Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը կդառնա գործի՞ք, կամ իշխանությունները հասարակության ուշադրությո՞ւնն են շեղում

Մարտ 01,2013 14:11

Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն` ՀՀԿ, «Ժառանգություն» և ՀՅԴ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Օրակարգում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման, համամասնական ընտրակարգի անցման և ընդդիմության վերահսկողական լծակների ավելացման հարցերն էին:

Aravot.am-ի հետ զրույցում ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքագետ Էդգար Վարդանյանն ասաց, թե համարում է, որ վերոնշյալ խնդիրների լուծումը կհանգեցնի ներքաղաքական ճգնաժամի ընդամենը մասնակի հաղթահարմանը: Մանրամասնելով՝ նշեց. «Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները իրենց չափով փորձ են կատարում իրենց գործառույթների և դերակատարության շրջանակներում գտնել ինչ որ լուծումներ` հիանալի հասկանալով, որ դրանք մասնակի լուծումներ են և հիմնականում վերաբերում են օրենսդիր իշխանությանը: Ի դեպ, հենց Րաֆֆի Հովհաննիսյանն էլ նշել է, որ դա իր հիմնական պահանջը չէ, և ընդհանրապես հասարակության հիմնական պահանջի հետ առնչություն, ըստ էության, չունի: Ենթադրենք այս հարցը լուծվեց և գործադիրում տեղի ունեցան ռադիկալ փոփոխություններ: Բայց չէ՞ որ ԱԺ-ն ինքնուրույն իշխանության ճյուղ է, և ԱԺ-ում գտնվող խմբակցություններն էլ պետք է լուծումներ գտնեն: Իշխանությունը փորձելու է ցույց տալ, թե իրենք պատրաստ են բանակցություններ վարել, երկխոսության մտնել ընդդիմության հետ: Դա իրենց քարոզչության մաս կարող է լինել: Նաև կփորձեն հասարակության ուշադրությունը շեղել հիմնարար խնդիրներից ու հիմնական պայքարից: Երևի հենց այդ մոտիվացիայով են նրանք համաձայնել նման օրակարգով ընդդիմադիր խմբակցությունների հետ խորհրդակցություն անցկացնել»:

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանն էլ Ր. Հովհաննիսյանի և «Ժառանգություն» խմբակցության վերջին քայլերը վերլուծելով նշեց. «Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ նախագահական ընտրություններից հետո, սկսեց ինքը առաջարկություններ ներկայացնել, դա բանակցային տեխնոլոգիայի և ընտրությունների արդյունքների տրամաբանության տեսանկյունից կոպիտ սխալ է: Բոլորս էլ գիտենք, որ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը և պարտվել Սերժ Սարգսյանը: Հաղթած կողմը գնացել է պարտվածի մոտ և խնդրում է փոխզիջում: Ր. Հովհաննիսյանն առաջարկել է երկրորդ փուլ, հետո անմիջապես առաջարկում է ԱԺ ընտրությունների տարբերակը` որպես փոխզիջում, ինչի իրավունքը ինքը չուներ: Իր որևէ հրապարակային ելույթում Ր. Հովհաննիսյանն այդպիսի հայտարարություն չի արել: Եթե Ր. Հովհաննիսյանն առաջարկում է այդ տարբերակը, դա նշանակում է, որ փաստացի ինքն ընդունում է նախագահական ընտրությունների արդյունքները: Դա արդեն քաղաքական առևտուր է, ոչ թե քաղաքական լարվածության հաղթահարում և շատ կեղտոտ առևտուր է հիշեցնում: Հանդիպումից հետո Ր. Հովհաննիսյանը հայտարարում է, թե քանի որ Ս. Սարգսյանը չի ընդունել իր առաջարկները, այլևս արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը չկա, հետո տեսնում ենք, որ իրենք են ներկայացնում առաջարկ` մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվի: Մի կողմից տեսնում ենք, որ Ր. Հովհաննիսյանը Ազատության հրապարակում ասում է` «զադնի սկորոստ չկա», մյուս կողմից տեսնում ենք,որ ինքը փաստորեն միջնորդավորված բանակցում է իշխանությունների հետ և խնդրում փոփոխություն ԱԺ-ում : Սա ցույց է տալիս, որ իրենք որևէ հաջողության չեն կարող հասնել: Իշխանությունը տեսնում է, որ Ժառանգությունը պատրաստակամ է և դա համարում է թուլության նշան: Այնինչ Ր. Հովհաննիսյանը պետք է ստիպեր իշխանությանը գնալ փոխզիջումների: Բայց քանի որ Ր. Հովհաննիսյանը Ս. Սարգսյանի և նախագահական ընտրությունների հետ կապված կոնկրետ պահանջ չի ներկայացնում, ցավոք դա Ս. Սարգսյանին հնարավորություն կտա մարսել այն խայտառակ ընտրությունները, որոնց միջոցով նա դարձել է նախագահ»:

Ա. Թևանյանը մտավախություն ունի, որ Ր. Հովհաննիսյանը կդառնա գործիք: Նա նկատում է. «Ր. Հովհաննիսյանը կամա թե ակամա կարող է գործիք դառնալ իշխանական թևի ձեռքում: Եթե նայում ենք նրա խոսքին ու իշխանական մամուլի մեսիջներին, այնպիսի տպավորություն է` կարծես Ս. Սարգսյանը մի բարի փերի է, ու չար մարզպետներն ու պետական այլ պաշտոնյաները արջի ծառայություն են մատուցել և ստիպողաբար նրան թողել նախագահի աթոռին: Եվ ահա Ս. Սարգսյանը բարեփոխումների միջոցով պետք է ազատվի այդ հոռի բարքերի կրող պաշտոնյաներից: Դա հերթական հեքիաթն է, որը մատուցվում է իշխանության մի թևի կողմից` հետապնդելով սեփական նպատակները: Զարմանալի է, որ Ր. Հովհաննիսյանի խոսքը համահունչ է այդ թևի տեսակետներին: Նա պահանջում է մարզպետների հրաժարական այն դեպքում, երբ նրանց մեղքը այն է, որ թույլ են տվել` ընտրակեղծիքներն այնքան էլ չլինեն և Ր. Հովհաննիսյանը ձայներ հավաքի: Նա չպիտի ուրախանա, որ Գիզիրյանին հանում են աշխատանքից, քանի որ ինքը Շիրակում հաղթել է: Մարզպետներին հանեն, որ ավելի՞ կենտրոնացված համակարգ ստեղծվի Ս. Սարգսյանի տակ, սա անտրամաբանական է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031