Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմի ժամանակ քարը բարձս էր, հիմա՝ նստարանս»

Մարտ 02,2013 14:10

 Ջերմուկի Համոն՝ պատերազմի ժամանակ «թիկունքում խտացրած կաթ» ուտողների մասին

2008 թվականի այս օրերին աշխատանքից ազատվեց հայկական բանակի զորամասերից մեկի հրամանատար, արցախյան պատերազմի մասնակից, Հայաստանի եւ Ղարաբաղի մարտական խաչերի ասպետ Մուշեղ Բաբայանը՝ Ջերմուկի Համոն: Բայց եթե այլոք պաշտոնաթողությունից հետո շարունակում են իրենց հրապարակային գործունեությունը, Ջերմուկի Համոն արդեն հինգ տարի հրապարակում չէ, ինչպես ինքն է ասում՝ «պատերազմի ժամանակ քարը բարձս էր, հիմա քարը դարձել է նստարանս»: «Առավոտի» հետ զրույցում Ջերմուկի Համոն ասաց. «Մինչեւ հիմա ինձ աշխատանքից ազատելու որոշումը մութ է ինձ համար: Ասում էին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցն եմ, մինչդեռ նրան մոտից տեսած չկամ: Ասում էին, թե զորամասից զենք եմ տվել ընդդիմությանը: Ես այս պետության եւ պետականության համար եղբայր եմ կորցրել, բազմաթիվ ընկերներ եմ կորցրել, հիմա պիտի զենք տայի, որ պետականությունը քանդե՞ն: Ո՞նց կարող էի նման բան անել: Հանձնաժողովն այնքան էր ստուգել զենքերը, որ դրանց համարներն արդեն անգիր գիտեին, երբ ձեռքները տանում էին զենքին, զենքն ինքն էր իր համարը ասում: Կապիկներ կային. էդ դրանք էին, որ մինչ մարդիկ առաջին գծում կռվում, հողեր էին ազատագրում, իրենք թիկունքում խտացրած կաթ էին ուտում: Նման մարդկանց մեզ նման շիտակ խոսող տղերք պետք չեն: Էդ դրանք են, որ գեներալի համազգեստը դարձրել են մարզահագուստ եւ վախենում են անձրեւի տակ դուրս գալ, որ ջրից չջնջվեն նկարած ուսադիրները»:

– Համ դա եք ասում, համ լռում եք, ինչո՞ւ:

– Ես հեղափոխական գաղափարներ չեմ ունեցել եւ կյանքում չեմ ցանկացել, որ հեղափոխություն լինի: Սիրել եմ եւ ցանկացել, որ մեր երկիրն ու քաղաքացին ապրեն ազատության եւ խաղաղության մեջ: Մենք արարող եւ օրենք սիրող ժողովուրդ ենք, բայց չենք կարողանում սիրել, օգնել եւ պաշտպանել թագավորին: Վատի կողքին լավն էլ է արվել, բայց մենք միշտ փնովել ենք, լավը թողած՝ վատի մասին խոսել: Այսօր ես զարմանում եմ, ակամա ինձ դնում եմ փակուղու մեջ եւ լռում:

– Ինչո՞ւ:

– Պատերազմին մասնակցած տղերքի քարը ծանր է:

– Երկրի նախագահը, պատկերավոր ասած, թագավոր է, այլ իրավունքներով ու պարտականություններով, բայց՝ առաջին դեմք: Այսօր մի մասն ասում է, որ «թագավոր» է ընտրվել Սերժ Սարգսյանը, այլոք՝ թե Րաֆֆի Հովհաննիսյանը: Դուք լռում եք: Դե ասեք՝ ի՞նչ ունեք ասելու:

– Ի՞նչ ասեմ, արդեն ասացի՝ շիտակ խոսող տղերք պետք չեն: Հեռուստացույց եմ նայում, թերթերն եմ կարդում ու մի եզրակացության եմ եկել՝ շան տղի երկրում կարողանում ենք բոլորի կամ գրեթե բոլորի հետ հարաբերվել, նստել-վեր կենալ, իրար հետ չենք կարողանում: Այս ռազմաքաղաքական իրավիճակում մեզ միասնություն է պետք: Միասնություն չունենանք՝ կորուստներ կունենանք, ինչպես կորցրել ենք մեր պապական հողերը:

Երկրի նախագահ այսօր ընտրվել է, եւ դա փաստ է: Փաստից հո չես խուսափի: Հիմա վաղը ես էլ կարող եմ մտերիմներիս ու համախոհներիս հավաքել ու հայտարարել, որ հաղթել եմ, բայց «թագավորի» աթոռը մեկն է: Ոչ մի «թագավոր», այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, չի կարող հինգ տարում երկիրը ամբողջությամբ շենացնել: Պիտի օգնենք՝ հավաքարարից մինչեւ նախարար: Ես շնորհավորում եմ նախագահին եւ վստահ եմ, որ նրա օրոք Ղարաբաղի լիարժեք անկախությունը կճանաչվի ու իրականություն կդառնա:

Բոլորս ենք տեսնում, որ երկրում ամեն ինչ հարթ չէ: Երկրի նախագահին խաբել են: Իրականում ցույց են տվել, որ խնդիրներ չկան: Նախագահի կողքին կան մարդիկ, որ սեփական ունեցվածքը պահպանելու համար քողարկել են իրականությունն ու զեկուցել՝ «պարոն նախագահ, ամեն ինչ լավ է»: Բայց իրականում լավ չէ: Մեր Վայոց ձորից խոսեմ: Գնացեք սահմանամերձ գյուղեր՝ Խաչիկ, Բարձրունի, Խնձորուտ… Գնացեք մտեք, տեսեք՝ ինչ է կատարվում: Թե չէ՝ նախագահին շրջապատում են իրենց ընտրած մարդիկ, նախագահին ասում, որ լավ են՝ նա էլ դա է տեսնում, մինչդեռ իրականում իսկական գյուղացին հեռվում կանգնած չի կարողանում մոտենալ, զրուցել նախագահի հետ: Մարդիկ հեռանում են այս երկրից: Միայն մեր հարազատներից մի 40 մարդ հեռացել է: Մեր աղբանոցից լավ երեւում է մեր երկրի վիճակը: Եթե 15 տարի առաջ շենքի աղբանոցում մեկ մարդ կարող էիր տեսնել, հիմա մի 15-20, որոնք աղբի համար կռվում են իրար հետ:

– Բա ի՞նչ անենք: Եթե վաստակ ունեցող մարդը կամ լռում է, կամ երկրից հեռանում, մյուսները ի՞նչ անեն:

– Ես այս երկրից գնացող չեմ, սոված էլ մնամ՝ չեմ գնա: Սա արյունով ձեռք բերված անկախություն է: Արաքսի հունով մեկ արյուն ենք թափել: Փառք Սպարապետին ու բոլոր նահատակված տղերքին: Բազմաթիվ զոհված ընկերներ ունենք, նրանց զոհված վայրերում խաչքարեր ենք տեղադրել: Թողնենք գնանք, որ գան պղծե՞ն այդ վայրերն ու խաչքարերը: Հիմա էլ պատրաստ եմ արտաքին թշնամու դեմ դուրս գալ:

– Իսկ ներսում ի՞նչ անենք:

– Պիտի պրոֆեսիոնալներ լինեն կառավարման բոլոր ոլորտներում: Քեռի, մորաքրոջ տղա, բերել ամեն մեկին մի պաշտոն են տվել, որ գործից չեն հասկանում: Եթե չունես ազդեցիկ պաշտոնյա քեռի, հոպար, մորաքրոջ աղջիկ՝ սուսուփուս նստե՞ս: Այսօրվա նախագահին ձայն տվածների ու չտվածների մեջ կան հրաշալի մասնագետներ, որ ծանոթ չունեն ու չգիտեն ինչ անել:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031