«Փետրվարի 26-ին Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու կողմից կազմակերպած «Էթնիկ բազմազանությունը միացյալ զարգացման համար» կոնֆերանս-քննարկման ընթացքում բարձրաձայնվել են նաև վիրահայերի խնդիրները, ներկա են եղել Վրաստանի բոլոր էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները»,-այսօր «Ելակետ» ակումբում ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:
Նա տեղեկացրեց, որ քննարկման ընթացքում փորձագետներից յուրաքանչյուր ներկայացրել է համայնքների խնդիրները. «Հարցեր են բարձրաձայնվել հիմնականում կրթական համակարգի վերաբերյալ: 2005-2007 թթ կրթական բարեփոխումների համաձայն` դպրոցները գործել են վաուչերային համակարգով, այսինքն` որքան շատ աշակերտ ունի դպրոցը, այնքան շատ գումար է ստանում: Համակարգն արդյեւնավետ չէ փոքրամասնությունների դպրոցների համար, որովհետեւ դրանցում քիչ թվով աշակերտներ են սովորում եւ ֆինանսական խնդիրներ ունեն»:
Պարոն Մելիքյանը նշեց, որ խնդիրների մյուս մասը վերաբերում էր գյուղատնտեսությանը. «Հայտարարվեց, որ Վրաստանում բնակվող ադրբեջանցիների եւ հայերի մի մասը զբաղվում է հողագործությամբ, սակայն հողը մշալելու հետ կապված տեխնիկական խնդիրներ կան: Հայկական համայնքի կողմից հարց բարձրացվեց, որ հայերը քիչ են ներկայացված պետական կառավարման համակարգում: Իսկ «Վրացական երազանքի» ղեկավարն ասաց, որ պետական կառավարման ընտրական համակարգը պետք է փոխվի, որովհետեւ այն չի ապահովում շրջանների բնակչության ներկայացուցչությունը ԱԺ-ում»:
Ջոնի Մելիքյանի խոսքով. «Քննարկմանը ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդը եւ Վահագն Չախալյանը: Վերջինիս շատ վրացիներ դեմքով չգիտեին:«Վրացական երազանքի» առաջնորդը ելույթի ընթացքում քննադատեց նախկին ռեժիմը եւ ասաց, որ իրենց վախեցնում էին Չախալյանով, սակայն նա ներկա է եւ իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում»:
Կարդացեք նաև
Վրացագետը նաեւ կարծիք հայտնեց, որ Կարս-Թբիլիսի-Ախալքալաք երկաթգիծը ի վերջո կշահագործվի. «Իվանիշվիլին դեմ չէ դրան»:
Անդրադառնալով Սաակաշվիլու` վերջերս Ադրբեջան կատարած այցին, բանախոսն ասաց. «Դա նրա «հրաժեշտի այցն» էր, որովհետեւ իր կուսակցության վարկանիշն ընկել է: Հավանաբար, նմանատիպ այց կլինի նաեւ Թուրքիա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ