Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը` Սերժ Սարգսյանի «մանեւրի» մասին

Մարտ 01,2013 19:02

«Բոլորն էլ գիտեն, որ այս հանցագործությունների միակ մեղավորը այն ռեժիմն էր, որը  տիրում էր 2008-ին՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Եթե փորձում են այլ մեղսակցություն վերագրել, ապա այդ դեպքում հարցը պետք է ուղղել այդ վերագրողին եւ նրանից նաեւ պատասխան  պահանջել` ինչպե՞ս է որեէ մեկի մտքով անցնում մեղսակցությունը վերագրել խաղաղ, սահմանադրական իր իրավունքներից օգտվող ընդդիմությանը»,- այսօր Ս. Սարգիս եկեղեցում «Մարտի 1-ի» զոհերի հիշատակի հոգեհանգստի պատարագից առաջ ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքերով,  իրենց  բոլոր գործողություններով ցանականում են  բացառել նման դեպքեր  ապագայում. «Եվ  նա,  ով եւս ցանկանում է  ապագայում նման դեպքերը բացառվեն ,պետք է շատ հստակ լինի իր գնահատականների  մեջ: Հենց որ սկսում են լղոզել պատասխանատվությունը, ռեժիմից բացի այլ մեղավոր են փնտրում, դա արդեն շատ ահավոր ուղերձ պետք է լինի, որ հասկանանք` սա ինչ  է: 5 տարի է՝ իշխանությունները այս հանցագործության պարտակմամբ են զբաղվել: Փաստահավաք խումբը, որ մեր ճնշման շնորհիվ  ստեղծվեց, իր գործը արեց, եւ մեր ներկայացուցիչներն այդ խմբում  բացահայտեցին պարտակման փաստերը: Ավելին չկարողացան անել, որովհետեւ Սերժ Սարգսյանը, տեսնելով, ինչ խայտառակ ընթացք է այդ փաստահավաք խմբի աշխատանքը ձեռք բերում, ցրեց խումբը, բայց միեւնույն է, մենք տեր ենք, այս հանցագործությունները բացահայտելու ենք: ՀԱԿ-ը սա մշտապես պահելու է իր օրակարգում: Հանցագործությունների բացահայտման եւ զոհերի ծնողների ու վիրավորվածների փոխհատուցման խնդիրը պետք է պետականորեն լուծվի: Բայց նախ եւ առաջ բացահայտում»:

Հարցին, թե Սերժ Սարգսյանի ցուցումը փաստահավաք խմբին՝ նոր թափ տալ գործին, ինչ ընթացք ստացավ, պարոն Զուրաբյանն ասաց. «Ձեւական բան էր, պարզվեց, միակ նվաճումը, որ այդ առումով ունենք, ռեժիմը, Սերժ Սարգսյանն ընդունեցին, որ մարտի 1-ի էջը փակված չէ: Մինչեւ այդ ասում էին՝ փակված է, ամեն ինչ պրծած է, որեւէ նոր հետաքննություն  պետք չէ:  Ընդունեցին, որ փակված չէ, մարտի մեկի էջը բաց է եւ,  որ պատասխան տվողներ դեռ պետք է լինեն: Այսքանը դեռ ունենք, բայց սա քիչ է: Մինչեւ բոլոր հանցագործները չկանգնեն դատարանի առջեւ, չենք հանգստանալու: Բնական է, թե  ինչու  դա նաեւ  ընդամենը մի մանեւր էր Սերժ Սարգսյանի կողմից, որովհետեւ ինքն էլ շատ լավ հասկանում է ` եթե հրամանի շղթան բացահայտվի, հանցագործության մեղսակցությունը տանում է դեպի Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան: Նրանք են հրամայել այս հանցագործությունը»:

Պարոն Զուրաբյանը նաեւ պարզաբանեց, թե ինչու իրենց այսօր նախատեսված երթն ու հանրահավաքը չեղյալ համարեցին . «30 օր առաջ էինք դիմել, իրազեկել: Բայց քանի որ ընդամենը մարտի 1-ից 3 օր առաջ պարզվեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Ժառանգությունը» դիմել են հանրահավաքի համար հենց նույն Մյասնիկյանի արձանի մոտ եւ ստացվում էր մի խաչաձեւում, բայց նաեւ  երկու միջոցառում նույն գործի համար, որը բաժանելու էր ժողովրդին հատվածների, իսկ մեզ համար կարեւոր էր ժողովրդի միասնականությունը : Անմիջապես չեղյալ համարեցինք մեր հանրահավաքն ու երթը եւ կոչ արեցինք ժողովրդին միանալ Մյասնիկյանի արձանի մոտ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին: Մեզ համար դեռեւս ոչ պարզ պատճառներով այդ հանրահավաքը տեղի չի ունենա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031