Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոլվացման աշխատակիցները` Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մասին

Մարտ 01,2013 19:23

OLYMPUS DIGITAL CAMERAԱյսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեցին Գյումրու  Շիրակացի փողոցի ավտոլվացման աշխատակիցները:

Այսօրվա դատական նիստն անցավ համեմատաբար հանգիստ մթնոլորտում: Դատարանում վկայություն տվեցին այն  ավտոլվացման  աշխատակիցները, որոնց մոտ  նշանադրությունից մեկ օր առաջ, այսինքն` անցած տարվա  ապրլի 11-ին,  իր «Մերսեդես»  մակնիշի մեքենան  լվալու  է տվել   27-ամյա Կարեն Եսայանը: Գյումրու նախկին քաղաքապետի դստեր` Մանյայի  հետ նշանվելու պատրաստվող Կարենը այդ օրը  մենակ չի եղել, ավտոլվացման կետ է  գնացել իր ամենամոտ ընկերոջ` Ռոմա Ղարաքեշիշյանի  հետ: Վերջինս ևս  իր «Լեքսուս»  մակնիշի մեքենան է տարել լվալու և եղել է  այդ ավտոլվացման կետի մշտական հաճախորդը:

Սպանված երիտասարդի ամենամոտ ընկերոջ` Ռոման Ղարաքեշիշյանի պատմելով, իրենք ավտոլվացման կետից գնացել են վարսավիրանոց` Կարենի մազերը կտրելու, ու քանի որ  անձրեւ է սկսվել, Կարենը որոշել է  մեքենան  թողնել ավտոլվացման կետում` նշանադրության օրը վերցնելու  պայմանով, որպեսզի չցեխոտվի: Ընկերը  այդ օրը վերցրել է իր «Լեքսուս» մակնիշի մեքենան:

Սակայն  Կարենը,  հաջորդ  առավոտյան` իր նշանադրության օրը ,  մեքենան վերցնելով,  այլևս  տուն չի վերադարձել, նրան գտել էին սպանված: Հիշեցնենք, որ այս սպանության մեջ կասկածվում է Անիի նախկին ոստիկանապետի որդին` Հարություն  Սարգսյանը, ով, ըստ առաջադրված մեղադրանքի,  հանցանքը կատարել է խանդի հողի վրա. նա ևս անտարբեր չի եղել նախկին քաղաքապետի դստեր նկատմամբ, սակայն խնամախոս  գնացած  նրա հորը Ղուկասյանը մերժել է:

Այսօր ավոլվացման  աշխատակիցներից  առաջինը հարցաքննվեց Անդրանիկ Մուրադյանը: Նա  պատմեց, որ այն նույն օրը, երբ Կարեն Եսայանը իր մեքենան  բերել էր լվալու,  ուշ ժամի ավտոլվացման կետ է  եկել նաև ամբաստանյալ Հարություն Սարգսյանը` հետաքրքրվելով, թե կարող են լվալ  իր մեքենան: Սակայն ինքը մերժել է, ասելով, որ «շաբաշի ժամ» է արդեն: Հաջորդ օրն իր աշխատելու հերթը չի եղել, բայց հետո, տեսնելով ավտոլվացման տեսախցիկից  ֆիքսած կադրերը, ճանաչել է, որ Կարեն Եսայանին  իրենց ավտոլվացման մոտ հետևող «կեպիով տղան» Հարությունն է: Հարություն Սարգսյանի փաստաբանները անմիջապես նկատեցին.«Բա սկզբում ասում էիր՝ Հարությունին չես ճանաչում, էդ ինչպե՞ս եղավ, որ միանգամից անունը իմացար »:

Վկաներից քիչ թե շատ բովանդակալից խոսեց Գարեգին Վարդանյանը, ով պատմեց. «Առավոտ ես եկա գործի, դռները բացեցինք ու տեսանք, արծաթափայլ «Մերսեդես» է կանգնած դրսում` գերմանական համարանիշներով , մտածեցինք  լվացնելու համար է կանգնած, բայց հետո տեսանք՝ մարդ չկար մեջը: Երբ Կարենը եկավ, վերցրեց իր մեքենան ու շարժվեց, այս «Մերսեդեսը»  հետևից գնաց, բա յց թե ո՞վ էր, ինչո՞ւ էր գնում Կարենի հետևից, ես չգիտեմ: Հետո մեզ զանգեցին Կարենի ընկերները ու հարցրեցին, թե չե՞ք տեսել Կարենին, ասին, որ հեռախոսազանգերին չի պատասխանում,  անհանգիստ ենք: Ես սա կադրերով  չեմ տեսել, ես  պատմում եմ իմ աչքի ետեսածը,  քանի որ այդ «Մերսեդեսի» մոտ ես ու իմ ընկերն  էինք կանգնած, այնտեղից մարդ չի իջել, մուգ ապակիներով մեքենա էր»:

Հարություն Սարգսյանի փաստաբաններից  մեկը հետաքրքրվեց, թե վկան անմիջապես տարբերակո՞ւմ է  բոլոր երկրների  մեքենաների պետհամարանիշները, ինչպե՞ս է հասկացել, որ այդ մեքենայինը գերմանական պետհամարանիշ  էր : Վերջինս տեղեկացրեց, որ մեծամասամբ տարբերակում է, կանաչ համարներ  հիմնականում Գերմանիայից բերված մեքնաներն ունեն, թեև հնարավոր  է և սխալվի, ասենք, դրանք  ներկրված լինեն ԱՄՆ-ից: Այսօր մի քանի վկաների քննեցին, 4-ն էլ չէին ներկայացել: Ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանը  միջնորդեց  վկաներին խմբավորված հարցաքննել,  ասենք, մի օր ավտոլցակայանի աշխատակիցներին, որպեսզի պաշտպանական կողմը նախապատրաստվի  նրանց  հարցեր տալու,  ու դատը արդյունավետ լինի:

Վկաները մեծամասամբ ծանոթ էին Հարություն Սարգսյանին՝ որպես իրենց հաճախորդի: Գիտեին  նաև , որ նա զբաղվում է  արտերկրից  մեքենաներ ներկրելով ու վաճառելով: Նշենք, որ հարցաքննվող վկաների  թիվը 42 է :  Անցած դատական  նիստին վկայություն տվեց Կարեն Եսայանի մայրը` Անահիտ Իսկանդարյանը, ով պնդում էր, որ Հարություն Սարգսյանը  օրեր  շարունակ իր մեքենայով կանգնել է  քաղաքի կենտրոնում գտնվող իր հագուստի խանութի դիմաց,   հետապնդել է նաև Ղուկասյանի դստերը` Մանյային: Իսկ հայրը` Անիի նախկին ոստիկանապետը, Վարդան Ղուկասյանի առանձնասենյակում  խնդրել է  աղջկա ձեռքը,սակայն մերժվել: Մի անգամ  էլ Հարությունը վթարավտանգ իրավիճակ է ստեղծել , որպեսզի խփի Կարենի  մեքենային, իսկ մեքենայի մեջ եղել են նաև ինքն ու իր ամուսինը: Ըստ Անահիտ Իսկանդարյանի, այս մասին առավել մարմամասն հիշում է իր ամուսինը, ով մոտ օրերս  կգա ԱՄՆ-ից վկայություն տալու:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարո says:

    Ես չեմ հասկանում, էդ Հարությունը չի ժխտում, որ նստել է մեքենան իր զոհի? բա չեն հարցնում իրեն քննչական մարմինները, ուր եք գնացել? ուր ես քշել տվել էդ տղային? ընդհանրապես բացի նրանից , որ ասում է ես չեմ եղել, էլ ինչ լլուրջ բան ունի ասելում էդ տղան? Կարենի մոր վերևում նշած փաստերի դեմ ինչ ասելիք ունի? Ես Կարենին գիտեի, զուսպ ու բարեկիրթ մի տղա էր, որի խաթրին կպնել, կնշանակեր առնվազն մարդասպան լինել, էդ Հարությունի ցինիզմը ոնց որ նշանակի, թե գործը կփակեն, բայց եթե նման բան անեն, ուրեմն Հայաստանից փախնելու պատճառները ևս մեկով ավելանում են՝ երկիրը տեղում չէ, ոչ էլ նրա որևէ կառույցը, առավել ևս՝ արդարադատական:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031