Արցախյան չքնաղ աշխարհում մի գողտրիկ անկյուն կա, որն ինձ համար ամենագեղեցիկ վայրն է: Դա Արցախ աշխարհի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղն է`միշտ հյուրընկալ ու հյուրասեր, միշտ հին , բայց և այնքան նոր:
Գյուղս, որ չորս կողմից պարուրված է լեռների մեջ, իր մեջ ամփոփում է պայքարող մարդու մի ամբողջական կերպար` սկսած փոքրից, վերջացրած պատերազմ տեսած, բայց դեռ ապրող ու ապագայի հանդեպ հավատով լցված մեծահասակ գյուղացիների: Գյուղիս մի շարք առավելություների կողքին ուզում եմ, թերևս, պատմել նրա գլխավոր հրաշքի մասին, որը Բերդաշենն ավելի հերոսական է պահում: Դա Բերդաշենի հուշարձան-թանգարանն է, որը նվիրված է հայրենական պատերազմին մասնակցած հերոսների հիշատակին: Բայց հուշարձանն այլ պատմությու ունի: Լեգենդներ են պտտվում, որ մոնղոլները մի հայ գեղջկուհու ցանկացել են առևանգել: Վերջինս էլ փրկություն գտնելու համար ցատկել է գյուղի «Աղջկաբերդ» կոչվող լեռան բարձունքից և ողջ մնացել, իսկ ողջ մնալու գաղտնիքը նրա լայնափեշ զգեստն էր: Այն տեղում, որտեղ աղջիկը ցատկել է, լիճ է գոյացել:
Հետագայում, որպես հերոսական կնոջ մարմնացում «Աղջկաբերդ»-ի դիմացի լեռան վրա կառուցվում է հուշարձան-թանգարանը, որն իր մեջ ներառում է եռհարկանի շինություն, իսկ թանգարանի գտածոները գյուղի պատմությունը ներկայացնող նմուշներ են` պեղված հենց գյուղի տարածքից:
Թանգարանի ղեկավարներն ասում են, որ այստեղ են եկել և իրենց նվերները բերել նաև շատ սփյուռքահայեր: Հուշարձանը պատկերող կնոջ մի ձեռքին թուր է, մյուս ձեռքին` հավերժություն խորհրդանշող դափնու տերև: Ու թեև հերոսական կինը պատկերող հուշարձանը դեռ Արցախյան մարտերի ժամանակ բազմիցս վնասվել է թշնամու գնդակից, բայց մինչ այսօր կանգուն է` ի նշան հայի հաղթական կերպարի ու անհողդողդ կամքի:
Ինգա Հայրիյան՝ (mynews.am)