ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը մարտի 2-ին հրապարակել է հետընտրական հերթական միջանկյալ զեկույցը՝ փետրվարի 18-ի Նախագահի ընտրություններին հաջորդած հետընտրական զարգացումների վերաբերյալ:
Այն, մասնավորապես, անդրադառնում է Րաֆֆի Հովհաննիսյանի խաղաղ, սակայն անօրինական հավաքների կապակցությամբ ՀՀ ոստիկանության կողմից արված հայտարարություններին:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ոստիկանության պարտականությունը` հայտարարելու իրազեկում պահանջող, սակայն առանց իրազեկման անցկացվող հավաքների ժամանակ դրանց անօրինական լինելու և օրենքով նախատեսված պատասխանատվության մասին, շարունակելու է գործադրվել այնքան ժամանակ, քանի դեռ իրազեկում պահանջող հավաքներն անցկացվում են Հավաքների ազատության մասին օրենքի պահանջների խախտմամբ:
ՀՀ ոստիկանության այդ լիազորությունն ուղղակիորեն նախատեսված է Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասով և ուղղված է հենց հավաքի մասնակիցներին իրենց վարքագծի հետևանքների պարզաբանմանը` որպես իրավական հստակությունն ու կանխատեսելիությունն ապահովելու պահանջի կատարման միջոց:
Կարդացեք նաև
Հարկ է նաև նկատել, որ խոսքը վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ նախազգուշացնելու մասին է, որը որևէ կապ չունի խաղաղ հավաքին իր լիազորությունների սահմաններում աջակցելու՝ ոստիկանության պարտականության հետ:
ՀՀ ոստիկանություն