Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԻՆԳՊՈՆԳ

Մարտ 01,2013 16:06

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Գլուխ քսանվեցերորդ

ՊԻՆԳՊՈՆԳ

Եվ Շերենցը ժպտալով Մարգունուն ասաց՝ «էս սեղանի շուրջ բոլորս վարպետ ենք, Վաղինակ եղբայր», եւ Մարգունին մի քիչ մտածեց, նայեց Շիրազին ու ասաց՝ «պարզ ա, որ Շիրազը վարպետ ա», եւ Շերենցը փռթկացնելով ասաց՝ «մենք էլ մեր գծով ենք վարպետ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Ռուբոն, օրինակ, հումորի գծով է վարպետ», եւ Մարգունին մի քիչ մտածեց ու Շերենցին հարցրեց՝ «ես ու դո՞ւ ինչ գծով ենք վարպետ», եւ Շերենցը  բավական երկար մտածեց ու ամոթխած ժպտալով ասաց՝ «քեզ փոքր դերերի վարպետ համարեցինք», եւ Մարգունին զարմացած հարցրեց՝ «ո՞վ համարեց», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Լեւոնն ու բոլորս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դու որ քնած էիր, Լեւոնն ու բոլորս քեզ փոքր դերերի վարպետ հայտարարեցինք», եւ Մարգունին բավական երկար մտածեց ու հարցրեց՝ «բա մեծ դերերի վարպետնե՞րն ովքեր են», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մեծ դերերի վարպետները մահացել են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իրար հետեւից մեռան գնացին» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «մեռան գնացին՝ մեզ էս դաժան աշխարհն ու մեր փոքր դերերը թողնելով», եւ Ներսիսյանը  ժպտալով Մարգունուն ասաց՝ «Շերենցն ու դու իսկապես փոքր դերերի վարպետներ եք» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Շերենցը՝ կինոյում, դու՝ թատրոնում», եւ Մարգունին մի  քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «այ Լեւոն, կարող ա՞ մեծ դերեր տվել են՝ չենք խաղացել», եւ Շերենցը ժպտալով Մարգունուն ասաց՝ «էղածով  բավարարվենք, Վաղինակ եղբայր», եւ Ռուբոն փռթկացնելով ասաց՝ «Շերենցը կինոյի վարպետ ա, բայց ոչ մի անգամ կինո չի գնացել», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «իմ կինոների պրեմիերաներին միշտ էլ գնացել եմ» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «Ֆրունզը զոռովեն տարել է», եւ Ռուբոն նայեց մեր լիքը բաժակներին, մի  քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «շատ խոսացինք. մի հատ չխմե՞նք», եւ Շերենցը ժպտալով ասաց՝ «խոսելով  ընկանք՝ խմելը մոռացանք»,  եւ Արայիկը ժպտալով Շերենցին ասաց՝ «մեկ ա՝ դու չես խմում», եւ Ռուբոն ժպտալով ասաց՝ «Խորոզի արհեստանոցում լավ էլ խմել ա», եւ Շիրազը ժպտալով ասաց՝ «Ազատը կխմե, Շիրազի անունը դուս կուգա», եւ Շերենցը ժպտալով նայեց Խորոզին ու փռթկացնելով ասաց՝ «էս տնաշենը համ կխմեր,  համ էլ կքանդակեր», եւ Ռուբոն Շերենցին հարցրեց՝ «էդ ե՞րբ էր», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էրկու տարի կէղնի», եւ Ռուբոն ժպտալով հարցրեց՝ «դրանից հետո չես խմե՞լ», եւ Շերենցը բավական երկար մտածեց ու ասաց՝ «նոր տարուն» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էլի Ֆրունզի հետ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «նոր տարուն Ֆրունզի ախպեր Ալբերտի տանը բաժակըմ տնական րախի խմեցի», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին ասաց՝ «մի հատ էլ էսօր կխմես», եւ Շերենցը ժպտալով ասաց՝ «բաժակներն օր լցնես, կխմենք», եւ Ռուբոն նայեց բաժակներին ու ասաց՝ «բաժակները լցրած են», եւ Շերենցը նայեց մեր լիքը բաժակներին ու զարմացած հարցրեց՝ «էսքան վախտ չեք խմե՞լ» եւ մի քիչ  մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «խոսելով ընկել՝ չեք խմել», եւ Ռուբոն ասաց՝ «հետեւներիցս չեն ընկել» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «խոսալն իրա տեղն ունի, խմելը՝ իրա», եւ Արայիկն ասաց՝ «ամենալավը խոսալով խմելն ա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «միանգամից էրկու գործ ես անում», եւ Շերենցը նայեց քնած Խորոզին ու փռթկացնելով ասաց՝ «էս տնաշենը համ կխոսեր, համ կխմեր, համ էլ կքանդակեր» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մեկ էլ թամադեքն են խոսելով խմում» եւ մի քիչ էլ մտածեց ու ամոթխած ժպտալով ասաց՝ «կյանքիս մեջ թամադա էղած չկամ», եւ Շիրազը ժպտալով Շերենցին ասաց՝ «որովհետեւ ուրբաթախոս ես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «թամադեն պիտի քիչըմ շատախոս էղնի», եւ Շերենցը նայեց Ռուբոյին, մի քիչ մտածեց ու ժպտալով  ասաց՝ «Ռուբենը  քիչըմ շատախոս է» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝  «հիմի ինքը կենաց կասի, կխմենք», եւ Արայիկը  փռթկացնելով ասաց՝ «Ռուբոն ամեն ինչ կանի, մենակ թե՝ էն եզդու պատմությունը չպատմի», եւ Շերենցը ժպտալով Ռուբոյին ասաց՝ «թե եզդիների պատմությունը չես պատմելու, մի կենաց ասա՝ խմենք», եւ Ռուբոն Շերենցին հարցրեց՝ «ի՞նչ կենաց ասեմ», եւ Շերենցը  մի քիչ մտածեց ու ժպտալով Ռուբոյին ասաց՝ «հազար տարվա թամադա ես. դու ինձնից լավ գիտես՝ ինչ կենաց ասես», եւ Արայիկը փռթկացնելով ասաց՝ «հազար տարվա շատախոս ա», եւ Շերենցը ժպտալով Արայիկին ասաց՝ «խանգարես գը, Արայիկ ջան» եւ Ռուբոյին նայելով ավելացրեց՝ «ասա, Ռուբեն ջան. ուշադիր լսենք գը», եւ Ռուբոն բաժակը բարձրացնելով ասաց՝ «էս պուճուր բաժակով, բայց մեծ սրտով առաջարկում եմ խմենք վարպետների կենացը», եւ Շերենցը ժպտալով հարցրեց՝ «ո՞ր վարպետների», եւ Ռուբոն պատասխանեց ու ասաց՝ «մեր սեղանի շուրջ նստած վարպետների», եւ Շերենցը ժպտալով ասաց՝ «մեր սեղանի շուրջ բոլորս էլ, փաստորեն, վարպետ ենք», եւ Ռուբոն ասաց՝ «բոլորիս կենացն ա» եւ ինձ նայելով՝ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Արմոն էլ սեղանի թենիսի գծով ա վարպետ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «անցյալ տարի Շորժայում մեզ ընենց թենիսի դասեր տվեց, որ մինչեւ կյանքներիս վերջը կհիշենք», եւ Շերենցը ժպտալով Ռուբոյին հարցրեց՝ «թենիսը պինգպոնգն է, չէ՞», եւ Ռուբոն պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ Շերենցը ժպտալով ասաց՝ «մեր պահակ Ավետիքը հավատացյալ մարդ էր, բայց ինքն էլ շատ ուժեղ պինգպոնգ կխաղար» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «թատրոնի սաղ ջահելներին կրեր գը», եւ Արայիկը ժպտալով ասաց՝ «հավատացյալ ըլնելը թենիս խաղալուն հեչ չի խանգարում», եւ Շերենցը ժպտալով ինձ հարցրեց՝ «կարող է՞ դու էլ ես հավատացյալ, Արմենակ ջան», եւ ես չգիտեի ինչ ասեմ ու անիմաստ ժպտացի, եւ Ռուբոն բաժակը բարձրացնելով ասաց՝ «վարպետների կենացը», եւ Շերենցը  ժպտալով հարցրեց՝ «քնածներն էլ ե՞ն հաշվի մեջ», եւ Արայիկը ժպտալով ասաց՝ «վարպետներն էլ քնելու իրավունք ունեն», եւ Շերենցը հարցրեց՝ «չզարթնացնե՞նք՝ իրանց կենացը խմեն», եւ հանկարծ ու անսպասելի Շիրազը ճչաց՝ «չէ՜», եւ Արայիկը զարմացած նայեց Շիրազին ու հարցրեց՝ «քե՞զ ինչ էղավ, այ հեր», եւ Շիրազը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «էդ Խորոզի զայլեն չունիմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «արդեն համը կհանե» եւ մի քիչ էլ մտածեց ու Խորոզի տնազն անելով ասաց՝ «մի հատ իրար հետ ի՞նչ ենք խմում, Վարպետ ջան», եւ Շերենցը ժպտալով Շիրազին ասաց՝ «Խորոզը քեզի պաշտե գը, Վարպետ ջան», եւ Շիրազը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «չեմ ուզե» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտած ավելացրեց՝ «քեզի թող պաշտե», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «Աստված ինձի էդ բախտին չի արժանացրել», եւ Ռուբոն ժպտալով ասաց՝ «էս ժողովրդի մի մասը Շիրազի հետ ա ուզում խմի, մյուս մասն էլ՝ Ֆրունզի», եւ Արայիկը ժպտալով ասաց՝ «մնացածներն էլ՝ Հովիվյանի», եւ Մարգունին, որ էդ պահին արթուն էր, ծոր տալով ասաց՝ «Հովիվյանի վախտերն անցա՜ն» եւ մի քիչ մտածեց ու հիացմունքով ավելացրեց՝ «հիմի իսկական չեմպիոններ ունենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ամեն մեկը մի-մի Հովիվյան ա», եւ Շերենցը երանությամբ ժպտալով ասաց՝ «բայց Հովիվյան Սաքոն սավսեմ ուրիշ էր, Վաղինակ ջան», եւ Մարգունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «էս թազեքն էլ են սավսեմ ուրիշ», եւ Արայիկն ասաց՝ «ի տարբերություն Հովիվյանի, էս թազեքը խմող չեն», եւ Մարգունին մի քիչ  մտածեց ու ասաց՝ «Հովիվյանն էլ խմող չէր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ուղղակի անունն էր դուս էկել», եւ  Շիրազը նեղսրտած ասաց՝ «ինձի պես», եւ Մարգունին շարունակելով ասաց՝ «Հովիվյանի բալեշչիկները որ Հովիվյանին ստիպողական խմացնում էին, ինքը բաժակը ձեւական կպցնում էր պռոշներին ու՝ վերջ», եւ Շիրազը նեղսրտած ասաց՝ «ինձի պես», եւ Մարգունին ասաց՝ «էդքան բան», եւ Արայիկը ժպտալով Մարգունուն հարցրեց՝ «բայց դու ի՞նչ գիտես, որ ձեւական էր բաժակը պռոշներին կպցնում», եւ Մարգունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «աչքիս տեսածն եմ ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես որ մի բան հաստատ չեմ իմանում՝ չեմ ասում», եւ Շերենցը փռթկացնելով ասաց՝ «ինձի պես», եւ Ռուբոն Արայիկին ասաց՝ «ընկեր Մարգունին սպորտի հանրագիտարան ա. իզուր ես հետը վիճում», եւ Արայիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «գիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց մեկ ա՝ էս թազեքը Հովիվյան չեն դառնա», եւ Մարգունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիմիկվա ֆուտբոլը սավսեմ ուրիշ ֆուտբոլ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «շան տղի Անդրեասյանն առանց գնդակին նայելու էր խաղում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «հիմի էլ Խորիկն ա աջուձախ պարացնում», եւ Շերենցը փռթկացնելով հարցրեց՝ «դերասան Խորիկը՞», եւ Մարգունին արհամարհական նայեց Շերենցին ու ասաց՝ «ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեկ է՝ Հովիվյան չեն դառնա», եւ Ռուբոն ասաց՝ «էս ձեր համար ֆուտբոլի քննարկում  չի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էս ժողովուրդը խելքը լրիվ ֆուտբոլին ա տվել», եւ Շիրազը նեղսրտած ասաց՝ «ոտը կպաշտեն, գլուխը չեն պաշտի», եւ Շերենցը  Ռուբոյին նայելով ասաց՝ «էս մարդը կենաց է ուզում ասի, խանգարենք գը», եւ Մարգունին զարմացած հարցրեց՝ «ո՞ր մարդը», եւ Շերենցը պատասխանեց ու ասաց՝ «Ռուբենը», եւ Մարգունին զարմացած հարցրեց՝ «ի՞նչ կենաց», եւ Շերենցը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «վարպետների», եւ Մարգունին զարմացած հարցրեց՝ «ի՞նչ վարպետներ», եւ Շերենցը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «իմ ու քո», եւ Մարգունին զարմացած հարցրեց՝ «ես ու դու իրար հետ ի՞նչ կապ ունենք», եւ Շերենցն ամոթխած ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էրկուսս էլ վարպետ ենք», եւ Արայիկը ժպտալով Շերենցին ասաց՝ «դու էլ ես վարպետ, ճիշտ ա, բայց Մարգունու համեմատ լրիվ սկսնակ ես», եւ Մարգունին մի քիչ մտածեց ու քմծիծաղով  ասաց՝ «էդքանը որ հասկանային, էլ ի՞նչ դարդ ունեինք, Արայիկ ջան», եւ Շերենցը մեղավոր ժպտալով Մարգունուն ասաց՝ «ես մեղավոր չեմ, որ ժողովուրդը համ քեզ վարպետ կհամարե, համ էլ՝ ինձ», եւ Մարգունին զարմացած հարցրեց՝ «ո՞ր ժողովուրդը», եւ Շերենցը մեղավոր ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էս սեղանի ժողովուրդը», եւ Մարգունին Շերենցին հարցրեց՝ «ո՞ր սեղանի», եւ Շերենցն ասաց՝ «էս մեր սեղանի շուրջ նստածները», եւ Մարգունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «բան չեմ հասկանում», եւ Շերենցը նեղսրտելով հարցրեց՝ «ի՞նչը չես հասկնա», եւ Մարգունին մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «հիմի մեր էս սեղանի շուրջ նստածները ժողովո՞ւրդ են», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ժողովուրդ չեն՝ բա ի՞նչ են», եւ Մարգունին մի քիչ մտածեց ու Շերենցին ասաց՝ «մի քիչ առաջ ասում էիր, որ իրանք էլ են վարպետ», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «համ ժողովուրդ են, համ էլ վարպետ են», եւ Մարգունին բավական երկար մտածեց ու ասաց՝ «ըտենց չի ըլնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «վարպետը կարա ժողովրդի մտածմունքներն ու իղձերն արտահայտի, բայց ինքը չի կարա ժողովուրդ ըլնի», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «ես էդ տեսակ բարդ բաներ չեմ հասկնա, Վաղինակ եղբայր»,  եւ Շիրազը Շերենցին ասաց՝ «մի վիճե. Վաղինակը ճիշտ կըսե», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես վո՞վ եմ, օր Մարգունու հետ վիճեմ»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031