ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի համար պարզ չէ, թե ինչ է ուզում Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ի՞նչ է ուզում այսօր հրապարակի տերը` ժողովուրդը եւ նրա առաջնորդողը»,- այսօր Մարտի 1-ի զոհերի հիշատակի հոգեհանգստյան պատարագից հետո լրագրողներին ասաց պարոն Մանուկյանը: Նրա խոսքերով, ինքը կգնա Ազատության հրապարակ եւ կմիանա «բարեւի» հեղափոխությանը, եթե հստակություն տեսնի. «Ընդամենը ուզում եմ մի հարց պարզել, հստակություն եմ ուզում,սպասում եմ հստակության եւ ինքս էլ կգնամ հրապարակ: Ինձ համար մեկ հարց կա` ի՞նչ է ուզում այսօր հրապարակի տերը` ժողովուրդը եւ նրա առաջնորդողը: Ինձ համար անհասկանալի է, թե ինչ է ուզում Րաֆֆի Հովհաննիսյանը»:
Արամ Մանուկյանը նշեց, որ թե ՀԱԿ-ը, թե Հայաստանի բոլոր մտահոգ քաղաքացիները անմիջապես հայտարարություն են արել, որ չեն ճանաչում այս ընտրությունները, առավել եւս` տեղյակ են, թե ինչ է կատարվում, «Կատարվել է մոտավորապես նույնը, ինչ 2008թ եւ 2003թ,՝ մասսայական կեղծիքներ: Մենք չենք ընդունում այս ընտրությունների արդյունքները, մենք չենք ընդունում. ոչ լեգիտիմ իշխանություն է, եւ բնականաբար ժողովուրդը դուրս է եկել եւ պայքարում է իր իրավունքների համար: Շատ ուրախ եմ, որ այդ պայքարը կա, այդ ոգին կա, եւ շատ շատերը` անկախ ճնշումից եւ մեթոդներից, մարդիկ քվեարկել են եւ այդ մարդկանց հույսը պետք է պահել, մեր ակտիվիստները բոլորը մասնակացում են, բոլորը ցանկանում են, որ փոփոխություն լինի, մենք հայտարարել ենք, որ Սերժ Սարգսյանը չի ընտրվել: Այսօր սգո, ջարդի, տեռորի, սպանության եւ միասնականության օր է, զուտ այդ նպատակով է, որ մենք հայտարարություն, միտինգ, քաղաքական ակցիա չենք անում,սա լռության օր է, այսօր սգո օր է: Մենք հիշում ենք մարտի 1-ի զոհերին, եւ ամեն ինչ անելու ենք, որ մարտի 1 չլինի»:
Կարդացեք նաև
Պարոն Մանուկյանի խոսքերով, մարտի 1-ին ժողովուրդը միասնական կերպով պայքարի, հեռացման կոչ է անում, որովհետեւ, ըստ նրա, այս իշխանությունը 5 տարի չի բացահայտել ոչ մի դեպք. «Նրանք, ովքեր իրականացրել են, դեռ լծակ ունեն եւ ընտրություն են կեղծում: Մարտի 1-ի ակցիան, այս լուռ միջոցառումը ըմբոստություն է դրա դեմ, այս ժողովուրդը կհանգստանա այն ժամանակ, երբ կպատժվեն 10 անմեղ զոհերի մեղավորները»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ