«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության բնապահպանության բաժինն այսօր կազմակերպել էր հանդիպում-քննարկում «Կապանն առանց աղբի» թեմայով` նպատակ ունենալով մեկ անգամ եւս բարձրաձայնելու քաղաքի մաքրության կարեւորոթյան հարցը եւ հասարակության հետ մեկտեղ քննարկելու, առաջ քաշելու տարբեր առաջարկներ՝ առավել մաքուր համայնք ունենալու համար:
Միջոցառման ժամանակ ընկերության բնապահպանության բաժնի ավագ մասնագետ Հասմիկ Մկրտումյանը հանդիպմանը ներկա գտնվող հ/կ-ների եւ քաղաքապետարանի ներկայացուցիչներին, ուսուցիչներին, դպրոցականներին ներկայացրեց քաղաքի գեղեցիկ ֆոնի եւ աղբապատ տարածքների լուսանկարների համեմատականներ, ֆինանսական վիճակագրական տվյալներ, խոսեց կենցաղային աղբի վնասակար աղդեցության եւ աղբահանության հետ կապված խնդիրների մասին:
«Մեզ համար շատ կարեւոր է մեր համայնքի եւ մեր աշխատակիցների առողջությունը, իսկ ունենալով աղբով աղտոտված քաղաք, ինձ թվում է ավելորդ է խոսել առողջ ապրելակերպի մասին: Քաղաքի աղտոտվածության մասին միշտ բարձրաձայնվում է, բայց եկեք այսօր չմեղադրենք ոչ մեկին, այլ հանդես գանք կառուցողական գաղափարներով, որպեսզի ունենանք այնպիսի մաքուր քաղաք, որ չենք ունեցել երբեւիցե: Այսօր Կապանում առկա է ոչ կանոնակարգված աղբի հավաքում եւ աղբահանություն, ինչպես նաեւ մարդկանց անտարբերություն: Մի կողմից տեսնում ենք մեր քաղաքում աղբամանը լցված է, բայց չեն դատարկում, մյուս կողմից էլ աղբամանը դատարկ է, բայց մարդիկ աղբը լցնում են դատարկ աղբամանների շրջակայքը կամ թափում են քաղաքի միջով հոսող գետերը» – ասաց Հասմիկ Մկրտումյանը եւ քննադատեց, որ քաղաքին յուրահատուկ տեսք տվող գետերի հուներն ամեն անգամ միլիոնավոր գումարներով մաքրվում են, սակայն կարճ ժամանակ անց նորից կենցաղային աղբով աղտոտվում են բնակիչների կողմից:
Միջոցառման ժամանակ նշվեց, որ Կապան քաղաքում 2012թվականին սանիտարական մաքրման եւ աղբահանության համար ծախսվել է 12 մլն 310 հազար դրամ, 5 մլն դրամ ներդրում է արվել քաղաքի զուտ մարքման համար: Կապանի քաղաքապետարանից հանդիպմանը ներկա գտնվող Ավետիք Համբարձումյանը տեղեկացրեց, որ վերջին 3-4 տարիների ընթացքում քաղաքապետարանը բավականին լուրջ աշխատանքներ է իրականացրել քաղաքի մաքրության ապահովման ուղղությամբ` ավելացել են կոմունալ ծառայության աշխատակիցների թիվը, քաղաքում տեղադրվել են 300 մեծ եւ 500 փոքր աղբարկղեր, ձեռք է բերվել մեկ աղբատար մեքենա: Համայնքապետարանի կողմից այժմ քայլեր են ձեռնարկվում աղբատար մեկ մեքենա վարձակալելու ուղղությամբ, իսկ համայնքի քառամյա ծրագրով նախատսվում է 6 աղբատար մեքենաների ձեռքբերում: Պարոն Համբարձումյանը աղբահանության վերաբերյալ հնչեցված նկատառմանը պատասխանեց, որ դա զուտ պայմանավորված է տեխնիկայի բացակայությամբ, իսկ աղբահանությունը իրականացվում է մշակված գրաֆիկով:
Կարդացեք նաև
Կապանի տարբեր դպրոցների աշակերտներն իրենց ելույթներով մեկ անգամ եւս քաղաքի մաքրության պահպանման կոչ արեցին, իսկ ներկաներից ոմանք առաջարկեցին խնդրի լուծմանն ուղղված իրենց տարբերակները: Միջոցառման սրահում նաեւ ներկայացվել էր Կապանի Արվեստի քոլեջի սաների կողմից կենցաղային աղբից, պլաստմասե շշերից պատրաստված գորգեր, ծաղիկներ, աթոռակներ եւ այլ գեղեցիկ իրեր:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ