Լրահոս
Օրվա լրահոսը

Արային չեն տրամադրում փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին որոշումը

Մարտ 02,2013 14:15

«Շատ զարմանալի է, որ աղջիկս՝  ծնված 1992 թվականին, արդեն ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, սակայն մինչեւ հիմա էլ Միգրացիոն պետական ծառայությունում հաշվառված է որպես փախստական, իսկ տղաս, որ աղջկանիցս էլ մեծ է եւ չունի  ՀՀ քաղաքացիություն, դադարեցրել են նրա փախստականի կարգավիճակը»,- «Առավոտի» հետ զրույցի ժամանակ շեշտեց Լուսյան:

Տիկին Լուսյան Արա Նալբանդյանի մայրն է, ով զարմացած է, թե ինչի համար է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը (ՄՊԾ) դադարեցրել իր տղայի փախստականի կարգավիճակը եւ թողել հնարավորինս վատթարացող, իրավաբանորեն գոյություն չունեցող վիճակում:

2009 թվականին Ռուսաստան մեկնելու կապակցությամբ Արան դիմում է գրում ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն, որպեսզի իր փախստականի կարմիր վկայականը (որն,  ի դեպ, նրա միակ անձը հաստատող փաստաթուղթն է) փոխարինվի փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով: Քանի որ փախստականի կարմիր վկայականով Արան չէր կարող սահմանն անցնել, այդ իսկ պատճառով նա պետք է ստանար ճամփորդական փաստաթուղթ: Դիմումը գրելուց հետո իրեն պատասխանել են, որ խնդիրներ են առաջացել:  Այդ խնդիրները հասնում են նրան, որ Միգրացիոն պետական ծառայությունը չի հաստատում Արայի՝  փախստական լինելու հանգամանքը: Դա լինում է պատճառ: Անվավեր են ճանաչում Արայի փախստականի վկայականը: Լուսյան՝ Արայի մայրը, տղայի հետ շտապում է Միգրացիոն պետական ծառայություն եւ պահանջում տեղեկանք այն մասին, որ պատճառն ասեն, թե ինչի համար են դադարեցրել տղայի փախստականի կարգավիճակը: ՄՊԾ-ի պետ Գագիկ Եգանյանը պատասխանում է, թե. «Արա Նալբանդ

րեցվել է, քանի որ նա ծնվել է Հայաստանում»: Այստեղ նկատենք, որ Արային չեն տրամադրում փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին որոշում, որն անհրաժեշտ է նրա համար, որպեսզի Արան կարողանա որոշումը բողոքարկի դատարաններում: «Առանց որոշում կայացնելու՝ տղայիս ձեռքից վերցրեցին փախստականի վկայականը եւ այնպիսի տպավորություն էր, կարծես հանցագործություն էինք արել»,- անհանգստանում է Լուսյան:

Երկար ժամանակ գլխացավանք ապրելուց հետո՝ 2009-ից մինչեւ 2012 թվականը, Արային այդուամենայնիվ հաջողվում է ՄՊԾ-ից վերցնել որոշում այն մասին, որ նրա փախստականի կարգավիճակը դադարեցվել է: Այդ որոշման շնորհիվ էլ Արան կարողանում է ձեռք բերել փախստականի ճամփորդական փաստաթուղթ, սակայն հետաքրքիրն այն է, որ դեռ նրա կարգավիճակի հարցը վիճարկվում է: Այդ մասով Արան դիմել է ՀՀ վարչական դատարան: Նախնական դատական նիստը կայացել էր եւ նշանակվել էր դատական քննություն, սակայն նիստը հետաձգվեց, քանի որ ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը պատշաճ տեղեկացրել էր դատարանին խնդրանքով. «Հարգելի դատարան, քանի որ ՄՊԾ-ի կողմից դատարանում որպես պատասխանող Ռուզաննա Պետրոսյանը 2013 թվականի փետրվարի 25-ից մինչեւ մարտի 1-ն ընկած ժամանակահատվածը բացակայելու է Հայաստանից, այդ իսկ պատճառով խնդրում եմ դատական քննությունը հետաձգել»: Հայցվոր Արայի՝ դատարանում որպես ներկայացուցիչ Աշխեն Եսայանը չառարկեց հետաձգելու հանգամանքը, եւ դատավոր Սամվել Հովակիմյանը որոշեց նիստը հետաձգել:

Դատական քննության օր դեռ չի նշանակվել: Այդ մասին դատարանը կտեղեկացնի փոստային ծանուցման միջոցով:

Արայի փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասով հայցում խնդրվում է անվավեր ճանաչել  ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության 08.06.2012թ. թիվ Մ-157/12-Փ որոշումը:

«Հաշվառում անցել ենք Ադրբեջանից Հայաստան բռնագաղթվելուց հետո: 1995 թվականին ստացել ենք փախստականի ընտանիքի քարտ, որից հետո արդեն 16 տարեկանում տղաս ստացել է փախստականի վկայական: Հիմա թող ինձ պատասխանեն, թե այդ ինչպե՞ս են տվել տղայիս փախստականի վկայական, երբ նա 16 տարեկան էր եւ այդ ի՞նչ եղավ, որ հանկարծ որոշեցին այդքան տարիներ հետո դադարեցնել կարգավիճակը: Չէ՞ որ մենք իրենցից այդ կարգավիճակը չենք խնդրել,  այլ հենց իրենք են տվել  եւ վերջապես ինչի՞ համար էին գրանցում որպես փախստական, որ  հետո զրկե՞ն»,- անկեղծանում է Արայի մայրը: Լուսյան միայնակ մայր է, եւ  դժվար է ապրել այն պայմաններում, երբ աշխատանք չունեն տան անդամներից եւ ոչ մեկը: Դժվարանում է, քանի որ ապրում են վարձակալած տանը: «Մեզ համար շատ դժվար է: Արաս սովորել էր ուզում, որի  համար էլ ընդունվեց համալսարան: Մեկ ու կես տարի դասի գնալուց հետո, չկարողանալով վարձավճարը մարել, տարկետում վերցրեց, սակայն միգրացիան կարող էր աջակցել տղայիս՝ որպես  փախստական, չէ՞ որ նա փախստական է: Վարձավճարից 20% զեղչ էին արել, այն էլ նրա համար, որ ոչ թե փախստական ենք, այլ՝ միայնակ մայր եմ»,- ցավով նշում է Լուսյան:

Արայի փախստականի կարգավիճակի հարցն այնքան ազդեցիկ  չէր հնչի, եթե չնշեինք մի շատ կարեւոր փաստ, եթե կարգավիճակը չվերականգնվի, ապա կրկին անգամ  նրա անձնագիրն անվավեր կճանաչվի, իսկ այդ անձնագիրը նրա միակ անձը հաստատող փաստաթուղթն է Հայաստանի Հանրապետությունում:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031