«Մեր պայքարը շարունակվում է ու կշարունակվի մինչեւ վերջ, որ ամեն ինչ պարզ դառնա: Որ Հայաստանի քաղաքացին իրեն Հայաստանի քաղաքացի զգա»,- այսօր Մարտի 1-ի զոհերի հոգեհանգստի պատարագից հետո ասաց ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը:
Հարցին՝ ի՞նչ պետք է անել բացահայտման համար, նոր հանձնաժողո՞վ ստեղծել, պարոն Միքայելյանն ասաց. «Հանձնաժողովներով հարց չի լուծովում: Բոլոր հանձնաժողովները, սկսած հոկտեմբերի 27-ից մինչեւ հիմա, ոչ մի արդյունք չեն տվել: Եթե ուզում ես մի բան կոծկել, պետք է հանձնաժողով ստեղծես»:
Դիտարկմանը, թե Մարտի 1-ի դեպքերից 5 տարի անց, կրկին նույն իրադարձություններն են ծավալվում, ժողովուրդը կրկին դժգոհ է ընտրությունների արդյունքներից ու դուրս է եկել հրապարակ, ի՞նչ եք կարծում՝ պայքարը այս անգամ հաջողություն կունենա, ասաց. «Մի օր հաջողություն կունենա: Բոլոր պայքարի ձեւերը իշխանությանը գցելու, արդարացված են: Ես միացած եմ ժողովրդին, միանալու բան չունեմ: Միշտ ժողովրդի հետ եմ: Նշանակություն չունի՝ ով է առաջնորդում, կարեւորն այն է, որ ժողովուրդն իր արդարացի պայքարը տանում է երկար տարիներ, բնականաբար մի օր արդյունք կտա»:
Հարցին, ե՞րբ եք գնալու Ազատության հրապարակ, պարոն Միքայելյանն ասաց` երբ լավանամ. «Վիրահատություն եմ ունեցել: Այսօր առաջին անգամ դուրս եմ եկել, չէի կարող դուրս չգալ»:
Կարդացեք նաև
Մարտի 1-ի կրկնվելու հավանականություն էլ նա չի տեսնում. «Ո՞վ իրավունք ունի նորից Մարտի 1 կրկնի: Փառք ու պատիվ էն տղեքրին, ովքեր նահատակվեցին ազատության, ազատ խոսքի համար նահատակ դառան, գնացին դեպի հավերժություն: Նրանց հոգիները միացան Կոմիտասին, Անդրանիկին, Արաբոյին եւ ազատության համար էլ էս Երեւանի սրտում խփնվան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ