«Մտահոգիչն այն չէ, թե ինչպիսի ապատեղեկատվություն է տարածում Ադրբեջանը , մտահոգիչն այն է, որ մեր գործընկեր, մեր բարեկամ երբեմն նաև լոյալ երկրների խորհրդարանները կամ խորհրդարանականները հնարավորություն են ստեղծում և համագործակցում են Ադրբեջանի հետ, հնարավորություն տալով, որ իրենց երկրների խորհրդարանները ունենան «դիվանագիտական» հարաբերություններ»,-այս մասին այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը «Ադրբեջանական լոբբինգի վերջին հակահայկական դրսևորումները» թեմայի շրջանակներում։
Ըստ բանախոսի` Ադրբեջանն այս ժամանակահատվածում օգտագործում է իր բոլոր ռեսուրսները, փորձելով իր կողմը քաշել տարբեր երկրների խորհրդարանները. «Այս իրավիճակում տարբեր երկրների խորհրդարաններ որոշակի պատրաստակամություն են ցուցաբերում ադրբեջանական կողմից ապատեղեկատվության ենթարկվելու, մասնավորապես՝ Խոջալուի դեպքերի հետ կապված Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կողմից ընդունած բանաձևը, ինչպես նաև Սերբիայի և Բոսնիայի խորհրդարաններում պատրաստվող քննարկումները, Ֆրանսիայում տեղի ուեցած միջադեպը, Իսպանիայի խորհրդարանում փորձում են որոշակի միջադեպեր ստեղծել»:
Զաքարյանը կարծում է, որ այս երկրների աշխարհագրությունը կարող է ընդլայնվել, որը վատ նախադեպ է այն երկրների համար, ովքեր որ իրենց տարբեր քաղաքական գործիչների միջոցով ադրբեջանական լոբբիստերին կհաջողվի կամ հակահայկական քարոզչությունը կփորձեն տեղափոխել տարբեր խորհրդարաններ: «Մեր համար հիմնական մտահոգությունը ոչ թե այն է, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է նման գործունեությունը, այլ, մեր դիվանագիտական ողջ ուժը ներդնելը, որպեսզի կասեցվի համապատասխան հայտարարությունները»:
Նա վստահեցնում է, որ Հայաստանի խորհրդարանական խմբերը կասեցման ուղղությամբ բավականին ակտիվ աշխատում են արտաքին գործերի նախարարության գործընկերների հետ, ինչպես նաև արտերկրում դիվանագիտական գործունեություն իրականացնող համապատասխան անձանց հետ:
Կարդացեք նաև
Զաքարյանը մտահոգություն է հայտնում, որ այս պարագայում տարբեր երկրների խորհրդարաններ դառնում են համապատասխան դաշտ քննարկումների համար: «Շատ վատ նախադեպ է, երբ երկու տարբեր պետությունների միջև առկա հակասությունները դառնում են երրորդ, չորրորդ երկրների խորհրդարաններում քննարկման առարկա, որտեղ այդ քննարկումները ցանկացած ձևաչափով բացասաբար են անդրադառնում իրավիճակի զարգացման վրա»:
Նրա խոսքով` իրենք շարունակելու ենք պայքարել ոչ միայն ադրբեջանական լոբբիստական գործունեության դեմ, այլ նաև որոշակի մթնոլորտ ստեղծել տարբեր երկրների խորհրդարաններում: «Մենք կոչ ենք անում մեր խորհրդարանական գործընկերներին տարբեր երկրների, որ Ադրբեջանի կողմից ցանկացած հակահայկական քարոզչություն, մոտեցում, բանաձև, պահանջ, առևտուր միմիայն վնասում է Հարավային Կովկասում տարածաշրջանային կայունության պահպանման անհրաժեշտությանը»,-հավելեց նա:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ