Համոզված է ՀՀ վաստակավոր արտիստ Մարիա Դիվանյանը
Կարծիք կա, թե տաղանդը նշանավոր մարդկանց զավակների դեպքում հաճախ հանգստանում է՝ նրան չդարձնելով այնպիսին, ինչպիսին ծնողներն են: Բայց որ հայկական բալետի լեգենդ դարձած անվանի արտիստներ Հովհաննես Դիվանյանի եւ Ելենա Պավլիդիի դուստրը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Մարիա Դիվանյանը ոչ միայն կարողացավ բարձր պահել Դիվանյան ազգանունը, այլեւ հայկական բալետ բերել սեփական ձեռագիրն ու ոճը, փաստ է: Այս դեպքում պարուհու ազգանունը ոչ թե անցաթուղթ է, այլեւ հարուստ ստեղծագործական կենսագրություն: 20 տարի է՝ պարուհին բեմում է, զբաղված մեր թատրոնի խաղացանկային բոլոր ներկայացումներում: Վերջիններիս առիթով էլ մեծ ու փոքր բեմադրություններում մենապարեր պատրաստելիս աշխատել է ճանաչված խորեոգրաֆներ Մաքսիմ Մարտիրոսյանի, Վիլեն Գալստյանի, Նորայր Մեհրաբյանի, Հովհաննես Դիվանյանի, Արմեն Գրիգորյանի, Ռուդոլֆ Խառատյանի, Յուրի Գրիգորովիչի հետ, բեմ բարձրացել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Ռուսաստանում, Եգիպտոսում եւ այլուր:
«Առավոտի» հետ հանդիպման սկզբում կատակեցինք, թե չի՞ պատրաստվում հեռանալ բեմից: Մարիա Դիվանյանը լրջորեն պատասխանեց՝ կրկնելով օրերս մեզ հայտնած մեծանուն դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի միտքը՝ երազում եմ ներկայանալ ուժեղ կնոջ կերպարով, հավելելով, որ նույնիսկ եթե դա լինի պարի ու դրամատիկ ներկայացման սինթեզ, այնպիսին, ինչպիսին էր երիտասարդ բեմադրիչ Մարինե Գալստյանի դիպլոմային աշխատանքը Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում: Զարգացնելով ասվածը, մեր զրուցակիցը նշեց, որ հիմա աշխարհում մոդեռն բեմադրությունների ժամանակ օգտագործվում է նաեւ խոսք: Այդ բեմադրության հետ կապված Մարիան ունի հիշողություն. հենց 2003-ին է թատերական ինստիտուտում ծանոթացել ապագա ամուսնու՝ ռեժիսոր Դավիթ Հարությունյանի հետ: Հիշեցնելով, որ ժամանակին «Մովսես Խորենացի» մեդալ ստանալիս արվեստագետները հանկարծակիի էին եկել, նկատելով պարուհու հղիությունը, հետաքրքրվեցինք՝ կուզենա՞ր, որ դուստրը ընտրեր բալետի արտիստին հատուկ, իսկապես տանջալի ճանապարհը: Մարիան պատասխանեց. «Մինչեւ հիմա առիթի դեպքում կատակով ասում եմ, թե մեդալը նախագահի ձեռքից աղջիկս՝ Բիայնան է ստացել: Ինչ վերաբերում է դստերս՝ պարուհու մասնագիտություն ընտրելուն, ինքս բնականաբար կընդառաջեմ, եթե միայն տեսնեմ նրա մոտ շնորհ»:
Նա հավելեց նաեւ, որ ապրած տարիները փոխում են մարդու մտածելակերպը. «Երբ ուսանում էի պարարվեստի քոլեջի 2-րդ կուրսում, կես դրույքով ընդունվեցի օպերային թատրոն: Ինձ համար մեծ պատիվ էր պարել արդեն հայտնի անունների կողքին, ընդ որում՝ կուզեի, որ քոլեջ եւ թատրոն կապը ոչ մի ժամանակ չխաթարվեր: Ինչ-որ բաներ էլի կուզեի, որ արտերկրից մեր թատրոն գային ոչ միայն բեմադրիչներ, այլեւ բալետի արտիստներ, որոնց հետ պարապմունքներ անցկացնենք, բեմ բարձրանանք, ոչ թե աշխարհում ճանաչված այս կամ այն արտիստին ծանոթանանք հեռակա, ասենք՝ YouTube-ի միջոցով: Կուզեի նաեւ, որ յուրաքանչյուր մարդ աշխատի իր մասնագիտությամբ… Չեմ կարծում, թե շա՜տ մեծ բաներ եմ երազում: Ինձ նման երազկոտ արվեստագետներ շատ կան: Իսկ ո՞վ չի երազում, որ հնարավորինս մեծ ներդրումներ արվեն արվեստում: Կարելի է, չէ՞, գեղեցկության սրահի, գիշերային ակումբի, զվարճալի բեմականացումների եւ այլնի հետ զուգահեռ, բալետն էլ ունենա հովանավորներ: Մյուս կողմից էլ հասկանում եմ, ասենք՝ եվրոպական երկրների ժողովուրդների ապրելակերպը, կենցաղը, էկոնոմիկան …ինչու չէ՝ նախագահի աշխատավարձը (ծիծաղում է- Ս. Դ.), չես համեմատի մեր երկրի հետ, բայց գոնե եղածը պահպանել, հետո մտածել զարգացման ուղղությամբ՝ դա ոչ թե պետք է, այլ անհրաժեշտ»: Մարիան միայն մռայլ գույներով չներկայացրեց այն, ինչ ունենք, օրինակ, ողջունեց օպերային թատրոնում վերջին շրջանում անցկացվող բալետային երեկոները, նշելով, թե դա երիտասարդներին երեւալու հիանալի առիթ է: Հիշեց, որ կային ժամանակներ, երբ երազում էր ժամանակակից պարային բեմադրության մասին. «Հիացած էի Էլթոն Ջոնի երաժշտությամբ ստեղծված «Ճանապարհ» հայտնի համարով: Անցավ մի քանի տարի, եւ Նորայր Մեհրաբյանն ինձ հրավիրեց մասնակիցը լինել հենց այս ստեղծագործության իր բեմադրության մեջ, կամ՝ մեր թատրոնում ժամանակին արված որոշ բեմադրություններ պարզապես անհրաժեշտ է վերականգնել, օրինակ՝ Էդգար Հովհաննիսյանի «Անտունին» եւ այլն: Արվեստում հապաղելը ինքնասպան լինելու նման բան է, չէ՞ որ ժամանակն անցնում է…»:
Կարդացեք նաև
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ