Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ծանր» երաժշտությունը ինքնահաստատման միջո՞ց է, թե՞ ապրելակերպ

Մարտ 01,2013 15:25

Շատերն ունեն այնպիսի ընկերներ, ովքեր նախընտրում են «ծանր» երաժշտություն: Խոսքը մետալ, ռոք երաժշտության մասին է: Հայ հասարակությունը ինչպե՞ս է ընդունում այն մարդկանց, ովքեր նախընտրում են տարբերվել մեծամասնությունից իրենց երաժշտական ճաշակով: Զրուցեցինք ռոք երաժիշտ, The Beautidied Project խմբի վոկալիստ Անդրե Սիմոնյանի (լուսանկարում) եւ հայտնի լուսանկարիչ, մետալ երաժշտության սիրահար Էմին Արիստակեսյանի հետ:

– Նյութը վերաբերում է մետալ եւ ռոք երաժշտությանը, հետաքրքիր է՝ դուք ի՞նչ ոճեր եք նախընտրում:

Անդրե Սիմոնյան – Ես լսում եմ տարբեր ոճերի երաժշտություն, չկա լավ եւ վատ ոճ, բայց բոլոր ոճերի մեջ էլ կան լավ եւ վատ ստեղծագործություններ: Ավելի շատ լսում եմ ռոք եւ մետալ, բայց չեմ սահմանափակվում միայն դրանով, քանի որ կյանքը կարճ է մեկ ոճով սահմանափակելու համար:

Էմին Արիստակեսյան – Ես արդեն շատ տարիներ է՝ լսում եմ մետալ երաժշտություն, ռոք ֆոլկ, կլասիկ, գոթիկ դարկուեյվ եւ այլ ժանրեր: Ես երբեք չեմ սահմանափակվում որակյալ երաժշտության մեջ, սակայն կան կոնկրետ ժանրեր, որոնք նվագում են իմ հոգու լարերով: Մետալ երաժշտությունն ավելի շատ կյանքի ապրելակերպ է:

– Ի՞նչ եք կարծում, արդյոք ծանր երաժշտությունը այսօր դարձե՞լ է երիտասարդների ինքնահաստատման միջոց:

Անդրե Սիմոնյան- Երաժշտությունը միշտ էլ լավ դիմակ է եղել ինքնահաստատման համար… եւ կապ չունի՝ ռո՞ք է, թե՞ ուրիշ ոճի: Օրինակ՝ շատ շատերը ինքնահաստատվում են ռեփ լսելով:

Էմին Արիստակեսյան- Եթե մենք խոսում ենք Հայաստանում տիրող իրավիճակի մասին, ապա՝ ոչ: Երեւի ճիշտ կլինի սկսել սկզբից, երբ Հայաստանում մետալ երաժշտությունը սկսեց զարգանալ եւ տարածում ստանալ, մետալհեդերը շատ քիչ էին, ու հոգով եւ սրտով նվիրված էին այդ երաժշտական ոճին: Նրանց մեջ չկար ոչ մի կաթիլ ձեւականություն: Այդ ժամանակահատվածում, Հայաստանում լինել մետալհեդ՝ նույնիսկ վտանգավոր էր. մարդկանց վերաբերմունքը, կռիվներ ամեն քայլափոխի, արգելքներ ընտանիքում: Ինքնահաստատման համար լինել մետալհեդ, շատ ռիսկային էր: Անցավ ժամանակ, եւ երբ մի շարք արգելքներ հանվեցին, հայտնվեցին երիտասարդներ, որոնք սկսեցին լսել մետալ երաժշտություն, քանի որ դա իրենց համար ուղղակի «թույն» էր եւ տարբերվելու միջոց: Հետագայում դա էլ անցավ, գնաց, քանի որ մեր օրերում ոչ երկար մազերով, ոչ էլ փիրսինգով չես զարմացնի: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ Հայաստանում մետալ երաժշտությունը հիմա բավականին լրջացած վիճակում է: Քանի որ այն մարդիկ, ովքեր շարժման ակունքում էին, արդեն ունեն ընտանիքներ, բայց լսում են մետալ, ուղղակի կյանքի բերումով ժամանակ չունեն ակտիվ գործունեությամբ զբաղվելու: Ցավոք, նոր որակյալ սերնդափոխություն տեղի չունեցավ եւ այդ պատճառով Հայաստանում հիմա շատ քիչ են ինքնահաստատման կարիք ունեցողները, քանի որ նոր սերնդի պակասը շատ մեծ է:

– Ի՞նչ կարծիք ունեք այն երիտասարդների մասին, ովքեր ռոք լսելով անպայման ուզում են ինչ-որ սուբմշակույթի մի մաս կազմել, եւ շփվել փանքերի, գոթերի եւ այլ սուբմշակույթների ներկայացուցիչների հետ:

Անդրե Սիմոնյան – Յուրաքանչյուր երիտասարդի բնազդը որոշ չափով ուշադրություն գրավելն է: Սուբմշակույթի մի մասը լինելը՝ ուշադրության կենտրոնում լինելն է, իսկ դրա մեջ վատ չկա, եթե ինքդ չես խանգարում կամ վնասում քեզ շրջապատող մարդկանց, դա քո իրավունքն է:

Էմին Արիստակեսյան – Իմ կարծիքով՝ ինքնահաստատման պրոցեսը պիտի կատարվի բնականոն: Դա ինձ համար երբեք հատուկ նպատակ չի եղել:

– Ինչո՞ւ է երիտասարդների մեծ մասը փորձում ինքնահաստատվել այս միջոցով:

Անդրե Սիմոնյան – Ինչպես նշեցի, երաժշտությունը լավ դիմակ է, որի ետեւում կարելի է թաքնվել:

Էմին Արիստակեսյան – Հոգեբանության, մենթալիտետի, մեր ազգի առանձնահատկությունների ազդեցության պատճառով ենթամշակույթների ներկայացուցիչների մեծամասնությունը հիմնականում լիարժեք չի հետեւում իրենց ընտրած ուղղությունների կանոններին, եւ դրա հետեւանքով այդ ամենը հաճախ ավելի շատ վերածվում է զուտ իմիջի: Մյուս կողմից էլ՝ կան առանձին անհատներ, ովքեր իսկապես ապրում են այնպես, ինչպես թելադրում են իրենց ենթամշակույթի կանոնները, սակայն նրանք այնպիսի մարդիկ են, ովքեր ինքնահաստատվելու կարիք չունեն:

 Զրույցը՝

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՍԱՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031