Փետրվարի 27-ից մարտի 1-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունն անցկացրեց «Երիտասարդությունն ընդդեմ գործազրկության» խորագրով դասընթացը։
Այն սոցիալական զարգացման նախագիծ է։ Ինչպես տեղեկացրեց «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Երիցյանը, եռօրյա նման դասընթացներ անցկացվում են ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Ծրագրի շրջանակներում մասնակից երիտասարդներն ու ուսանողները ստանում են աշխատանք փնտրելու և գտնելու գործընթացին առնչվող գիտելիքներ ու հմտություններ, այդ թվում՝ առցանց աշխատանք որոնել, ինքնակենսագրություն, ուղեկցող և մոտիվացիոն նամակներ գրել, պատրաստվել հարցազրույցի և այլն։ Ծրագրի մասնակիցները հնարավորություն են ստանում նաև տեղում կիրառել ձեռք բերած գիտելիքները, ինչը գնահատվում է համապատասխան մասնագետի կողմից։
Եռօրյա դասընթացին տարբեր կազմակերպություններից հրավիրված մասնագետները ներկայացրին իրենց ընկերություններում ընդունելության համակարգի, տվյալ պահին առկա թափուր աշխատատեղերի մասին։ Դասընթացի նպատակը նաև երիտասարդության շրջանում ձեռնարկատիրությունը խրախուսելն էր։ Մասնակիցները ծանոթացան Հայաստանում բիզնես սկսելու և գործող օրենսդրության պայմաններում դա հնարավոր դարձնելու ուղիներին։ Ներկայացվեցին նաև կամավորության նպատակը, առանձնահատկությունները և հնարավորությունները։
Գրիգոր Երիցյանը նշում է, որ այս դասընթացները շարունակական են, և իրենց ծրագրի շնորհիվ երիտասարդներն առավել վստահ են դառնում։ ՙՄեր ծրագրի շրջանակներում կիրառում ենք երկու սկզբունք։ Նախ՝ սխալ են այն մոտեցումները, թե Հայաստանում աշխատանք չկա։ Աշխատանք կա, ուղղակի մարդ պետք է լինի այնքան կոմպետենտ, որպեսզի կարողանա աշխատանք գտնել։ Եվ երկրորդ՝ եթե անգամ չկա աշխատանք, ինքդ պետք է ամեն ինչ անես՝ այն ստեղծելու համար՚,- նշեց Գրիգոր Երիցյանը։
Կարդացեք նաև
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն