Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանը խուսափե՞ց Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպումից

Մարտ 02,2013 14:12

Սասուն Միքայելյանն էլ Տեր-Պետրոսյանին չի մեկնաբանում

Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր այստեղ չէ՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այդ իրողությունը, «Առավոտի» հարցին 2008 թվականի Մարտի 1-ի գործով ազատազրկված Սասուն Միքայելյանն ասաց. «Ոնց կարամ մեկնաբանեմ: Չի կարողացել գա, բայց ինքն էստեղ ա, էս շարժման բոլոր անդամներն էլ իրար հետ են, իրա հետ են»: Նկատենք, որ երեկ 2008 թվականի Մարտի մեկի զոհերի հիշատակին մատուցված պատարագին, այնուհետեւ նաեւ Մյասնիկյանի արձանի մոտ զոհվածների հիշատակը հարգելու ակցիային ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկա չէր: Մյասնիկյանի արձանի մոտ հավաքվածները մեկ ժամից ավելի կանգնած էին, ոմանք՝ աչքները Տեր-Պետրոսյանի ճանապարհին: Նա այդպես էլ չեկավ: Որեւէ պաշտոնական մեկնաբանություն այս առիթով չհնչեց, սակայն խոսակցություններ էին շրջանառվում, որ Տեր-Պետրոսյանը խուսափել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպելուց: Րաֆֆի Հովհաննիսյանը եւս ներկա էր գտնվել պատարագին, ապա եկավ Մյասնիկյանի արձանի մոտ: ՀՀՇ վերջին համագումարում իր ելույթի ներքաղաքական իրավիճակի մասին վերլուծության հատվածում Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ինքն ընդունում է Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը՝ անցած նախագահական ընտրություններում, բայց Ազատության հրապարակում նրա գլխավորած շարժմանը պաշտոնապես միանալ ոչ ՀԱԿ-ը, ոչ Տեր-Պետրոսյանը դեռ չեն շտապում: Շատերը, այդ թվում հավանաբար նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանն ակնկալում էին, որ Տեր-Պետրոսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր կբարեւեն միմյանց՝ այդպիսով ամրագրելով Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի միացումը հետընտրական զարգացումներին: Սակայն Տեր-Պետրոսյանը չգալով՝ փաստորեն խուսափեց ոչ միայն Րաֆֆիին բարեւելուց, այլ նաեւ այդպիսով «դե ֆակտո» նրա հաղթանակը ճանաչելուց:

«Առավոտի» դիտարկմանը՝ ՀԱԿ-ի եւ Տեր-Պետրոսյանի հասցեին քննադատական ոճով «Հայկական ժամանակ» թերթում Ձեր տպագրած հոդվածը ոչ Տեր-Պետրոսյանը, ոչ ՀԱԿ մյուս անդամները չմեկնաբանեցին, բայց ակնհայտ է, որ Ձեր, Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի միջեւ «չհասկացվածության պատ» կա, Միքայելյանը հակադարձեց. «Ես էլ եմ աշխատում չմեկնաբանել իրենց կեցվածքը»:

Սասուն Միքայելյանն ասաց, որ նորմալ է վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի սկսած շարժմանը: Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ ինչ-որ փուլում Դուք էլ միանաք դրան՝ պատասխանեց. «Եթե ժողովուրդն է ըմբոստացել… ես միշտ էլ ասել եմ, որ ես ժողովրդի հետ եմ»: Այս ընթացքում Սասուն Միքայելյանը ոչ մի անգամ չի մասնակցել Ազատության հրապարակի հավաքներին՝ առողջական խնդիրների պատճառով. վերջերս վիրահատություն է տարել, դեռ վատառողջ է եւ ապաքինվում է. «Ես միշտ ասել եմ՝ որտեղ ժողովուրդը, այնտեղ էլ ես՝ բոլոր ժամանակներում: Իմ պայքարը ոչ վերջանալու ա, ոչ էլ՝ քանի էս երկրում կարգուկանոն չհաստատվի, քանի հայ մարդը իրեն Հայաստանի քաղաքացի չզգա»: Հետաքրքրվեցինք՝ հույսեր փայփայո՞ւմ է մեր զրուցակիցը, որ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումը հաջողության կհասնի, պատասխանեց. «Ես հույսեր եմ փայփայում, որ ժողովուրդը մի օր կհաղթի, թե ո՞վ կլինի առաջնորդ՝ դա ինձ համար նշանակություն չունի: Կարեւորն էս վիճակից դուրս գալն է»:

Մյասնիկյանի արձանի մոտ զոհերի հիշատակը երեկ հարգելու էր եկել նաեւ 2008 թվականի մարտի մեկի գործով ազատազրկված նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

Ցավալի էր, սակայն քիչ մարդիկ էին մասնակցում ակցիային: «Առավոտի» այդ դիտարկմանն իրավապաշտպան Վարդան Հարությունյանն այսպես հակադարձեց. «Պատճառը նախանշված գործողությունները չկատարելն էր: Նախապես հայտարարված հանրահավաքը, երթը չկայացան: Ինքս էլ չգիտեի՝ ո՞ր ժամին պետք է գամ էստեղ: Ընթացքում բազմաթիվ ժամեր փոխվեցին: Դա է պատճառը, վստահ եմ»: Հարցին՝ չե՞ք կարծում, որ պատճառներից մեկն էլ այն է, որ մարդիկ հավատն ու վստահությունն են կորցրել ՀԱԿ-ի նկատմամբ, իրավապաշտպանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Մարտի 1-ը դուրս է ՀԱԿ-ից, «Ժառանգությունից», նույնիսկ մեր իրականությունից. դա այնքան մեծ, այնքան զազրելի հանցագործություն էր, որ մարդիկ այս օրը բոլորովին չեն կապում քաղաքական ինչ-որ բաների հետ: Այսօր այս տարածքով ես 4-5 անգամ անցել եմ, օրվա տարբեր ժամերի եւ միշտ այստեղ տեսել եմ մարդկանց մեծ կամ փոքր խմբեր: Այդ մարդիկ միասին որ գային՝ խումբն ավելի մեծ կարող էր լինել: Մարտի մեկը՝ մարտի մեկից անմիջապես հետո արդեն դուրս էր քաղաքականությունից»:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031