Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանն առաջարկում է հանրաքվե՝ Հանրապետության հրապարակում (Տեսանյութ)

Մարտ 02,2013 18:32

Նա կոչ է անում, որ ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը երդում տա Հանրապետության հրապարակում:

Քիչ առաջ Ազատության հրապարակում ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ մարտի 1-ի դեպքերին, ասելով, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ժողովրդի դեմ դուրս բերեցին ՀՀ մարտունակ բանակը, բայց «մենք այնքան էինք սիրում մայրաքաղաքը, որ չէինք կարող պատերազմել մեր փողոցներում, մենք այնքան էինք սիրում մեր ոստիկանությանը, որ չէինք կարող հարձակվել նրա վրա». «Ծափահարենք ուրեմն 2008-ի մարտի 1-ի նահատակներին, որովհետեւ մարտի 1-ը սգի օր չէ, նրանք զոհվեցին, որ ապրելու, պայքարելու շանս ունենա ՀՀ հպարտ քաղաքացին: Սերժ Սարգսյանին բավական չի, որ ինքն ու Ռոբերտ Քոչարյանը խաղացել են ԼՂՀ հերոսական ժողովրդի անվան հետ, հիմա էլ Ջավախքի անվան հետ են ուզում խաղալ: Թույլ չենք տալու, որ մեզ բաժանեք ղարաբաղցիների, գյումրեցիների, ախալքալակցիների: Մենք ընդհանուր ժողովուրդ ենք եւ վերջ: Ես, որ ծնվել եւ դպրոցն ավարտել եմ Իջեւանում, իջեւանցի եմ այնքան, որքան երեւանցի, երեւանցի եմ այնքան, որքան ղարաբաղցի, ղարաբաղցի եմ այնքան, ինչքան գորիսեցի: Թույլ չենք տալու, որ մենք կռվենք եւ մեր կռվի վրա ձեռքերը տաքացնեք:  Մեր պայքարը բռնության դեմ է, մեր պայքարը ապօրինության դեմ է, ամենաթողության դեմ է: Սա պայքար է հանուն հայ ժողովրդի միասնության: Միասնություն առաջին հերթին նշանակում է օրինականություն, Սահմանադրություն, երբ բոլորը հավասար են օրենքի առաջ, երբ բոլորն ունեն միեւնույն իրավունքները եւ պարտականությունները: Բավ է, որքան պառակտել եք, բաժանել եք, կռվեցրել եք, մեր երեխաներին լարել եք մեր դեմ, մեր ոստիկաններին դրել եք մեր դեմ, մեր բանակը շարել եք մեր դեմ: Թույլ չենք տալու այլեւս, որովհետեւ գալիս է միասնության ժամանակը, եղբայրության ժամանակը, հաղթանակի ժամանակը: Մենք այստեղ ենք ասելու՝ եկել ենք հաղթանակի հետեւից»:

Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի ակնարկներին՝ կառավարության կազմում ընդդիմությանը տեղ տալու, Նիկոլ Փաշիննյանը նշեց. «Ժողովուրդը չունի ոչ մի դատարկ պայմանավորվածության կարիք: Ժողովուրդն ուզում է միայն մեկ բան, եւ այդ բանի անունն է՝ անվերապահ հաղթանակ, որը կպաշտպանի ՀՀ բոլոր քաղաքացիներին: Բանակն ու ժողովուրդը այլեւս երբեք չեն կանգնելու դեմ առ դեմ, ոստիկանությունն ու ժողովուրդը այլեւս չեն դիրքավորվելու իրար դեմ: Բանակը, ոստիկանությունը, ժողովուրդը կանգնելու են կողք կողքի եւ կերտելու են ազատ ու երջանիկ Հայաստան: Մենք եկել ենք ոչ թե ջրելու, այլ բաց պահելու 2008-ի մարտի 1-ի էջը, որպեսզի այդ էջը երբեք ու երբեք այլեւս չգրվի: Հաղթանակ կամ ոչինչ: Հաղթանակ եւ ուրիշ ոչինչ»:

Նա անդրադարձավ նաեւ ընթացիկ քաղաքական իրավիճակին. «Փետրվարի 18-ի ընտրություններում ժողովուրդն ընտրել է  իր նախագահին ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի: Ընտրված նախագահը պաշտոնը պետք է ստանձնի ապրիլի 9-ին: Սա նշանակում է, որ նորընտիր նախագահի ջանքերը պետք է միտված լինեն ապրիլի 9-ին ժողովրդի հաղթանակը դե յուրե սահմանելու: Րաֆֆի Հովհաննիսյանի ջանքերը իմ համեստ կարծիքով պետք է ուղղված լիենն ժողովրդի վստահությունը վայելող կառավարության թիմի հաստատմանը: Ինքս ոչ մի պայմանով, ոչ մի պարագայում չեմ հավակնում լինել, որեւէ պայմանով չեմ լինելու այդ նոր իշխանության կազմում, որպեսզի որեւէ մեկը առիթ անգամ չունենա Ազատության հրապարակի այս ոգեղեն պայքարը ներկայացնել որպես աթոռակռիվ: Այս ֆոնին, որպես ոչ թե հարթակի, այլ հրապարակի մարդ, արտահայտում եմ համոզմունքս: Թե ինչպիսին կլինի Րաֆֆի Հովհաննիսյանի նոր իշխանական թիմը, բացառապես դրանից է կախված հետագա իրադարձությունների ընթացքը: Դրանից է կախված, թե 2013-ի ապրիլի 9-ին որքան մարդ դուրս կգա հրապարակ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը կնքելու համար: ԿԸՀ տվյալները ի ցույց չեն դնում ժողովրդի ընտրությունը, ուստի ժողովորդը ինքը պետք է իր կարծիքը դնի ոչ թե Ազատության, այլ՝ Հանրապետության հրապարակում: Պիտի Հանրապետության հրապարակում ժողովրդական հանրաքվեով հաստատենք այդ ազատությունը: Սերժ Թանկյանի, Վարդան Պետրոսյանի, ու էլի շատ մտավորականների հետ՝ սփյուռքով, գորիսեցիներով, ախալքալակցիներով Րաֆֆի Հովհաննիսյանին պիտի երդվեցնենք Երեւանի Հանրապետության հրապարակում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031