«Այստեղ հավաքված մարդիկ ունե՞ն կամք այս շարժումը տանել մինչեւ վերջ եւ ազատել այս երկիրը քրեաօլիգարխիկ համակարգից»,- Ազատության հրապարակում այսօր այսպիսի հարց ուղղեց ժողովրդին նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Ստանալով հավաքվածների դրական պատասխանը՝ նա ասաց. «Մենք բոլորս միասին դառնում ենք բռունցք, եւ այդ բռունցքը ջարդելու է քրեաօլիգարխիկ համակարգի ողնաշարը: Այսօր Սերժ Սարգսյանը դեռ Բաղրամյան 26-ում է, որովհետեւ դեռ ամբողջ ժողովուրդը դեռ դուրս չի եկել հրապարակ: Այսօր հեղափոխությունը միայն Սերժ Սարգսյանի հրաժարականը չի: ՀՀԿ-ն պետք է դուրս գա բոլոր պետական մարմիններից: Մենք ունենք խնդիր 1000 հեղափոխության՝ բոլոր գյուղերից սկսած: Ժողովուրդ, կազմակերպվե՛ք: Մենք արդեն հաղթել ենք, մենք կլինենք մեր պետության լիարժեք տերը»:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից արտահերթ զեկույցի մասին խոսելով՝ տեղեկացրեց. «Իրենք արդեն նշում են, որ այն տեղամասերում, որտեղ մասնակցությունը անհավանական բարձր է եղել, այդ տեղամասերում «հաղթել» է գործող նախագահը, այսինքն, ակնհայտ է կեղծիքը եւ լցոնումների փաստը իրենք արդեն ընդունել են այդ զեկույցում: Այնտեղ արդեն որոշակի օբյեկտիվ մոտեցում կա եւ կարծում եմ, մեր պայքարը շարունակելով՝ ունենալու ենք առավել օբյեկտիվ զեկույցներ: Ինչու են շնորհավորել Սերժ Սարգսյանին, որովհետեւ նա համաձայն է Արցախի հարցում Մադրիդյան սկզբունքներին, Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ է: Սերժ Սարգսյանը կողմ է հայ-թուրքական արձանագրություններին, Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ է: Սա է միակ պատճառը, ուրիշ պատճառ չփնտրե՛ք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ