Պատմում է «Առավոտ» օրաթերթի կայքի 1990-ականների պատասխանատու Աշոտ Մխոյանը:
«Առավոտը» թերթերից առաջինն էր, որ էլեկտրոնային կայք ուներ: Այդ կայքի վրա երկուսով էինք աշխատում՝ ես եւ Միսակ Խաչատրյանը»,- Aravot.am-ի հետ զրույցում հիշում է Աշոտ Մխոյանը:
Նա ասում է, որ 90-ականների վերջերին «Առավոտն» արդեն օգտվում էր նոր տեխնոլոգիաներից, լրագրողներն էլ նյութը ոչ թե տալիս էին մուտքագրողին, այլ իրենք էին հավաքում ու մեկտեղում:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը սիրով ընդունեց ցանց հիմնելու մեր առաջարկը, հետո դիմեցինք՝ թերթը համացանցում տեղադրելու առաջարկով: 1998 թվականի սկզբներին «Առավոտն» արդեն նաեւ համացանցում էր: Կարգին սերվեր բերեցինք, Միսակ Խաչատրյանը սերվերի վրա աշխատեց, ես՝ կայքի, ու այդպես սկսվեց ամեն ինչ: Ի դեպ, այն տարիներին ԱՊՀ տարածքում «Առավոտի» կայքը լավագույն 50-ի թվում էր, օրական 200 հոգի մարդ էր այցելում, դրանից հետո «Ազգը», ապա մյուս թերթերը սկսեցին կայքեր պատրաստել»,- ասում է Աշոտ Մխոյանը:
Նաեւ հավելում է, որ 90-ական թվականներին Հայաստանում կար «Հայհամակարգիչ կենտրոն», որը զբաղված էր մեր երկրում նոր տեխնոլոգիաների ներդրմամբ: «Առավոտը» հաճախ էր աջակցություն ստանում այդ կենտրոնից: Մխոյանի համոզմամբ, տպագիր թերթերը աստիճանաբար կմնան անցյալում, քանի որ առցանց մամուլի հաղթարշավն է գնում, իսկ «Առավոտն» իր aravot.am նոր կայքով այսօր լիարժեք հնարավորություն ունի մոտենալ հեռուստատեսությանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ