Վերջապես եկավ շատերի համար սպասված, ոմանց համար էլ հերթական սովորական օրը. այսօր՝ մարտի 2-ին, «Առաջին ալիք»-ի ուղիղ եթերում տեղի կունենա «Եվրատեսիլ- 2013»-ի հայկական երգի ընտրությունը: Այն կկատարվի ազգային ընտրությամբ՝ հեռուստադիտողների sms հաղորդագրությունների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ:
Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական հանձնաժողովի ներքին ընտրությամբ հաստատված մասնակից Գոռ Սուջյանը կկատարի երգի մրցույթին ներկայացված ավելի քան 70 երգից լավագույնները: «Եվրատեսիլ- 2013» կմեկնի այն երգը, որը ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության (50/50) արդյունքում կհավաքի ամենաբարձր միավորները:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2013»-ը տեղի կունենա սույն թվականի մայիսի 14-ին, 16-ին և 18-ին Շվեդիայի Մալմո քաղաքում:
Նշեմ նաև, որ բուքմեյքերներն արդեն ակտիվորեն խաղադրույքներ են ընդունում՝ պարզելու համար «Եվրատեսիլ 2013»-ի հաղթողի անունը: Բրիտանական հեղինակավոր William Hill բուքմեյքերական ընկերության արդյունքներով` Գոռ Սուջյանը այս պահի դրությամբ չորրորդ հորիզոնականում է: William Hill-ի կարծիքով, մեծ է հավանականությունը, որ կհաղթի Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դե Ֆորեսթը, որը մրցույթին ներկայացնելու է «Only Teardrops» երգը, այս մասին գրել է bookmakesrating.ru-ն:
Եվրատեսիլից այն կողմ այլ հետաքրքիր իրադարձություններ ու նորություններ շաբաթվա ընթացքում ևս եղել են, ինչպես օրինակ Գարիկ Պապոյանի նոր հաջողությունը: Ռուսաստանի կինոթատրոններում երեկ առաջին անգամ ցուցադրվել է «Ինչ են անում տղամարդիկ» ֆիլմը: Կինոկատակերգության ռեժիսորը մեր հայրենակից Սարիկ Անդրեասյանն է, իսկ երկրորդ հայը, որի անունը կկարդաք տիտրերում, երաժիշտ, հումորիստ Գարիկ Պապոյանն է: Հենց նա էլ հեղինակել է ֆիլմում հնչող մի շարք երգեր, այս մասին հայտնել է Bravo.am-ը : «Կապվեցին ինձ հետ ու առաջարկեցին, որ ֆիլմում հնչի իմ հեղինակած «Opposite Things» երգը, որը կատարում եմ Նարինե Դովլաթյանի հետ: Հետո լսեցին մյուս ստեղծագործություններս ու առաջարկեցին գրել նաեւ ֆիլմի մյուս երգերը: Դրանք թվով հինգն են, երկուսը` գործիքային կատարումներ, մեկն էլ համագործակցություն է այլ երաժշտի հե»,- ասել է Գարիկը:
Իսկ մեզ մոտ՝ Հայստանում, թեև նոր գեղարվեստական ֆիլմ չի սպասվում մոտ ժամանակներս, բայց իր նոր եթերաշրջանն է սկսելու «Yere1»-ի հումորային սերիալը: Դերասան և սցենարիստ Գրիգոր Դանիելյան խոսքով տևական դադարը միտումնավոր էր. «Մենք որոշակի ժամանակ դադար տվեցինք, որ հանգստանանք ու թարմ ուժերով վերադառանանք: Բնականաբար, չէինք կարող թողնել այս նախագիծը, քանի որ սա մեր ֆորմատն է ու անպայման պետք էր շարունակել այն»: Այս մասին գրել է esyes.am-ը:
«Yere1»-ի նոր եթերաշրջանում հանդես կգան նաև Սեպուհ Ապիկյանը, ով հեռուստադիտողներին հայտնի է «Վերվարածները» հեռուստասերիալից, «Եռաչափ սեր» հեռուստասերիալի դերասանները, Արմեն Թադևոսյանը: «Yere1»-ում հանդես կգա նաև Անդոն՝ որպես անհաջողակ լրագրող: Նախագծի հին կազմից էլ եթերում կլինեն Մենչը, Զառան, Դելոն, Գրիգորը և այլք:
Այս շաբաթ տեղի է ունեցել նաև «Վան» ռադիոկայանի կազմակերպած «Van Music Awards-2012» մրցանակաբաշխությունը: Երկրորդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության հաղթողները ստացել են միմյանցից տարբերվող նկարազարդված ձեռքեր, որոնք հեղինակել են նկարիչներ եւ դիզայներներ, այդ թվում` Տիգրան Մատուլյանը, Արեւ Պետրոսյանը, Արարատ Մինասյանը, Շուշան Պետրոսյանը, Արմեն Պրոյանը եւ այլք: Հաղթողներն ընտրվել են երաժշտասերների քվեարկության եւ ժյուրիի անդամների որոշման արդյունքում: Երաժշտական քննադատ Արմեն Մանուկյանի գլխավորած ժյուրիի կազմում են եղել Նաիրա Գյուրջինյանը, Շուշան Պետրոսյանը, Արթուր Գրիգորյանը, Արտյոմ Այվազյանը եւ Մարինե Ալեսը, այս մասին հայտնել է Bravo.am –ը:
Տիգրանուհի Թասլակյան