Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով ամբաստանյալները ցուցմունքներ չտվեցին

Մարտ 01,2013 14:36

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սպասվում էր անցյալ տարվա հունիսի 17-ին ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան գործով, ինչպես նաեւ նրա չորս ընկերների բռնարարքի գործով ամբաստանյալների հարցաքննությունը: Մասնավորապես, ըստ ցուցակի, առաջինը պետք է ցուցմունք տար ամբաստանյալ Արթուր Բաբլոյանը, սակայն նա հայտնեց, որ ինքը չի հրաժարվում ցուցմունք տալուց եւ այն կարող է տալ ապացույցների հետազոտումից հետո:

Նման ցանկությամբ հանդես եկան նաեւ մյուս ամբաստանյալները, իսկ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան (հանրային գրասենյակից) Մարինա Թովմասյանը միջնորդեց, որպեսզի դատարանը վերանայի ապացույցների հետազոտման կարգը եւ ուսումնասիրվեն գործում առկա ապացույցները:

Դատարանը սկսեց մեղադրական եզրակացության մեջ առկա ապացույցների հետազոտումը: Մասնավորապես ուսումնասիրվեց տուժողներ Արտակ Բայաթյանի, Արկադի Աղաջանյանի հետ ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանի, Դավիթ Ադամյանի, Արման Բաղդասարյանի, Արման Խաչատրյանի, Նորայր Հայրապետյանի եւ Արթուր Բաբլոյանի ճանաչման արձանագրությունները հրապարակելով:

Սակայն պաշտպանական կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց ոչ միայն այն հանգամանքի վրա, որ ճանաչումը իրականացվել է օրենքի կոպիտ խախտումներով, այլ որ տեսանկարահանվել է ոստիկանության կողմից եւ այն տարածվել է համացանցում:

Տուժող Արտակ Բայաթյանի եւ ամբաստանյալ Արման Խաչատրյանի ճանաչման արձանագրությունից պարզ դարձավ, որ տուժողը «ունքերով» է ճանաչել ամբաստանյալին: Արման Բաղդասարյանին տուժողը ճանաչել էր գլխի ճաղատությունից, Նորայր Հայրապետյանին՝ «հասակից, ընդհանուր տեսքից», մինչդեռ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը անթույլատրելի համարեց ճանաչման արձանագրությունը՝ որպես այդպիսին, մասնավորապես ասելով, որ իր պաշտպանյալը 76 թվականի ծնված է, մինչդեռ նրա հետ ճանաչման են ներկայացրել 1991, 1985 եւ 1996թ. ծնվածներ: Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի հետ տուժողի ճանաչման ժամանակ էլ, ըստ պաշտպան Թովմասյանի, տեղի են ունեցել խախտումներ, ինչը պատճառ է դարձել, որ Գարիկ Մարգարյանը հրաժարվել է ստորագրել ճանաչման արձանագրության տակ:

Հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի հակափաստարկներից մեկն այն էր, որ իր պաշտպանյալ Գարիկ Մարգարյանի հետ ճանաչման են ներկայացվել մարդիկ, որոնք ունեցել են նորմալ տեսք, մինչդեռ ձերբակալվածների պահման վայրում (ՁՊՎ) չի թույլատրվում ամրակներ՝ կոշիկների, վարտիքի վրա, եւ, ըստ պաշտպանի, բոլոր չափանիշներով նա պետք է տարբերվեր սովորական, ճանաչման ներկայացված մարդկանցից:

Ամբաստանյալ Արթուր Բաբլոյանի պաշտպան Ա. Խաչատրյանն էլ լսելով տուժողների հետ իր պաշտպանյալին ճանաչման ներկայացնելու արձանագրությունը, ուշադրություն հրավիրեց ընթերակաների պարտադիր մասնակցությանը: Նա դատարանում հայտարարեց, որ ճանաչման արձանագրության մեջ բացակայում էին, թե քանի ընթերակա է մասնակցել: Ի դեպ, նա էլ ասաց, որ իր՝ 1973թ. ծնված պաշտպանյալի հետ ճանաչման են ներկայացրել 1981, 82 եւ 84 թվականի ծնվածներ: Եթե նախորդ ճանաչումները տեղի են ունեցել արհեստական լուսավորության ներքո, ապա Արթուր Բաբլոյանի եւ տուժող Արտակ Բայաթյանի ճանաչումը տեղի է ունեցել բնական լուսավորության ներքո, ինչը, ըստ պաշտպանի, չի ապահովել «բուն ժամանակահատվածի բնութագրական տվյալները»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031