«Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII – XIXդդ.» գիրքը հայերեն տարբերակով լույս է տեսել 2002թ.-ին, իսկ 2012-ին՝ ռուսերեն: Հեղինակն է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Մաղալյանը:
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» փորձագետ Ալեն Ղևոնդյանը իր խոսքում նշեց, որ կենտրոնը կատարում է բազմաթիվ աշխատանքներ և այս անգամ համագործակցություն տեղի ունեցավ գիտությունների ազգային ակադեմիայի աշխատողներից մեկի հետ` Արտակ Մաղալյանի: Նրանք հստակ խնդիր էին դրել իրենց առաջ Արցախի հիմնահարցի վերաբերյալ օբյեկտիվ, պատմականորեն հիմնավոր տեղեկատվության ներկայացում և հանրային իրազեկում: Եվ համատեղ ուժերով նրանք կարողացել են թարգմանել և հրատարակել աշխատանքը: Խնդրի մյուս կողմն այն էր, որ օտարալեզու հասարակությանը միշտ չէ, որ հասանելի է այդ տեղեկատվությունը, ուստի գիրքը ռուսալեզու է:
Արտակ Մաղալյանը ներկայացրեց գրքի բովանդակությունը՝ նշելով, որ ադրբեջանցի պատմաշինարարները փաստերի կեղծման մեծ աշխատանք են տանում և գերխնդիրն էր օբյեկտիվ փաստերով իրականությունը ներկայացնելը: Նա նաև ասաց, որ գրքի սկզբնաղբյուր են հանդիսացել արխիվյան ձեռագրերը, ռուսական արխիվները, մահմեդական աղբյուրներ, ինչպես նաև ավելի քան 70 կտոր սկզբնաղբյուրներ տարբեր հեղինակներից և մի շարք այլ փաստեր, որոնք ներկայացված են գրքի վերջում:
Արտակ Մաղալյանը մամուլի ներկայացուցիչներին նաև ցույց տվեց գրքում զետեղված բազմաթիվ նամակներ՝ գրված Արցախի մելիքների կողմից և հավելեց, որ նամակներում կան կնիքներ, որոնք փաստում են նրանց հայ լինելը և հերքում են բոլոր կասկածները:
Կարդացեք նաև
Նախատեսվում է գիրքը թարգմանել նաև անգլերեն և այլ օտար լեզուներով:
Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆ