Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անդրեա Առնոլդի կինոհնարքը՝ Fish Tank

Մարտ 02,2013 14:20

f Կամ ինչպես «որսալ» իրականությունը

Հայաստանում բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի բացման ֆիլմն է՝ Անդրեա Առնոլդի Fish Tank-ը՝ «Ակվարիումը»: Գլխավոր հերոսուհին դժվար դեռահասն է՝ Միան (Քեթի Ջարվիս): Նա չհասկացված է ընտանիքում, դպրոցից հեռացրել են, բոլորի հետ խնդիր ունի եւ մեն-մենակ է՝ կյանքի հետ, սիրում է պարել, սիրում է կենդանիներին: Նրան բոլորը տարօրինակ են համարում: Գորշ իրականությունից փախուստի միակ միջոցը Միայի համար պարն է: Ֆիլմը հենց պարով էլ սկսվում է, եւ դա խորհրդանշական է. ամեն ոք ստիպված է պարել կյանքի առաջարկած ռիթմերի տակ, իսկ թե կոնկրետ որ ռիթմն ես նախընտրում, քո որոշելիքն է:

Ֆիլմի ավարտին էլ պարային կտոր կա՝ մայրը (Կիրսթոն Ուերինգ) եւ երկու դուստրերը պարում են նույն երգի տակ, բայց Միան հեռանում է «խաղից», նա չի կարող պարել մոր «պարը», նա մերժում է այդ կենսաձեւը եւ հեռանում: Միան քրոջ հետ ապրում է մի ընտանիքում, որտեղ հայր չկա, իսկ մայրը բազմաթիվ տղամարդիկ ունի իր կյանքում: Մայրը կոպիտ է երեխաների հետ, նրա ամեն քայլն ու խոսքը գլխատում են Միայի ոգեւորությունն ու լավատեսությունը: Եվ ահա մոր հերթական տղամարդկանցից մեկը՝ Քոնորը (Մայքլ Ֆասբենդեր), միանգամից փոխում է Միայի կյանքը:

Բավական չի հոգ է տանում նրա մասին, դեռ մի բան էլ լսում է նրա սիրած երաժշտությունը… Նրանք ընդհանուր նախասիրություններ ունեն: Միան սիրահարվում է. Քոնորն ուրիշ է, տարբեր: Միան նրա մեջ հայր է տեսնում, մարդ, որի վրա կարելի է հենվել… Վերջապես նաեւ առանձնահատուկ տղամարդ է 15 տարեկան աղջնակի աչքում. ի՜նչ գեղեցիկ էր այդ տղամարդու եւ մոր սեքսը, որը Միան տեսնում է դռան ացքից ծիկրակելիս…Ի դեպ, իսկ ինչո՞ւ մորից վրեժ չլուծել նաեւ իր գողացված մանկության համար, մանավանդ այդ տղամարդն իրեն դուր է գալիս…

Ռեժիսոր եւ սցենարիստ Առնոլդը հնարամիտ լուծումներով ցույց է տալիս, թե ինչպիսին է կյանքն իրականում. այն երջանկությունների շարան չէ, կան ընդամենը փոքրիկ առկայծումներ, հասարակ մարդիկ այդպես են ապրում: Ֆիլմի վերնագիրը եւս պատահական չի ընտրված. կյանքը մի հսկա ակվարիում է՝ մանրումեծ ձկներով: Խոշոր ձկների համար ավելի հեշտ է, մանրերը գոյատեւելու համար հազար ու մի քայլի են դիմում: Խորհրդանշական է նաեւ լճակում առանց կարթի, ուղղակի ձեռքով Քոնորի ձուկ բռնելու դրվագը, այդպես հնարամտորեն կարելի է ձկան նման «որսալ» կանանց ուշադրությունը, վստահությունը, համակրանքը՝ այդ ամենի ակամա մասնակիցը դարձնելով «զոհին»: Ահա 15-ամյա աղջիկը մի օր քնում է մոր սիրեկանի հետ, որն իրենից բավականին մեծ է տարիքով…

Բացի նրանից, որ մի շարք մրցանակների արժանացած ֆիլմում հրաշալի ռեժիսորական եւ սցենարային աշխատանք է արված, գլխավոր հերոսուհին էլ է լավ խաղում: Ի դեպ, երբ նրան հրավիրել են այս ֆիլմում նկարահանվելու, համապատասխան փորձ չի ունեցել: Ասում են՝ ֆիլմի ստեղծագործական անձնակազմի անդամներից մեկը «Միային» հայտնաբերել է Թիլբերի երկաթուղային կայարանում:

Fish Tank-ը նուրբ հոգեբանական շերտեր ունի, որոնք, կարծում ենք, ընկալելի են մի քիչ հոգի ու մի քիչ ինտելեկտ ունեցող ցանկացած էակի համար:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031