Արարատի մարզի Նորաշեն գյուղում տեղակայված ընտրատեղամասում ուրիշի փոխարեն քվեարկելու փորձի գործն արդեն ընդունվել է Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի վարույթ:
Արարատի մարզի Բուրաստան գյուղի բնակիչ, 1979թ. ծնված, նախկինում չդատապարտված Հերմինե Թարվերդյանը մեղադրվում է այն բանում, որ 2013թ-ի փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում, Արարատի մարզի Նորաշեն գյուղում տեղակայված թիվ 17/31 ընտրատեղամասում, ժամը 17:00-ի սահմաններում նույն գյուղի բնակչուհի Ժանետա Գեղամյանից վերցնելով անձնագիրը, առանց վերջինիս գիտության, նրա անձնագրով մտնելով ընտրատեղամաս, ընտրական հանձնաժողովի անդամ Արծրուն Բոյախչյանին հայտնելով, որ իբր արդեն գրանցված է ընտրացուցակներում, նրանից ստացել է ծրար և քվեաթերթիկ, որտեղ համապատասխան նշում անելուց հետո փորձել է քվեաթերթիկը քվեատուփ նետելու միջոցով քվեարկել ժաննա Գեղամյանի փոխարեն: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ նրա գործողությունները կանխվել է ընտրական հանձնաժողովի անդամների կողմից: