Այս մասին գեներալը հայտարարեց անձամբ
Մի քանի օր է՝ Շիրակի մարզի բնակչության ու հատկապես մարզպետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցների խոսակցության միակ թեման Շիրակի մարզպետի անսպասելի հրաժարականն էր: Մարզի բոլոր պաշտոնյաները՝ սկսած բարձրաստիճաններից մինչեւ ամենակրտսերները, անչափ հետաքրքրված են, թե ի վերջո ո՞ւմ կնշանակեն մարզպետ: Նրանցից ամեն մեկը յուրովի է վերլուծում շրջանառվող անունների ցանկը՝ նախազգուշացնելով, որ այս մարզի խստապահանջ բնակչության հետ խաղեր տալ պետք չէ: Ըստ շիրակցիների՝ այստեղ անհրաժեշտ է նախկինում չվարկաբեկված, ոչ կրիմինալ, աչքը կուշտ, հավասարակշռված եւ, որ ամենակարեւորն է, շիրակցիների կողմից ընդունված մեկը, քանի որ բնակչության մի խավ կա, որը հատուկ սեր ունի ինտրիգների հանդեպ: Նշենք, որ որեւէ ղեկավարի չընդունելու դեպքում այս մարզի հումորասեր բնակիչները այնպիսի մի մականուն կկնքեն, որ անմիջապես կմոռացվի վերջինիս անձնագրային անունը: Նույնիսկ եթե այդ անձը փորձի բնակության տեղափոխվել երկրագնդի մյուս հատված, շիրակցիները նրա համբավը նրանից շուտ տեղ կհասցնեն:
Ինչեւէ, նշենք, որ այս առումով թե գեներալ Գիզիրյանի եւ թե շիրակցիների բախտը բերել էր, քանի որ շիրակցիները լավ ընդունեցին նրան, մարզպետն էլ՝ շիրակցիներին: Հրաժեշտի վերջին պահին Աշոտ Գիզիրյանը մեկ անգամ եւս հայտարարեց, որ ինքը իրեն շիրակցի է համարում, քանի որ իր գիտակցական ամբողջ կյանքը անցկացրել է Շիրակի մարզում: Իսկ թե ինչու է հեռանում՝ մարզպետը իր աշխատակազմին հրաժեշտ տալու ժամանակ պարզաբանեց նաեւ այս հարցը: Նա իր խոսքը սկսեց ՀՀ նախագահին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորանքով. «Շիրակի բնակիչներ, աշխատակազմի ներկայացուցիչներ, հարգելի գործընկերներ, այս պարտությունը ես ընդունել եմ որպես իմ պարտություն, Հայաստանի Հանրապետության նախագահն այս մարզում չի պարտվել: Ես եմ պարտվել եւ այս գործի պատասխանատուները»: Այս խոսքերն ասելուց հետո գեներալը հիշեց, թե ինչպես են իրեն՝ երիտասարդ տղային, տեղամասային տեսուչ նշանակել Արթիկ քաղաքում, որտեղ ինքը երբեւէ չէր էլ եղել: Բայց շուտով այն դարձավ իր հարազատ քաղաքը, ինքն էլ շատ արագ վերածվեց շիրակցու: «Ես այդ ամենը հաշվի առնելով՝ իմ որոշումը կայացրել եմ եւ համարում եմ, որ դա իմ պարտությունն է: Հանրապետության նախագահն այս վերջին տարիներին Շիրակի մարզում, ես չպետք է ասեմ ձեզ, դուք բոլորդ գիտեք, մեծ ներդրումներ է կատարել, հատկապես անօթեւանության խնդրի կարգավորման հարցում: Էլ չեմ ասում մյուս հարցերը. մենք ահագին ծրագրեր ենք իրականացրել՝ շնորհիվ ՀՀ նախագահի եւ կառավարության: Ինձ թվում է, ինչ-որ բան այն չէ, իրոք քիչ է, շատ բան պիտի արվի մարզում, հատկապես Գյումրի քաղաքում, աղետ տեսած քաղաքում, բայց այսօր այդքանն է հնարավոր եղել անելու, ընթացքում ավելի շատ պետք է անեինք: Սովորական քաղաքացու, աշխատողի հետ ես ոչ մի խնդիր չեմ ունեցել եւ չեմ էլ ունենալու: Ես ուզում եմ, որ դուք բոլորդ իմանաք՝ ոչ մեկից ես նեղացած չեմ, դա բոլորիդ է վերաբերում՝ Շիրակի մարզի իմ ընկերներին, Արթիկի ժողովրդին, նեղ շրջապատին, որոնց հետ ես սկսել եմ Ղարաբաղյան շարժումը»: Աշոտ Գիզիրյանը նկատեց, որ այս մարզում պակասում է համախմբվածությունը, հանդուրժողականությունը միմյանց հանդեպ, եւ ինքը, որպես մարզպետ, այս 3 տարիների ընթացքում հնարավորինս փորձել է վերջ դնել այդ մթնոլորտին: «Ես ձեզ, անկեղծ, չեմ թողնում, տարբեր տեղեր տարբեր մեկնաբանություններ են գնում, թե Գիզիրյանը լքում է Շիրակի մարզը, ես ոչ մի տեղից չեմ գնում, ես ձեզ չեմ լքում, ցանկացած հարցով, ցանկացած ժամանակ ինձ կարող եք դիմել»,- առաջարկեց նախկին մարզպետը:
Ի դեպ, նա մեկ անգամ եւս նշեց, որ ինքը թեեւ դժկամությամբ է համաձայնել ստանձնել Շիրակի մարզպետի պաշտոնը, սակայն շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին՝ իրեն այդ պաշտոնին նշանակելու համար: Ըստ պարոն Գիզիրյանի՝ ինքը որպես զինվորական, ոստիկանության աշխատող ուրիշ մարդ էր, որպես մարզպետ՝ ուրիշ. այլ գծեր հայտնաբերեց իր մեջ: Մարզպետարանի աշխատակիցները եւս նրան շնորհակալություն հայտնեցին մարզպետի աթոռը ի վնաս ոչ մեկի չօգտագործելու, աշխատակիցների կուսակցական պատկանելությունը հաշվի չառնելու ու միայն մարդկային վերաբերմունք ցույց տալու համար: «Դուք չեք պարտվել, ձեր անցած ճանապարհը պարտվողի ճանապարհ չէ, այլ հաղթողի: Եվ այդ հաղթանակը ոչ թե ֆիքսվում է մի պահով, այլ մարդու անցած ճանապարհով»,- գեներալին հիշեցրին աշխատակիցները:
Կարդացեք նաև
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հ. Գ. Հոդվածը պատրաստ էր տպագրության, երբ պարզվեց, որ Շիրակի մարզպետ է նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանը:
«Առավոտ» օրաթերթ
Վայ, հոգնեցինք նույն բանը 10 անգամ կարդալուց, Գիզիրյանի մասին մնում է բազմասերիանոց ֆիլմ նկարեք ու հանգստանաք: