Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է քաղաքականացնում

Մարտ 01,2013 15:00

Հաճախ այս կամ այն առիթով իշխանության ճամբարից կոչ է հնչում՝ «մի քաղաքականացրեք»: Եթե վերանանք մեր իրականության առանձնահատկություններից, ապա այդ կոչը, որպես այդպիսին, ճիշտ է: Իդեալական է, երբ պրոցեսներն ընթանում են զուտ իրավական հարթության մեջ: Օրինակ՝ երբ թաղի խուժանը ներխուժում է ընտրատարածք եւ քվեաթերթիկներ լցոնում, դրան պետք է հակադրվեն ոստիկանները, այնուհետեւ՝ դատախազությունը, իսկ վերջում՝ դատարանը: Եթե այսպես գործեն պետական այդ երեք մարմինները, ապա ընտրախախտումների խնդիրը քաղաքականացնելու անհրաժեշտություն ամենեւին էլ չի առաջանա: Այսինքն՝ եթե ոստիկանությունը, դատախազությունը եւ դատարանը լինեն իրենց տեղերում, դա կդառնա սովորական իրավական գործընթաց, որի վրա չի սեւեռվելու ոչ հասարակության, ոչ էլ քաղաքական ուժերի ուշադրությունը, իսկ կանոնավոր կերպով պատժվող հանցագործության դեպքերը սովորաբար միտում ունեն քչանալու: Բայց քանի որ շուրջ 18 տարի այդ հանցագործությունները կիրառվում են քաղաքական նպատակների համար, եւ հենց այդ պատճառով են անպատիժ մնում, մենք ստիպված ենք դրանք քաղաքականացնել՝ պարզապես տրամաբանությունն է դա հուշում:

Որեւէ խնդիր չքաղաքականացնելու ամենագլխավոր պայմանը անկախ դատարանն է: Ժամանակին, երբ դատվում էր հայտնի քաղաքական գործիչներից մեկը, դատավորը հրապարակավ անկեղծ խոստովանեց՝ կարծում եք, ես «իմ գլխո՞ւ» եմ դատում, ես գնում եմ նախագահական եւ իմ որոշումներն այնտեղ եմ համաձայնեցնում: Խնդիրը հենց դա է՝ ցանկացած բողոք, այդ թվում՝ ընտրությունների վերաբերյալ, մարդիկ պետք է կարողանան ներկայացնել դատարանին՝ վստահ լինելով, որ դատավորը կգործի «իր գլխու»՝ առանց նախագահականի հետ համաձայնեցնելու: Բայց քանի որ մենք վստահ ենք, որ, օրինակ, Տիգրան Առաքելյանին 6 տարի ազատազրկման դատապարտելը նույնպես «համաձայնեցվել է», մենք բացի «խնդիրը քաղաքականացնելուց»՝ այլ ճանապարհ չունենք:

Նույնը «Մարտի 1-ի» սպանդը: Ինչպե՞ս է այն հնարավոր չքաղաքականացնել: Եթե, ենթադրենք, 2008 թվականի ամռանը դատարանի առաջ կանգնեին այդ սպանությունները իրականացնողներն ու պատվիրատուները, ապա հնարավոր կլիներ արձանագրել, որ ընդդիմության խաղաղ հանրահավաքի ժամանակ իրավապահները անիրավաչափորեն զենք են կիրառել, ինչի համար էլ պատժվել են: Սակայն քանի որ 5 տարվա ընթացքում ոչ ոք չի պատժվել, եւ ճիշտ հակառակը՝ դատարանի առաջ են կանգնել ընդդիմության մի քանի տասնյակ լիդերներ եւ ակտիվիստներ, դրանից կարելի է եզրակացնել, որ հենց մեր իրավապահ համակարգն է առաջնորդվում քաղաքական շարժառիթներով: Այնպես որ, հարգելի իրավապահներ, մի՛ քաղաքականացրեք «Մարտի 1-ի» գործը եւ բացահայտեք այն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Միանում եմ պահանջին, սակայն չեմ կարծում, թե իրավապահները մինչ օրս չեն բացահայտել ոճրագործությունը ոչ թե՝ որովհետև հասարակական պահանջ չի եղել, այլև ինչպես հոդվածում է նշված, նրանք ոչ միայն ՛՛իրենց գլխու՛՛ չեն, այլև վերադասի հրամանով անմիջական մասնակցություն են ունեցել դրանում, այսինքն, հիմա մենք պահանջում ենք, որ նրանք իրենց բացահայտեն ու մի լավ դատեն: Չենք խաբո՞ւմ մեզ: Նման պահանջի շարունակական պնդման արդյունքում առավելագույնը կարող է ծնվել Նիկոյանի ղեկավարած հանձնաժողովի ծավալուն, սակայն սնամեջ զեկույցի պես ամորֆ և պարտակող ևս մի փաստաթուղթ, ո՛չ ավելին:
    Ինչո՞ւ իրավական պետությունում հնարավոր չէ նման զարհուրելի հանցավորություն: Ըստ իս՝ որովհետև իրավական պետության մեջ իրավապահը ոչ միայն պարտավոր չէ կատարել իր վերադասի հակասահմանդրական հրամաններն ու հրահանգները, այլ պարտավոր է դրանք չկատարել:
    Առաջարկում եմ նշածս սկզբունքը համադրել մեր իրականության հետ և անել ոչ շատ բարդ, նույնիսկ շատ պարզ եզրակացություն:

  2. Հայկ says:

    Չափազանց դժվար է չհամաձայնել: Միայն այն փաստը, որ 2008թ. մարտի 1-ի հանցագործությունները դեռ բացահայտված չեն, խոսում է այն մասին, որ այս իշխանություննից պետք է ազատվել:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031