Այդպես մտածում էինք այն տարիներին, երբ դեռ ուսանող էինք: Չեմ կարող ասել, թե բոլորն էին մտածում: Ջահելների մի խումբ ունեինք, որ հաստատ համոզված էր, թե երբ մենք ավարտենք համալսարանը եւ խառնվենք կյանքի հորձանքին, աշխարհում մեծ բան ենք փոխելու՝ ինչ-որ կարեւոր բան շրջելու ենք դեպի լավը: Բիթլզ էինք լսում ու Ջիմի Հենդրիքս եւ հավատում էինք, որ սիրո իշխանությունը անպայման հաղթելու է իշխելու սիրուն, եւ աշխարհի ու մարդկանց հոգիների համար գալու է խաղաղ ներդաշնակության ժամանակը: Մեր կյանքի այդ շրջանը նման էր նաեւ փախուստի, գիտեինք, թե ումից եւ ինչից ենք փախչում, բայց թե ո՞ւմ մոտ էինք գնալու՝ չգիտեինք: Բայց կար հաստատուն մի հասցե, որ անթեղի նման շարունակ ներսից առկայծում էր ու մեզ կանչում իր ետեւից: Եվ դա անկախ Հայաստանի հասցեն էր:
Հետո արդեն՝ հաղթահարելով զրկանքների ճանապարհը, երբ մի օր տեղ հասանք ու դարձանք մեր հասցեի տերը, ու երբ չորացան ուրախության առաջին արցունքները, մեր վրա անսպասելիորեն խուժեց մենակության զգացողությունը, եւ մենք մեր իսկ երազած հասցեն, կարծես թե, երկար ժամանակ լավ չճանաչեցինք…
Հիմա արդեն, երբ այդ ամենը մնացել է ետեւում, երբ մեր հայրենիքն ու պետությունը արժանապատվորեն իր իսկ նվաճած տեղն է զբաղեցնում աշխարհի մեծ ու փոքր տերությունների՝ շարունակ աճող համաստեղությունում, մնում է Պլատոնի հավատն ու վստահությունն ունենալ պետություն կառուցելու ներշնչանքում, երբ պատահականության, թե օրինաչափության բարի կամքով միավորվում են ուժեղ իշխանությունը, իմաստությունն ու արդարությունը:
Սակայն այդ լուսավոր ճանապարհին հայտնվում են մարդիկ, ովքեր բեռ են դառնում հայրենիքի վրա, փոխանակ հայրենիքի հոգսը իրենց ուսերին վերցնեն: Եվ այդ մարդիկ իրենց եսը ավելի կարեւոր համարեցին եւ համարում են, քան պետությունն ու հայրենիքը: Եվ հանուն իրենց եսի պատրաստ են ազգի Ես-ը պառակտել: Բայց ինչպես բոլոր մանր ես-երն են անցողիկ, իսկ հայրենիքն ու պետությունը այլեւս հավերժական՝ նրանք իրենց ես-երով կանցնեն ու կգնան, ինչպես ուշ աշնան երինջակը քամուց քշված:
Կարդացեք նաև
Այնինչ, այսօր հայ մարդը անվարան գնում է ծագող արեւին ընդառաջ, քանի որ աշխարհատեսության նոր համակարգում պիտի որ սկսի ազատվել ճնշելուց եւ ճնշվելուց, եւ ընդունելով տիեզերական այդ պարզ ներդաշնակությունը՝ սովորի նաեւ իշխելու եւ հնազանդվելու բարձրագույն արվեստը, որը եւ աշխարհի ու մարդկանց հոգիների խաղաղ ներդաշնակության անսահմանն է, ու նաեւ մեր հայրենիքի անսահմանն է:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
Վայ, հոգնեցինք նույն բանը 10 անգամ կարդալուց, Գիզիրյանի մասին մնում է բազմասերիանոց ֆիլմ նկարեք ու հանգստանաք:
Համարյա չէմ կասկածում,որ հեղինակը աչքի առաջ ունի այսօրվա մեր իշխանավորներին:Ողջունում եմ!!!!!!!!!!!!