Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայաստանից ՄԻԵԴ է ներկայացվել գանգատ Ադրբեջանի և Հունգարիայի դեմ՝ Ռամիլ Սաֆարովի գործով

Մարտ 01,2013 13:57

ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացել է, որ Բուդապեշտում սպանված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների և մահափորձի ենթարկված ՀՀ զինված ուժերի սպա Հայկ Մակուչյանի ներկայացուցիչների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել անհատական գանգատ Ադրբեջանի և Հունգարիայի դեմ: Գանգատում պահանջվում է ճանաչել, որ Հունգարիայի կողմից Ադրբեջանին մարդասպան Ռամիլ Սաֆարովի փոխանցումը և Ադրբեջանի կողմից նրա հետագա ներումը, ըստ էության արդարացումը և հերոսացումը, խախտում է ՄԻԵԿ 2-րդ հոդվածով (կյանքի իրավունք) և 14-րդ հոդվածով (խտրականության արգելք) ամրագրված հիմնարար իրավունքները: Փաստաբանական խմբի մեջ ներառված են տեղական և միջազգային հեղինակավոր մասնագետներ Սիրանուշ Սահակյանը, Նարինե Գասպարյանը, Հունգարիայում ընթացած դատավարության ժամանակ Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբան Նազելի Վարդանյանը և օտարերկրյա փաստաբաններ:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Կոնվենցիայի   պահանջներին համապամապատասխան  Հայաստանի Հանրապետությունը վարույթին ներգրավվելու է որպես Երրորդ Կողմ:

Միաժամանակ, 2012թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով Քրեական ոլորտում համագործակցության վերաբերյալ ԵԽ Կոնվենցիաների կիրարկման հարցերով փորձագիտական խմբին (PC-OC) ներկայացվել է դիմում, որով պահանջվում է քննարկել 1983թ. Դատապարտյալների փոխանցման մասին Ստրասբուրգի Կոնվենցիայի 12-րդ հոդվածի (համաներում և ներում շնորհելու իրավունք վերապահող)՝ Ադրբեջանի կողմից կիրառման իրավաչափությունը միջազգային իրավունքի տեսանկյունից: Նշված մարմինը հանդիսանում է Ստրասբուրգի Կոնվենցիայի դրույթների կիրառման վերաբերյալ առկա տարաձայնությունները քննելու իրավասություն ունեցող Քրեական խնդիրներով եվրոպական կոմիտեի (CDPC) փորձագիտական ենթակոմիտեն:

Բացի այդ, նախատրաստվում է դիմում, որը ներկայացվելու է ՄԱԿ-ի Ռասսայական խտրականության վերացման Կոմիտե: Այն ստեղծվել է 1965թ. Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին  ՄԱԿ-ի Կոնվենցիայի հիման վրա: Դիմումը կոմիտեին է ներկայացվելու Կոնվենցիայի 11-րդ հոդվածի հիման վրա: Խտրականության դեմ Կոմիտեի ուշադրությանն են ներկայացվելու Ադրբեջանի կողմից իրականացված հակահայկական խտրականության քաղաքականությունը և, ընդհանրապես, հայերի նկատմամբ ատելության քարոզումը Ադրբեջանում:

Հայաստանի Հանրապետությունը համոզված է, որ մարդասպան Ռամիլ Սաֆարովի փոխանցումը և Ադրբեջանի Նախագահի կողմից նրա հետագա ներումը, ըստ էության արդարացումը և հերոսացումը միջազգային իրավունքի կոպտագույն ոտնահարում է, և այդ հիմքով ձեռնարկվել և ձեռնարկվելու են բոլոր հնարավոր քայլերը այդ համոզմունքը իրավասու և հեղինակավոր միջազգային ատյանների կողմից որպես փաստ ամրագրելու և խախտված իրավունքները միջազգային իրավունքով սահմանված հնարավորությունների չափով վերականգնելու համար:

Վարույթի հետագա ընթացքի մասին ՀՀ արդարադատության նախարարությունը պարբերաբար կներկայացնի անհրաժեշտ տեղեկատվություն:

ՀՀ արդարադատության նախարարության մամուլի հաղորդագրություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031