Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպես խոսեցին մշակութային «բրենդները»

Մարտ 02,2013 14:32

 Կամ՝ իրականությունն ինչպես որ կա

Ամեն մի ժողովուրդ ունի իր մշակութային «բրենդային» արժեքները, որոնք դառնում են ազգը ներկայացնող խորհրդանիշներ: Աշխարհը տասնամյակներ շարունակ իբրեւ հայկական «բրենդ» ընդունում եւ ճանաչում է հայաստանցի եւ սփյուռքահայ ընդամենը մի քանի արվեստագետների, նրանք են՝ Սարյան, Խաչատրյան, Փարաջանով, Ազնավուր, վերջին 20 տարում էլ՝ Ջիվան Գասպարյան: Այդուհանդերձ, բոլոր ժամանակներում եւ այսօր էլ, արեւմտյան թատրոնների, ցուցասրահների ու այլ մշակութային օջախների ցանկալի հյուրեր են մշակույթի տարբեր ոլորտներում ստեղծագործող հայաստանցի եւ հայազգի գործիչներ: «Առավոտը» ճանաչված արվեստագետներից հետաքրքրվեց, թե եւս քանի՞ տասնամյակ է անհրաժեշտ, որպեսզի մշակութային «բրենդների» ցանկը  համալրվի:

Գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի խոսքերով՝ ցանկացած ազգի մշակութային «բրենդը» ներկայացնող գործիչը, կարեւոր չէ, թե աշխարհի որ մասում է ապրում ու ստեղծագործում, եւ ժամանակը կարեւոր դեր է խաղում «բրենդի» ճանաչման համար. «Կերպարվեստում ինձ համար «բրենդ» են Սարյանն ու Քոչարը, Արշիլ Գորկին ու Ժանսեմը, ու, միեւնույն ժամանակ՝ մերօրյա իմ որոշ գործընկերներ: Ժողովուրդը ինքը պետք է կարողանա գտնել իր արժեքը եւ ներկայացնել աշխարհին: Իսկ դրա համար պետք է աշխատեն թե հայրենական եւ թե օտարերկրյա մեր լծակները, տեղական իշխանությունների եւ արտերկրում հայկական դեսպանատների հետ սերտ համագործակցությամբ: Իսկ կոնկրետ այսօր հայ կերպարվեստը աշխարհին ճանաչելի դարձնելու միակ ճանապարհը Լոնդոնի, Ֆրանսիայի եւ այլ քաղաքների հայտնի աճուրդների մասնակցությունն է, ինչի համար մենք ունենք արժեք ներկայացնող կերպարվեստ՝ մեր երեւելիների ու մերօրյա նկարիչների ստեղծագործությունների տեսքով: Թե չէ՝ միամիտ է մտածել, որ օտարերկրացին կգա, կտեսնի, կզարմանա ու կգնա իր երկրում կխոսի եւ կներկայացնի, ասենք, Հայաստանում հավանած եւ իր կարծիքով թեկուզեւ հանճարեղ այս կամ այն նկարչին եւ գործը: Օրինակ, ես 30 տարի «ցուցադրում» եմ աշխարհը: Այս «գործընթացը» շատ դանդաղ է ընթանում… Կարճ ասած՝ պետք է ունենաս թիկունք՝ հանձին քո պետության»:

Hovhannses-CheqijyanԽմբավար Հովհաննես Չեքիջյանը կեսկատակ-կեսլուրջ հայտնելով, թե միայն Սողոմոն Իմաստունը կասեր, թե ով կամ ովքեր են հայկական «բրենդ» դրսում, պատասխանեց. «Մեկ բան կասեմ. անխոս, ունեցել ենք եւ հանճարներ, եւ տաղանդներ, որոնց հեռանալուց հետո իրենց տեղը թափուր է մնացել: Կարծում եմ՝ դժվար չէ գուշակել, թե մեր որ մեծերի մասին է խոսքս: Ավելի շատ ցանկություն ունեմ՝ եկեք նախ մենք մեր մեծերին գնահատենք, այլ ոչ թե «գնա մեռի՝ արի սիրեմ» անենք: Իսկ թե ինչ մոտեցում կցուցաբերի աշխարհն այս հարցում՝ թողնենք հենց նրան՝ աշխարհին»:

VArduhi-Varderesyan1Դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը հայտնեց, թե իր ամենօրյա հոգսը հենց մեր մշակույթն է, հավելելով. «Սակայն ես այսօր այդ մասին չեմ խոսի: Շատ բաներ պետք է փոխվեն, որ մշակույթն էլ իր տեղն ընկնի, իսկ աշխա՞րհը, իսկ աշխարհը՝ հետո»:

Robert-Amirxanyan-70-amyak5Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի համոզմամբ՝ «մեր ժամանակներում իշխողը փողի թագավորությունն է: Ժողովրդի գերակշիռ հատվածը մտահոգված է իր կենցաղով, մի մասն էլ գերադասում է հաճույքը: Այս պայմաններում մշակույթի գործիչներն էլ մտածում են զբաղվել ռեալ բաներով… Մեր երկիրը պետք է կարողանա ստեղծել մշակութային այնպիսի բարձրակարգ դպրոց, այնպիսի բարձրորակ կրթական համակարգ, որը իրեն կձգի երիտասարդներին, նրանց հնարավորինս հեռու պահելով ինտերնետից, սեռական թեքումով հաղորդումներից, անմիտ սերիալներից եւ այլն: Խնդրում եմ այս միտքս չսպրդի. ժամանակն է սթափվելու, մարդիկ: Իսկ եթե արվեստագետը աշխարհին ասելիք ունի, անխուսափելի է, այն մի օր հնչելու է»:

MHM56482-copyՕպերային երգիչ Գեղամ Գրիգորյանը վստահեցնում է, որ մշակութային «բրենդ» կոչվածը արվեստագետի տեսքով, որին աշխարհը պետք է ճանաչի, պետք է արժեւորվի նախեւառաջ հայրենիքում. «Թե չէ ո՞ւմ է հետաքրքիր, որ գան, որոնեն, գնան ու քննարկեն ու ավելին՝ որոշեն, թե ով կամ ովքեր են Հայաստանի «բրենդը»: Ի վերջո, ուզում եմ հասկանալ, թե ինչո՞վ է չափվում մշակութային «բրենդը», ինչի մասին խոսվում է նաեւ աշխարհում: Իսկ մենք մշակութային տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նաեւ օպերային արվեստում, ունենք բարձրակարգ արտիստներ, ովքեր սպասված են նաեւ դրսում: Այդ մենք պետք է ճիշտ ներկայացնենք աշխարհին: Իսկ մեզ մոտ հիմա փակուղային վիճակ է, ինչը կարելի է անվանել քաղաքական «բրենդ»…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031