Հայաստանում հազարավոր սոցիալապես անապահով քաղաքացիներ, որոնց թվում կան նաեւ հաշմանդամներ, այսօր կարիք ունեն կրթության եւ աշխատանքի: Նրանց աջակցելու նպատակով այսօր «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության գրասենյակում հ/կ-ի եւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի միջեւ ստորագրվեց Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամի կողմից ֆինանսավորված՝ «Հայաստանի աղքատ եւ կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» դրամաշնորհային ծրագրի պայմանագիրը: «Հույս ունեմ, որ սա առաջին քայլն է երկարատեւ համագործակցության: Ակնկալում ենք, որ կլինի շատ կայուն ֆինանսական կառավարում եւ որ կշարունակվի մեր համագործակցությունը նման կազմակերպությունների հետ»,-ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժան-Միշել Հապպին: Ծրագիրն իրականացվելու է 2013-2016թթ. Երեւանում ու Հայաստանի 5 այլ մարզերում՝ Կոտայք, Արարատ, Լոռի, Գեղարքունիք եւ Շիրակ: Ծրագրի նպատակն է, ըստ երկու կողմերի, այդ մարզերի 16 համայնքների 4000 անապահով եւ աղքատ մարդկանց, հատկապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց, «ընձեռել ինքնաբավ կենսապայմանների եւ զբաղվածության հնարավորություններ», նրանց մատուցել անհրաժեշտ ծառայություններ:
«Այս ծրագիրը ուղղված կլինի ոչ միայն խոցելի խմբերի սոցիալ-առողջապահական կենսական պահանջների բավարարմանը, այլեւ նրանց ինքնաբավ դարձնելուն՝ նպաստելով նրանց զբաղվածության խնդրի լուծմանը»,-ասաց «Առաքելություն Հայաստան» հ/կ-ի նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը:
Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ փոփոխություններ եւ արդյունք կբերի այս համագործակցությունը, Տիկին Կիրակոսյանն ասաց. «Հենց այն հանգամանքը, որ հիմա շատ հաշմանդամներ կան, որ ուզում են ընդունվել աշխատանքի, բայց շատ քիչ են այն մարդիկ, որոնք ունեն համապատասխան մասնագիտացում, կրթություն, մենք պետք է օգնենք այդպիսի մարդկանց, աշխատանք տանենք, որ նրանք ստանան մասնագիտացումներ, ովքեր ինչ-որ բան կարող են անել: Սերտ կաշխատենք նաեւ այլ կենտրոնների հետ, որովհետեւ նրանք էլ շատ ծրագրեր ունեն, արդյունքում կլինի մեծ ռեզոնանս: Ի վերջո մենք ունենք այլ ծրագրեր եւ պետությունից էլ ենք գումարներ ստանում եւ դրանք բոլորը արդեն կներդրվեն այս ծրագրի եւ այլ ծրագրերի աշխատանքների մեջ»:
Սուսաննա ՕՀԱՆՅԱՆ