Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարելի ՓՄՁ-ներին անընդհատ ցնցումների մեջ գցել»

Մարտ 01,2013 15:54

Փոքր եւ միջին ձեռներեցները գտնում են, որ շրջանառության հարկի 58 միլիոն շեմը իրատեսական չէ

«Այդ ո՞ւմ հետ են քննարկել, որ մեկն ու մեկս չենք իմացել»,-այսօր «Հարկային ոլորտի բարեփոխումներ եւ աջակցություն բիզնեսի զարգացմանը» թեմայով սեմինարին հակադարձեցին գործարարներն այն պաշտոնյաներին, որոնք պնդում էին, թե շրջանառության հարկին անցնելուց առաջ վարչապետին կից խորհուրդը բազմաթիվ ձեռներեցների հետ քննարկել է այդ հարցը:

«Անի Պլազա հոթել» հյուրանոցում կազմակերպված միջոցառման նպատակն էր մասնակիցներին, որոնք բիզնեսի ներկայացուցիչներ էին, ծանոթացնել ՀՀ հարկային օրենսգրքում 2013 թվականին նախատեսվող նոր փոփոխություններին:

Գործարարները, սակայն, այսպես ասած, դեռ չէին «մարսել» նախորդ տարվա հարկային «բարեփոխումները»: «Երեւանի գարեջուր» ընկերության ղեկավար Արմեն Նիկողոսյանը մի պարզ հաշվարկ էր արել եւ պարզել, որ եթե Հայաստանում աշխատող խանութն օրական 100 հազար դրամ շրջանառություն է ունենում, եւ նրա առեւտուրը հիմնված է վերավաճառման վրա, այսինքն` ապրանքները մի տեղից վերցնում է եւ վերավաճառում՝ չնչին տոկոս դրանց վրա ավելացնելով, ապա շրջանառության հարկը հանած` խանութպանին տակը ոչինչ չի մնում. «3,5 հազար շրջանառության հարկ է տալիս, 2 կամ 2,5 հազար դրամ աշխատողին, պահակին, լույսի վարձ եւ տակը բան չի մնում»: Գործարարը համոզված է, որ այս դեպքում ձեռներեցին պետությունն ավելի շատ է մղում ստվեր:

«Մենք այդ թվերն օդից չենք վերցրել, քննարկել ենք բիզնեսի հետ»,-գործարարների դժգոհություններին ի պատասխան՝ ասաց ՀՀ էկոնոմիկայի ՓՄՁ զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը: «Երեւի խոշոր բիզնեսի հետ հա՞»,-նկատեցին ձեռներեցները: «Ոչ: Վարչապետին կից գործում է փոքր բիզնեսի շահերը ներկայացնող խորհուրդ, որը հարկային փոփոխություններից առաջ այս հարցը քննարկել է փոքր եւ միջին ձեռներեցների հետ»,-ասաց պարոն Եգանյանը:

Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի խորհրդի անդամ Աննա Արամյանի խոսքերով, ինքը այս ոլորտում երկար ճանապարհ է անցել եւ եկել է այն համոզման, որ նախկինում էլ, ներկայումս էլ, եթե ձեռներեցն իր շրջանառությունն ամբողջությամբ ցույց տա, չի կարող գոյատեւել. «Փոքր եւ միջին բիզնեսի 80 տոկոսը կփակվի մեր երկրում: Չի’ կարելի մեր ՓՄՁ-ներին անընդհատ ցնցումների մեջ գցել»:

Փոքր եւ միջին ձեռներեցները գտնում են, որ շրջանառության հարկի 58 միլիոն շեմը իրատեսական չէ: Գործարարներից մեկն առաջարկեց այդ շեմը գոնե 100 միլիոն բարձրացնել, որպեսզի գործարարը ստիպված չլինի իր շրջանառությունը թաքցնելու համար ընկերությունը մի քանի մասի տրոհել:
ՀՀ էկոնոմիկայի ՓՄՁ զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը նկատեց. «100 միլիոնի դեպքում էլ կասեք` 200 միլիոն»:
«Ոչ, չենք ասի, որովհետու 100 միլիոնը ողջամիտ սահման է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031