Օգտվելով Երեւանի ջրային ցանցի վարձակալության պայմանագրով իրեն տրված հնարավորությունից՝ այս տարի եւս «Երեւան ջուր» ընկերությունը դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ջրամատակարարման-ջրահեռացման ծառայության սակագների ճշգրտման հայտով։ Ընկերությունն առաջարկում է հերթական սակագնային տարվա համար վերանայել բնակչության մանրածախ ջրամատակարարման, ինչպես նաեւ կեղտաջրերի հեռացման ծառայությունների գները՝ իջեցնելով դրանք։
Փոխարենը՝ այլ սպառողների մասով, «Երեւան ջրի» ճշգրտումները թանկացման ուղղությամբ են։ Դրանով, ըստ էության, ընկերությունը փորձում է փոխհատուցել բնակչության ջրամատակարարման-ջրահեռացման ծառայությունների սակագների նվազման հետեւանքով առաջացող կորուստները։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտով «Երեւան ջուր» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել մայրաքաղաքի եւ հարակից որոշ բնակավայրերի խմելու ջրամատակարարման եւ կեղտաջրերի հեռացման ծառայության արժեքը 1 խոր. մետրի համար նվազեցնել ավելի քան 8 դրամով։ Այլ կերպ ասած, եթե այսօր այն կազմում է շուրջ 174,065 դրամ, ապա առաջարկվում է հուլիսի 8-ից գանձել 166,044 դրամ։
Ակնհայտ է, որ վերջին տարիներին «Երեւան ջուրը» փոխել է իր սակագնային քաղաքականությունը՝ բնակիչ-բաժանորդների նկատմամբ ցուցաբերելով ավելի մեղմ վերաբերմունք։ Հիշեցնենք, որ առաջին անգամ ընկերությունը սակագների նվազեցման առաջարկությամբ հանդես եկավ երկու տարի առաջ։ Իհարկե, անցած տարի փորձեց մի փոքր բարձրացնել, բայց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժեց ընկերության ճշգրտումները՝ համարելով, որ դրանք հիմնավորված չեն։
Ինչպես հայտնի է, սակագների, այսպես ասած, ամենամյա ճշգրտումը պայմանավորված է մի քանի գործոնով։ Խոսքը փոխարժեքների, գնաճի, էլեկտրաէներգիայի գնի փոփոխությունների եւ ջրամատակարարման ծավալների մասին է։
Այս գործոններից յուրաքանչյուրը տարբեր կերպ է անդրադառնում սակագնային փոփոխությունների վրա։ Ամեն դեպքում դրանց հանրագումարում «Երեւան ջրի» հաշվարկները հանգեցրել են սակագների նվազեցման։ Սակայն դրանում հաշվի չի առնվել մեկ կարեւոր հանգամանք. «Մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության գծով ճշգրտում չի դիտարկվել, եւ պահպանվել է 2010թ. էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության արդյունքում սահմանված գործակիցը»։
Այնպես որ, ընկերությունը հարկ է համարում հատուկ զգուշացնել, որ «2013թ. ընթացքում էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության դեպքում» կներկայացվի սակագների ճշգրտման նոր հաշվարկ։
«Երեւան ջրի» այս մտահոգությունը, անշուշտ, անհիմն չէ, եթե հաշվի առնենք, որ առաջիկայում հնարավոր է համարվում գազամատակարարման սակագների բարձրացումը։ Իսկ դա կարող է որոշակի ազդեցություն թողնել նաեւ էլեկտրաէներգիայի, հետեւաբար նաեւ ջրամատակարարման սակագների վրա։
Ինչեւէ, ի տարբերություն բնակիչ-բաժանորդների, «Երեւան ջուրն» առաջարկել է թանկացնել մեծածախ ջրամատակարարման-ջրահեռացման ծառայության սակագինը. եթե ջրամատակարարումը 1 խոր. մետրի համար 15,2-ից ճշգրտվել է 16,6 դրամ, ապա ջրահեռացումը՝ 31,2-ից նախատեսվում է դարձնել 33,7 դրամ։ Այս ծառայության սակագինը վերջին տարիներին մշտապես բարձրացել է։
Հաշվի առնելով նաեւ առաջարկվող փոփոխությունները՝ երեք տարվա ընթացքում մեծածախ ջրամատակարարման թանկացումը կկազմի գրեթե 4,5 դրամ կամ ավելի քան 30 տոկոս։ Նույն ժամանակահատվածում մեծածախ ջրահեռացման սակագնի բարձրացումը կլինի 8 դրամի կամ դարձյալ 30 տոկոսի սահմաններում։
Ընկերությունը սակագների ճշգրտում է առաջարկել նաեւ Երեւանի մետրոպոլիտենի համար. գործող 8,9 դրամի դիմաց նախատեսվում է սահմանել 9,5 դրամ։
Թե ինչպես կարձագանքի «Երեւան ջրի» այս հայտին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, պարզ կլինի ավելի ուշ, հավանաբար, ապրիլ-մայիսին։ Դրա համար հանձնաժողովն ունի մինչեւ 90 օր ժամանակ։ Իհարկե, ճշգրտումը կարող է ավելի շուտ որոշվել։ Սակայն նկատի ունենալով այն հանգամանքը, որ նոր սակագները պետք է գործողության մեջ մտնեն հուլիսի 8-ից, ինչը նշանակում է, որ դրանք պետք է ընդունվեն մինչեւ հունիսի 8-ը, ապա ակնհայտ է, որ հանձնաժողովը շտապելու պատճառ չունի։
Իսկ վերջինիս դիտարկումները գրեթե միշտ չեն համընկնում «Երեւան ջրի» հաշվարկների հետ։ Պատահական չէ, որ ընկերության ներկայացրած սակագները մշտապես վերանայվում են։
Այդպես էր նաեւ անցած տարի, երբ հանձնաժողովը մերժեց բնակչության ջրամատակարարման համար առաջարկվող 2 դրամ բարձրացումը։
Հազիվ թե կարելի է կարծել, որ նույն հնարավորությունը հանձնաժողովը չի ունենա նաեւ այս անգամ։
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
«Հայոց աշխարհ»