Նկարիչների միությունում երեկ տեղի ունեցավ Ճապոնիայի մշակույթի օրերի բացման արարողությունը: Ծրագիր, որն արդեն իրականացվում է չորրորդ անգամ և դարձել է ավանդական: Այս նախագծի շրջանակներում Հայաստան են ժամանել Մոսկվայի Ճապոնիայի դեսպանատնից պատվավոր հյուրեր, Իկենոբո դպրոցի պրոֆեսոր Մինորի Յամադան:
«Հիկարի» հայ-ճապոնական մշակութային կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիփոսյանը նշեց, որ սրահը ձևավորված է ճապոնացի քառասուն լուսանկարիչների լուսանկարներով, որոնք տրամադրել է դեսպանատունը: Եվ յուրաքանչյուր աշխատանք կրում է գարնանային հետաքրքիր իմաստ:
Կան նաև թղթե ծաղկի հարդարումներ, որոնք ստեղծված են «Հիկարի» կենտրոնի անդամների և Գեղագիտության ազգային կենտրոնի սաների կողմից: Դրանք իրական իկեբանայի նմուշների թղթե օրինակներն են:
Ճապոնիայի դեսպանության մշակութային բաժնի ատաշե Տոյոտա Այային էլ ավելացրեց. «Այսօր դուք բոլորդ ունեք լավ հնարավորություն դիտել իսկական ճապոնական արվեստ` իկեբանա Ճապոնիայի Իկենոբո դպրոցի պրոֆեսոր տիկին Յամադա Մինորիի կողմից»:
«Հիկարի» հայ-ճապոնական մշակութային կենտրոնի փոխնախագահ Լուսինե Թանգյանը հավելեց. «Ծրագիրն իր մեջ ներառում է Իկեբանայի վարպետության դաս, Սումի-Է գեղանկարչության վարպետության դաս, թեյախմության արարողություն: Եվ շատ հաճելի կլինի, եթե նմանատիպ շատ ծրագրեր իրականացվեն»:
Ճապոնիայի մշակույթի օրերի բացմանը իրենց մասնակցությունն ունեցավ նաև հինգ աղջիկներից բաղկացած «Հանա» խումբը: Նրանք կատարեցին մի քանի ճապոնական երգեր` Հայաստան ժամանած իրենց ճապոնացի ընկերների հետ միասին:
Ճապոնիայի մշակույթի օրերը Հայաստանում տևելու են մինչև մարտի 3-ը:
Արմինե Համբարձումյան