Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձանց կողմից վերահաշվարկի ընդամենը 10 դիմում է ներկայացվել

Մարտ 02,2013 10:42

Արդեն շատերն են նկատում, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հնարավորինս խուսափում է կոնկրետություն պարունակող հայտարարություններից։ Սակայն այն հատուկենտ դեպքերում էլ, երբ նա կոնկրետացնում է ասելիքը, հաճախ պարզվում է, որ մի շարք մանրամասներ ու տվյալներ, մեղմ ասած՝ այնպիսին չեն, ինչպես դրանք ներկայացրել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

Երեկվա բացօթյա ասուլիսում, օրինակ, Ր.Հովհաննիսյանը, քվեարկության արդյունքների բողոքարկմանն անդրադառնալով, մասնավորապես նշեց. «Մենք դիմել ենք նվազագույնը 120 ընտրատեղամասի արդյունքների վերանայման, վերահաշվարկի պահանջով, եւ այդ 120-ից միայն 4-ի դեպքում դրական պատասխան ստացել։ Ըստ էության, ոչ մի խախտում, ոչ մի կեղծիք, ոչ մի սուտ, որը համատարած է եղել, չի բացահայտվել. բացի 4-ից, մերժվել են մեր բոլոր ջանքերը, խայտառակ ընտրությունների վերանայման հնարավորությունները»։

Մենք չզլացանք եւ պարզաբանում ստանալու համար դիմեցինք ԿԸՀ նախագահ Տիգրան ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻՆ։

Նախ, հետաքրքիր է, թե այս կամ այն տեղամասում վերահաշվարկ կատարելու քանի՞ դիմում է եղել։ «Ընդհանուր առմամբ, վերահաշվարկի պահանջի հետ կապված եղել է 12 դիմում, որոնք վերաբերել են 9 ընտրատեղամասերի, այսինքն՝ եղել են նաեւ նույն տեղամասին վերաբերող դիմումներ,- «Հայոց Աշխարհ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԿԸՀ նախագահն ու հավելեց,- 7 դիմում ներկայացրել է Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Ստյոպա Սաֆարյանը, 3 դիմում ներկայացրել է Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Ղազարյանը, 1 դիմում ներկայացրել է Սերժ Սարգսյանի վստահված անձ Մանուկյանը։ Եվս 1 դիմում եղել է տեղամասային ընտրահանձնաժողովի նախագահի կողմից, ով ներկայացրել է նաեւ հատուկ կարծիք։ Ի դեպ, դա բոլոր 1988 ընտրական տեղամասերի վերաբերյալ միակ հատուկ կարծիքն է առհասարակ»։

Տիգրան Մուկուչյանից տեղեկացանք նաեւ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձանց ներկայացրած 10 եւ Սերժ Սարգսյանի վստահված անձի ներկայացրած 1 դիմումները մերժվել են, որովհետեւ դրանք ներկայացրած քաղաքացիները քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ տվյալ տեղամասում ներկա չեն եղել։

Այնինչ, օրենքի համաձայն, վերահաշվարկի դիմում կարող է ներկայացնել այն վստահված անձը, ով անձամբ ներկա է եղել տեղամասում՝ քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ։

Իսկ 1 դիմումի հիման վրա իրականացվել է վերահաշվարկ։ Բացի այդ, եւս 2 ընտրատեղամասում հանձնաժողովներն իրենց նախաձեռնությամբ են իրականացրել վերահաշվարկ։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ, վերահաշվարկ կատարվել է ընդամենը 3 ընտրական տեղամասում։

Մեկ անգամ եւս արձանագրենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձանց կողմից վերահաշվարկի ընդամենը 10 դիմում է ներկայացվել։ Դժվար չէ նկատել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վերահաշվարկն ու արդյունքների վերանայումը համախառն է ներկայացնում, մինչդեռ այստեղ կան կարեւոր նրբերանգներ։

Մեր զրույցի ընթացքում ԿԸՀ նախագահ Տ.Մուկուչյանն այս առնչությամբ ընդգծեց.

«Ընտրական օրենսգիրքը տարանջատում է երկու ինստիտուտ. վերահաշվարկի եւ երկրորդը՝ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու ինստիտուտը։ Դրանք տարբեր ինստիտուտներ են, եւ մեկը մյուսի հետ Ընտրական օրենսգիրքը չի նույնացնում։

Տվյալ դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ներկայացվել է 70 դիմում, որոնք վերաբերել են հանրապետության տարբեր ընտրատարածքների՝ ընդհանուր թվով՝ 120 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուն։ Հատուկ կրկնում եմ՝ սա վերահաշվարկ չէ։

Նշված 70 դիմումներից մասնավորապես 47-ը ներկայացվել են փետրվարի 19-ին՝ ժամը 12։00-ից մինչեւ 18։00-ն ընկած ժամանակահատվածում։ Իսկ մնացած 23 դիմումը ներկայացված են եղել տարբեր ընտրատարածքներ՝ փոստի միջոցով։ Բայց պետք է նկատի ունենանք, որ նման դիմումներ ներկայացնելու համար վերջնաժամկետ է սահմանված մինչեւ քվեարկության հաջորդ օրվա, այսինքն՝ մինչեւ փետրվարի 19-ի ժամը 18։00-ն։

Այնինչ, նամակները փոստային բաժանմունք անգամ հանձնվել են փետրվարի 19-ին՝ ժամը 23-ի սահմաններում (ի դեպ, բոլոր դիմումները ուղարկվել են թիվ 42 փոստային բաժանմունքից, որը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի հարեւանությամբ եւ գործում է շուրջօրյա)։ Դիմումները տեղ են հասել 1-2 օր հետո, նայած թե որ ընտրատարածքին են հասցեագրված եղել»։

Ո՞րն է խնդիրը։ Օրինակ, վերահաշվարկի համար ընդամենը պահանջվում է, որ տվյալ տեղամասում եղած վստահված անձը համապատասխան պահանջ առաջադրի, ու եթե անգամ նա հիմնավորում, ապացույց չի ներկայացնում, միեւնույն է, նրա պահանջը պետք է կատարվի, եւ վերահաշվարկ իրականացվի։

Այլ է մոտեցումը, երբ որեւէ կոնկրետ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջ է ներկայացվում։

ԿԸՀ նախագահն ընդգծում է. «Եթե անվավեր ճանաչելու պահանջ է ներկայացվում, ապա պետք է հստակ նշել՝ ի՞նչ խախտում է տեղի ունեցել, ինչո՞ւ է այդ խախտումն էական ազդեցություն ունեցել, ինչո՞ւ հնարավոր չէ վերականգնել ընտրողների իրական կամարտահայտության արդյունքը։

Այսինքն՝ այդ դիմումները շատ ավելի ծանրակշիռ փաստաթղթեր պետք է լինեն, հատկապես իրենց ապացուցողական բազայի տեսանկյունից։

Հիմա. Րաֆֆի Հովհաննիսյանի 70 դիմումները, որ մենք ստացել ենք 120 տեղամասերի վերաբերյալ, եղել են A4 ֆորմատի միանման ձեւաթղթի վրա գրված։ Պատրաստված ձեւաթղթի վրա ընդամենը դատարկ է թողնված եղել տեղամասի համարը, թեկնածուների ձայների թիվը։ Իսկ մնացած ամբողջ տեքստը նույնական է բոլոր դիմումների դեպքում։ Այսինքն՝ մեկ միասնական նմուշի ձեւաթուղթ է պատրաստվել, նշվել է տեղամասի համարը, ձայների թիվն է արձանագրվել վրան եւ ուղարկվել։

Ի՞նչն է այդ դիմումներում վկայակոչվում որպես խախտում։ Հնարավոր բոլոր խախտումները գրված են այդտեղ։ Այսինքն՝ տեսականորեն մարդու մտքով ինչ խախտում կանցնի՝ դրանք շարադրված են։ Ու դիմումները նման տեսք ունեն՝ «անհրաժեշտ է անվավեր ճանաչել, որովհետեւ տեղի են ունեցել» ու գրված է՝ «լցոնում, կարուսել, ուրիշի փոխարեն քվեարկություն, բռնություն…» եւ այլն, եւ այլն։ Ինչ հնարավոր է պատկերացնել՝ գրված է։

Այնինչ արդյունքի անվավեր ճանաչումը (ճանաչման պահանջը) ինքնին ուղղակիորեն կապվում է տվյալ տեղամասի հետ, տվյալ տեղամասում տեղի ունեցած խախտումների հետ։ Այսինքն՝ ներկայացված դիմումներով չի անհատականացվում, թե կոնկրետ տեղամասում ի՞նչ խախտման մասին է խոսքը, ինչո՞վ է այդ խախտումը համարվում էական, ինչո՞վ է այն խեղաթյուրել ընտրողի տված քվեն, ինչո՞ւ հնարավոր չէ վերականգնել իրական պատկերը»։

Ամեն դեպքում, ներկայացված բոլոր 70 դիմումներն էլ, Տ.Մուկուչյանի խոսքով, քննարկվել են, բոլոր դիմումների քննության հետ կապված, տեղյակ են պահվել դիմումատուի լիազորված անձինք, նրանք ներկայացել են ՏԸՀ-ներ։

-Վերջիններիս, այսինքն՝ դիմումատուի լիազորված անձանց կողմից թեկուզեւ 1 ապացույց, գոնե թղթի տեսքով, գոնե 1 էջ ապացույց ներկայացված չէ,- շեշտեց Տիգրան Մուկուչյանը։

Ա.ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031