Hetq. am . ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լաբորատորիայում իրականացված լաբորատոր հետազոտությունը «Գետամեջ» սառեցված հավի մեջ հայտնաբերեց սալմոնելայի հարուցիչ: Փետրվարի 6-ի լաբորատոր քննության արդյունքները հաստատելու կամ ժխտելու նպատակով, ինչպես սահմանված կարգն է պահանջում, ծառայության Կոտայքի մարզային կենտրոնի աշխատակիցները կրկին նմուշառում են կատարել թռչնաֆաբրիկայում:
Փետրվարի 14-ի լաբորատոր հետազոտության արդյունքները հաստատեցին, որ «Գետամեջ» սառեցված հավի մեջ սալմոնելայի հարուցիչները գերազանցել են թույլատրելի քանակը: «Սննդամթերքի, անասնակերի, սննդային եւ կերային հավելումների փորձաքննության նմուշառման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2007թ. հունիսի 4-ի N 598-Ն որոշման համաձայն` «Անվտանգության ցուցանիշներից նույնիսկ մեկի վերլուծության բացասական արդյունքների մասով անցկացվում է կրկնակի փորձարկում՝ նույն խմբաքանակից վերցված ընտրանքի ծավալից: Կրկնակի փորձարկումների արդյունքները, այդ թվում՝ նաեւ բացասականները, վերջնական են եւ տարածվում են ամբողջ խմբաքանակի վրա, որից ընտրված է նմուշը»:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Կոտայքի մարզային կենտրոնի պետ Վահե Խալաթյանը կազմած արձանագրության մեջ նշված է. «Նկատի ունենալով, որ «Գրիգ էլ Մետ» ՍՊԸ–ի արտադրած 21.01.2013թ. մակնշմամբ 300 կգ սառեցված բրոյլեր հավը չի համապատասխանում պահման պայմաններին կամ մակնշմանը ներկայացված օրենսդրության պահանջներին, ուստի կասեցվեց վերը նշված արտադրանքի ապրանքի իրացումը մինչեւ լաբորատոր փորձաքննության ավարտը»:
Ծառայութունը ներկայումս ստուգում է իրականացնում Գետամեջի թռչնաֆաբրիկայում: Ստուգումը պետք է պարզի սալմոնելայի ի հայտ գալու աղբյուրը սննդային թունավորումը կանխելու համար: Ծառայության աշխատակիցների ասելով` ստուգման արդյունքում կորոշվի` կասեցնե՞լ «Գետամեջ» հավն արտադրող «Գրիգ էլ Մետ» ՍՊԸ-ի գործունեությունը, թե՞ ոչ, իսկ մինչ այդ խանութներում շարունակվում է «Գետամեջ» հավի վաճառքը: Ծառայությունից հավաստիացնում են, որ թռչնաֆաբրիկայի գործունությունը հիմա վերահսկվում է, եւ յուրաքանչյուր խմբաքանակ լաբորատոր քննության է ենթարկվում:
Կարդացեք նաև
Թռչնաֆաբրիկաներում դիտարկումներ սկսելու առաջարկը մերն էր` «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությանը: Նպատակ ունեինք ուսումնասիրել արտադրության պայմանները եւ նմուշառում կատարել՝ լաբորատոր հետազոտությամբ սննդամթերքի անվտանգությունը եւ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների առկայությունը բացահայտելու նպատակով: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի հրամանով դիտարկումն իրականացնող հանձնաժողովում ընդգրկվեցին նաեւ Ծառայության աշխատակազմի մարզային տեսուչները, Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը եւ «Հայաստանի սպառողների միություն» հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը:
Բոլոր թռչնաֆաբրիկաներն այցելելու հնարավորություն չունեցանք, քանի որ հրամանն արձակելու պահին՝ հունվարի 23-ին, ինչպես տեղեկացրին, տնտեսական խնդիրներով պայմանավորված՝ փոքր քանակով թռչնամիս արտադրողները ժամանակավորապես դադարեցրել էին իրենց գործունեությունը, ուստի մեզ հնարավորություն էր տրված այցելելու 4 խոշոր թռչնաբուծական ֆաբրիկաներ՝ «Բլեք Սթար» ՍՊԸ («Լուսակերտ» ապրանքանիշ), «Գրիգ էլ Մետ» ՍՊԸ («Գետամեջ» ապրանքանիշ), «Գժուկ» ՍՊԸ-ի Բաղրամյանի թռչնաբուծական ֆաբրիկա եւ «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ:
«Գրիգ էլ Մետ»-ը երկրորդն էր, որտեղ հանձնախումբն այցելեց դիտարկում իրականացնելու համար: Աշխատակազմը հյուրընկալ չէր եւ առանձնապես կարեւորություն չտվեց մեր այցին: Դրանում համոզվել էինք դեռ նախորդ օրը, երբ ծառայության Կոտայքի մարզային կենտրոնի աշխատակիցների հետ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ում դիտարկումն ավարտելուց հետո ցանկացանք նույն օրն այցելել նաեւ «Գրիգ էլ Մետ» ՍՊԸ վերանվանված «Գետամեջի թռչնաբուծական ֆաբրիկա»:
Կոտայքի մարզային տեսչության աշխատակիցներն իրենց հետ վերցրել էին համապատասխան արտահագուստ, ինչն ընդունված է արտադրամասեր մուտք ունենալու համար՝ խալաթներ եւ ցելոֆանե կրկնակոշիկներ, համոզված լինելով, որ այնտեղ մեզ չեն տրամադրելու: Չէին սխալվել, մեր այցելած թռչնաֆաբրիկաներից «Գետամեջը» միակն էր, որտեղ աշխատակիցներն արտահագուստ չէին կրում, եւ առհասարակ կարեւորություն չէր տրվում մորթի արտադրամաս ելումուտ անողների կողմից հիգիենայի կանոնների պահպանմանը:
Թերությունները վերացնելու համար ժամկետներ են սահմանված, սակայն «Գետամեջի» դեպքում դրանք թերեւս ուշացած են, որովհետեւ տնտեսական խնդիրներով պայմանավորված՝ այս ընկերությունում լուծարման գործընթաց է սկսվել:
Սառա ՊԵՏՐՈՍՅԱՆ