Այսօր «Արմատ» ակումբի հյուրն էր իրանագետ Արմեն Իսրայելյանը, ով անդրադարձավ արցախյան ազատամարտի ժամանակ ադրբեջանցիներին աջակցած պաշտոնյայի՝ նախագահի թեկնածու առաջադրվելու վտանգներին: Նախագահի թեկնածու Մորզեն Ռեզեյնը բազմիցս նշել է, որ արցախյան ազատամարտի ժամանակ ինքն անձամբ հրամաններ է տվել, որպեսզի անհրաժեշտ զինամթերքով ապահովեն ադրբեջանական զորքերին և նաև աջակցել է մարդկային ռեսուրսներով: Սակայն իրանագետը համոզված է. «Այս հայտարարությունները պետք է մտահոգեն Հայաստանին, բայց ոչ անհանգստացնեն»:
Նրա խոսքերով՝ Մորզեն Ռեզեյնի նախագահ ընտրվելու հավանականությունը շատ քիչ է: «Այս թեկնածուն, մասնակցելով նախորդ նախագահական ընտրություններին, 2% ձայն է հավաքել, և քիչ է հավանականությունը, որ այս անգամ արդյունքներն ավելի բարձր կլինեն: Բացի այդ, իրանական ոչ մի լուրջ լրատվամիջոց չի անդրադարձել այս հայտարարություններին, ինչը վկայում է այն մասին, որ նրանց վերաբերմունքը հայտարարության վերաբերյալ բացասական է»:
«Առավոտի» հարցին, թե ինչքանո՞վ են Իրանի ընտրությունները կարևոր Հայաստանի համար, պարոն Իսրայելյանը պատասխանեց, որ այժմ լարված են Թուրքիա- Իրան, Ադրբեջան-Իրան հարաբերությունները, և եթե ընտրվի այնպիսի նախագահ, ով կպահպանի Իրանի այժմյան քաղաքականությունը այդ հարաբերություններում, Հայաստանը դրանից կշահի: Նա նաև հավելեց. «Ե´վ Հայաստանն ունի Իրանի կարիքը, և´ Իրանը Հայաստանի»:
Պարոն Իսրայելյանը իրանական ընտրությունների արդյունքում Իրանի քաղաքականության լուրջ փոփոխություն չի ակնկալում:
Կարդացեք նաև
Այն հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Իրանը ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ, նա պատասխանեց, որ ճիշտ է, կարճաժամկետ, բայց Իրանն առաջինն է միջնորդ հանդիսացել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում և այժմ էլ Իրանը բազմից շեշտում է, որ կրկին ցանկանում է միջնորդ հանդիսանալ: «Իրանը նաև բազմիցս շեշտել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի տարածաշրջանային ուժերի մասնակցությամբ, արտատարածաշրջանային ուժերն այստեղ անելիք չունեն»:
Նշենք, որ Իրանում ընտրությունները տեղի կունենան հունիսի 14-ին:
Մարինե ՂԱԶԱՐՅԱՆ