«Որովհետեւ իմ ամուսնալուծության համար մեղադրում էի Հայկանուշին, հետո հասկացա, որ սխալ եմ ու ցուցմունքս փոխեցի, կանացի վիրավորանք էր»,-առաջին հարսի պատասխանը`վերաքննիչում
Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց հարսին խոշտանգած սկեսուր Հայկանուշ Միքայելյանի (լուսանկարում)` ազատազրկման չափի ավելացման, եւ հարսին ֆինանսական փոխհատուցման պահանջով դատական նիստը:
Նշենք, որ առաջին ատյանի դատարանը վճռել էր Հայկանուշ Միքայելյանին, որը մոտ 10 ամիս Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում հարսին պարբերաբար կտտանքների էր ենթարկել, այրել հարսի մեջքն ու կրծքերը, պատառաքաղով ծակծկել մարմինը, ստիպել ուտել իր հետ տված մաղձը եւ այլ տանջանքներ կիրառել, 4 տարով ազատազրկել, սակայն դատարանի որոշմամբ կիրառվել է նաեւ համաներումը, ըստ որի՝ Հայկանուշ Միքայելյանը ընդամենը 1 տարի ազատազրկման վայրում կանցկացնի: Իսկ տուժող կողմը վերաքննիչում պահանջում է 5 տարի ազատազրկում, ինչպես նաեւ մոտ 17միլիոն դրամ, որպես բարոյական եւ ֆիզիկական վնասի փոխհատուցում:
Կարդացեք նաև
Ամբաստանյալն էլ պահանջում է կիրառել համաներում եւ ազատել պատժի կրումից:
Այսօր դատարանում երկու կողմերն էլ ներկայացրեցին իրենց հիմնավորումներն ու պահանջը, ապա դատարանը հարց ուղղեց խոշտանգված հարսին` Մարիամ Գեւորգյանին, ըստ պաշտպանական կողմի՝ Մարիամ Գեւորգյանը կարող էր ցանկության դեպքում լքել ամուսնու բնակարանը եւ մեկնել Հայաստան, ինչպես նաեւ եթե կային դեմքին ակնհայտ վնասվածքներ, ապա միջպետական սահմանն այդ տեսքով չէր կարող հատել: Մարիամ Գեւորգյանը պատասխանեց, որ սահմանի վրա, ոչ մի աշխատակից չէր կարող հագուստի տակից նկատել նրա մարմնի վնասվածքները:
Իսկ ինչ վերաբերում է փախչելուն, ապա, ըստ Մարիամի. «Քանի որ քույրիկս իրենց ազգի հարս է, ինձ միշտ սպառնացել են, բացի այդ, անձնագիրս էլ մոտս չի եղել»:
Ընդ որում, դատարանը հստակեցրեց, որ պատճառաբանական բողոքում Մարիամ Գեւորգյանը նշել էր, որ դուռն իր վրա փակում էին ու գնում, իսկ հետո ասաց, որ տանը երբեք մենակ չի եղել, ուստի չի կարողացել դիմել փախուստի: Մարիամի խոսքերով` «Միշտ էլ փորձել եմ դիմել փախուստի, բայց իրենք կանխել են»:
Այսօրվա դատական նիստն ուշագրավ էր նրանով, որ հարցաքննվեց Հայկանուշ Գեւորգյանի առաջին հարսը` Մելինե Բայաթյանը, որն իր առաջին ցուցմունքներում եւս վստահեցրել էր, որ սկեսուրը բռնություն է կիրառել իր նկատմամբ, հետո փոխել է ցուցմունքը, ըստ որի՝ սկեսուրը ոչ մի վնաս իրեն չի հասցրել, ընդամենը ընտանեկան վեճեր են եղել: Դատարանը Մելինե Բայաթյանից հետաքրքրվեց, թե ինչու է սկզբում մեղադրական ցուցմունք տվել, ապա այն փոխել: Բայաթյանի ներկայացմամբ` «Որովհետեւ իմ ամուսնալուծության համար մեղադրում էի Հայկանուշին, հետո հասկացա, որ սխալ եմ ու ցուցմունքս փոխեցի: Կանացի վիրավորանք էր, չեմ գիտակցել»: Դատարանը նաեւ հետաքրքրվեց` այդ ինչպե՞ս կարողացավ Բայաթյանը մանրակրկիտ նկարագրել, թե ինչ տեսակի բռնություն է կիրառել սկեսուրը, ընդ որում, այդ նույն նկարագրությունը նաեւ Մարիամ Գեւորգյանն է նկարագրել: Այս հարցին ի պատասխան՝ Բայաթյանն ասաց, որ ուղղակի Մարիամն ամեն ինչ պատմել էր, ինքն էլ նույնը առաջին ցուցմունքում է ասել: «Գուցե ձեր նկատմամբ ճնշումներ են կիառվել, դրա՞ համար եք փոխել ձեր ցուցմունքը»,-դատարանի այս հարցին էլ Բայաթյանը վստահեցրեց`ոչ ոք, ոչ մի տեսակի ճնշում իր վրա չի գործել:
Դատարանը Մելինե Բայաթյանին հիշեցրեց` արհեստական ապացույցներ է ստեղծել սկեսուրին պատասխանատվության ենթարկելու համար, հետո այլ ցուցմունք տվել, իսկ սուտ ցուցմունքի համար մոտ 5 տարի ազատազրկում է նախատեսված: Սա լսելով՝ Մելինե Բայաթյանը եւս մեկ անգամ հաստատեց, որ տեղյակ է այդ մասին եւ պնդում է վերջին ցուցմունքը, որ սկեսուրն իր նկատմամբ բռնություն չի կիրառել:
Դատական հաջորդ նիստը կշարունակվի մարտի 15-ին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ