2012 թվականին «Մարգահովիտի Զորավիգ» պարբերաթերթի հնգամյակն էր, միջոցառումից հետո ես մտահղացում ունեցա ֆիլմ նկարահանելու: Այսպիսով, գյուղը նաեւ փաստավավերագրական ֆիլմ ունի «Մարգահովիտի Զորավիգ» թերթի պատմության մասին: Մենք հպարտ ենք, որ կարող ենք մարզը հենց մենք ներկայացնել»,-ասում է Հովհաննես Սարդարյանը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ