Սիրել մեկին, խոստովանել սերը, շփվել նրա հետ և հետո տեղեկանալ, որ նա զուգընկեր ունի. դավաճանվածի, խաբվածի և ստորացվածի զգացումը ճաշակում են շատերը: «Առավոտ երիտասարդականը» այսօր անդրադառնում է հենց այս երևույթին՝ փորձելով պարզել երիտասարդների կարծիքները: Մեր հերոսներից Նարեկը մի քանի ամիս շփվում էր մի աղջկա հետ: Սիրում էր նրան, իսկ աղջիկը մերժում էր, այնուամենայնիվ հույսեր էր տալիս՝ պատասխանելով զանգերին և հանդիպումների գնալով: «Նա ընդունում էր նվերներս, ինձ հետ իրեն անկաշկանդ էր պահում, ոնց որ ասեր` թող ժամանակ անցնի, ես կասեմ` այո: Ես իրեն շատ եմ սիրում ու շատ եմ ափսոսում: Նարեկի սիրո պատմությունը երջանիկ ավարտ չի ունեցել: Ակնկալիքները, որ մեկ շաբաթից աղջիկը պետք է իրեն պատասխան տար, որը և խոստացել էր անել, չարդարացվեցին: Նախ տղան սիրելիին պատահաբար հանդիպում է Երևանյան փողոցներից մեկում՝ ուրիշի հետ գրկախառնված, ապա մեկ ուրիշ օր զանգում է նրան ՝ բացատրություն պահանջելու: Աղջկա փոխարեն վերցնում է խռպոտ ձայնով մեկը, ու ասում, որ նրանք զույգեր են: «Սկզբում, երբ նրան տեսա ուրիշի հետ, շատ հեռու էր, աչքերիս չէի ուզում հավատալ, մտածում էի՝ երևի նման ա իրեն, բայց ինքը չի, ընկերս իմ հետ էր, նա հաստատեց»: Նարեկը այժմ չի հանդիպում այդ աղջկա հետ, խոսել է նրա ընկերոջ հետ, խզել է բոլոր կապերը, բայց չի կարողացել ազատվել զգացմունքներից. «Դա մի բան է, որ չես կարող հրամայել, սերը սկզբունք չէ, որ ընդունես կամ չընդունես: Ես ինձ հիմա փալասի պես եմ զգում՝ համ զգացմունքներս են վիրավորվել համ ինքնասիրությունս»,-ասում է նա:
Նարեկի պատմությունը կարող է հարազատ թվալ շատերին: Ավելի դաժան դեպքեր էլ են լինում, երբ աղջիկը ոչ թե սեր է խոստանում ՝ մի փոքր ժամանակ պահանջելով, այլ հենց դառնում է ընկերուհիդ՝ քեզ խաբելով կամ կոտոշավոր և միաժամանակ դարձնելով իր երկրորդ կամ երրորդ ընկերը: Լինում է նաև, երբ որոշ ժամանակ անց աղջիկը ներողություն է խնդրում՝ վերադառնալու ակնկալիքով: Մեր հարցման ընթացքում հնչած պատասխաներից կարելի եզրակացնել, որ տղաների մեծամասնությունը այդ քայլը համարում է ստորություն, միայն քչերն են պատրաստ հանուն սիրո մոռանալ «ստորությունը»: «Եթե մի անգամ այդպես ա արել, էլի կկրկնվի», «Տղեն պիտի ինքնասիրություն ունենա, ոչ թե լինի թուլամորթ, այդպիսի աղջիկներին վառել ա պետք. ոչ թե ներել», -ասում են նրանք: Սակայն կան նաև այնպիսիները, որոնց կարծիքով` մարդ կատարյալ չէ, պետք է ներել նրանց սխալները, եթե վերջիններս ընդունում են: «Պիտի նախ հասկանաս նրա արածի պատճառը: Հնարավոր ա` չի հասկացել, որ տղային հույսեր ա տալիս, կամ այդ տղան իրա համար թանկ ա եղել, չի ուզեցել խզել կապը, դրա համար էլ թաքցրել ա, բայց հետո հասկացել ա, որ հենց նրան ա սիրում ու որ երբեք այդպիսի սխալ չի անի»,-ասում է 19-ամյա Լևոնը: Նրա հետ համամիտ չէ 20-ամյա Արսեն. «Չհասկանալը պատճառ չի, բոլորն էլ կարող են իրենց էդպես արդարացնել: Մարդ պիտի պատիվ ու արժանիքներ ունենա, որ հանկարծ միտումնավոր կամ «միամիտ» չվշտացնի ուրիշին,-ասում է նա և հավելում,- մեկ-մեկ դիտավորյալ են աղջիկները տղաներ ֆռռացնում, որ իրենց ինքնագնահատականը բարձր լինի»:
Սիրո մեջ ինքնասիրությունը նման է անձնական շահախնդրությանը ընկերության մեջ։
Նազենի Բաղդասարյան
Հ.գ. «Առավոտ երիտասարդականը» հաջորդ անգամ կանդրադառնան հակառակ երևույթին, երբ տղաններն են անակնկալի բերում գեղեցիկ սեռի նեկրայացուցիչներին: